Կյանքում միշտ էլ լինում են դեպքեր, երբ ինչ որ բանի կամ պահի համար ափսոսանք ու ցավ ենք ապրում։ Երբեմն այնքան ենք ամաչում, որ ցանկանում ենք առհավետ ջնջել մեր հիշողությունից այդ դեպքի հետ կապված բոլոր հիշողությունները, բայց հաջորդ պահին հասկանում ենք, որ այն կարող է մեզ համար օրինակ լինել հետագայում նման քայլերից խուսափելու համար։
-Ես (հերոսի անունը նշված չէ ) շատ երկար ժամանակ ծանր ապրումներ էի ունենում, երբ հիշում էի իմ կյանքում կատարված այս դեպքը, հիմա ցանկացա խոսել, որովհետև վստահ եմ, որ հաղթահարել եմ այդ ցավը։ 21 տարեկան էի, երբ առաջին անգամ սիրահարվեցի, բայց ինչպես հետո պարզվեց այդ սերը դատապարտված էր ձախողման և երբեք էլ Աստծո կողմից օրհնված չէր լինելու։ Ամիսներ էին անցնում, իմ սերը ավելի էր խորանում, իսկ նա շարունակ պնդում էր, որ պաշտում է ինձ, առանց ինձ չի կարող ապրել՝ խոսքեր, որոնք այդպես էլ արժեք չունեցան։ Կյանքիս ամենաուրախ օրը՝ ծննդյանս տարեդարձին, ես շատ պատահական իմացա, որ այն տղամարդը, ում ես իմն եմ համարել, իրականում, ամուսնացած է և շատ վաղուց ուրիշինն է։ Այդ օրվանից կյանքս կորցրեց իր բոլոր գույները, ցավը և ամոթի զգացումը ինձ խեղդում էին։ Շաբաթներ, ամիսներ էին անցնում, բայց իմ հոգում եղած ցավը չէր պակասում, հոգիս չէր խաղաղվում, հատկապես, երբ նրան հանդիպում էի փողոցում. ես հուսահատության ճահճում էի հայտնվել, որտեղից դուրս գալ չէի կարողանում։
Այդ պատմության ողջ ընթացքում ես Աստծուց մի բան էի խնդրում՝ ինձ այնքան կամքի ուժ տա, որ կարողանամ նորից ապրել, ջնջել կյանքիս այս ցավալի և ամոթալի էջը։
Խելագարությունից խուսափելու համար՝ ես որոշեցի մի որոշ ժամանակով հեռանալ երկրից՝ նրան չտեսնելու և մոռանալու համար։ Ամիսներ անց նորից իմ սիրելի Երևանում եմ՝ ամբողջովին վերածնված ու ամեն բան անցյալում թողած։ Բայց խնդիրը լուծվեց, երբ կարողացա ինքս ինձ հետ հանդիպել ու հասկացա, որ այդ հանդիպմանը ներկա է նաև Աստված: Զարմանալի է, այս դեպքում Աստված երրորդ կողմ չէր, այլ հավասարապես կար իմ այն տեսակի մեջ ինչպիսին ես կայի, և այն տեսակի՝ ինչպիսին կարող էի լինել: Ես հիմա հավատում եմ, երբ Աստծուն ամբողջ հոգով ու սրտով մի բան ես խնդրում Նա հաստատ այն կատարում է և ոչ մի դեպքում միայնակ չի թողնում՝ անկախ մեղքի ծանրությունից։ Ավելին, Աստված ոչ միայն կատարում է մեր խնդրանքները, այլ մեզ հետ միասին անցնում մեր բոլոր փորձություններով՝ դրանք համարելով նաև Իրենը:
Եվ մի շատ կարևոր բան, որ բացահայտեցի ինքս ինձ համար. երբ ես ինձ սիրեցի, ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր ինձ՝ իրերից, իրավիճակներից, արարքներից ու սովորություններից, այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց։ Այսօր ես դա կոչում եմ «սեր ինքս իմ նկատմամբ»: Խոսքը ինքնասիրահարվածության մասին չէ: Սա այն է, երբ մարդ ինքն իր մեջ սիրում է Աստծո պատկերը, իր այն տեսակը, ինչպիսին կարող է լինել և հավատում, որ Աստված քեզ միշտ ընդունում է այնպիսին, ինչպիսին կաս:
Մարիետտա Խաչատրյան