Սնահավատություն բառն ինքնին ամեն ինչ ասում է՝ հավատալ սին, փուչ երևույթների: Ճիշտ է, Աստվածաշնչում ասվում է՝ «Առանց հավատքի անհնար է հաճելի լինել Աստծուն» (Եբրայեցիներ 11.6), սակայն այստեղ առանցքային է ոչ թե զուտ «հավատք» բառը, այլ այն, թե ինչին ես հավատում: Սնահավատ մարդը հավատում է ոչ թե Աստծուն, այլ տարատեսակ նշաններին և երևույթներին: Իսկ երբ երևույթներին տրվում է ավելի մեծ իմաստ և նշանակություն, քան Աստծո խոսքին, ապա դրանք, վերջիվերջո, սկսում են իշխել մարդուն:
Երբ երեխայի մոտ ի հայտ են գալիս խնդիրներ՝ ծնողները մտածում են, որ սնոտիապաշտական քայլերի դիմելով՝ կկարողանան լուծել խնդիրը, իրականում կարևոր խորհուրդը թողած, մարդիկ իրենց հույսը կապում են սնոտիապաշտական սովորությունների հետ, ինչը ոչ արդար մոտեցում է Աստծո նկատմամբ: Սա նման է նրան, երբ մենք հույսներս կտրում ենք Աստծուց և ընկնում հակաքրիստոնեական սովորույթների հետևից:
Ժողովրդի մեջ կա սխալ արմատացած մի սովորություն, երբ երեխան չի խոսում, մարդիկ մտածում են, եթե երեխային բերեն եկեղեցի և եկեղեցու բանալին պտտեցնեն երեխայի բերանի մեջ, ապա այդ կերպ երեխայի լեզուն կբացվի: «Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով» (Կորնթացիներ 18:12):
Եթե երեխայի մոտ, իրապես, նկատվում են խոսքի խնդիրներ և դրանք կապված չեն լինում հիվանդության հետ, ապա առաջին պայմանը երեխային մկրտելն է, իսկ եթե երեխան մկրտված է, նման դեպքերում եկեղեցին կատարում է բժշկության կարգ. սա ամենաուղիղ և ճշմարիտ ճանապարհն է: Մկրտության միջոցով մենք մանուկներին հնարավորություն ենք տալիս ապրելու հոգևոր կյանքով և վայելելու եկեղեցական խորհուրդներն իրենց ներգործուն զորությամբ, ինչպես նաև ընդունելու աստվածային շնորհները։
Ճշմարիտ հավատը հույս է ծնում, իսկ սնահավատությունը՝ վախ: Այս դեպքում մարդ շղթայվում է իր արարքների մեջ, սկսում է առաջնորդվել ոչ թե Աստծո պատվիրաններով, այլ փուչ երևույթներով:
Մարիետտա Խաչատրյան