Երկնքի բանալին. ներելու երանությունը

Երկնքի բանալին. ներելու երանությունը

Մեր կյանքում կան երևույթներ, որոնք բանտում են մեզ, զրկում ճախրանքի հնարավորությունից, դառնում են կուրության ու փոքրոգության պատճառ: Մենք բոլորս սրա մեջ ենք ապրում, և յուրաքանչյուրս մեր կերպ տանում ենք այս ամենի ծանրությունը: Բոլորս ունենք մեր ցավերն ու վերքերը, հիասթափություններն ու նեղսրտության առիթները: Ավելի հաճախ էլ տարիներով կրում ենք վիրավորանքի բեռը: Ու չենք կարողանում մտաբերել՝ երբ ենք վերջին անգամ լիաթոք շնչել, զգացել կյանքն իր բոլոր շքեղ գույներով, երբ ենք լիարժեք վստահել մեկին, ներս թողել մեկին: Մենք փակվում ենք, և երկինքը նույնպես փակվում է մեզ համար: Ո՞րն է երկնքի բանալին, կա՞ մի բան, որն ունակ է մեզ վերադարձնելու սրտի խաղաղությունը, ապաքինելու մեր ցավերը, նորոգելու մեր միտքը:


Իմ հարցազրույցների ժամանակ ես մարդկանց հարցնում եմ՝ ինչն է պտտում Երկիր մոլորակը: Բնականաբար՝ ոչ ուղիղ իմաստով: Հնչում են ամենատարբեր պատասխանները: Ամենից հաճախ՝ սերը: Եթե հարցն ինքս ինձ տայի, ապա կասեի՝ Երկիր մոլորակը պտտում է ներողամտությունը: Աստծո ներողամտությունը, հողի, երկնքի, օդի, ծառերի, թռչունների ու ծովի կենդանիների ներողամտությունը: Թե չլիներ այդ անվերջ ներողամտությունը, որն անընդհատ հուսում է դեպի մեզ, մոլորակն ավերված կլիներ, և մենք նույնպես գոյություն չէինք ունենա: Մեր սայթաքումներն ու սխալներն անվերջ են: Մարդիկ անընդհատ խոցում են իրար: Մարդիկ շահագործում են ամեն ինչ՝ մեծ վնաս հասցնելով բնությանը, աշխարհին:
Ամեն օր մաղձի, չարության ու թույնի մի նոր չափաբաժին ենք արտանետում, որը վնասում է նախ մեզ, ապա մեզ շրջապատողներին: Բայց մոլորակը շարունակում է պտտվել ու մեզ նոր օր բերել: Եվ ամեն նոր օր իր հետ երկնքի բանալին է բերում: Ներողամտությունն է երկնքի բանալին: Ներելով մեզ ու մեր հանդեպ գործած սխալները՝ մենք կարողանում ենք բացել մեր առաջ փակվածը: Ի՞նչ է ներողամտությունը: Եթե հենց բառին հարցնենք, այն, հավանաբար, կասի՝ ներելու ունակ միտք ունենալ, ներողի մտքով շարժվել: Ներելը ներս տանելն է: Երբ մենք մեր հանդեպ արված սխալը, վատ վարմունքը տանում ենք մեր ներս, հասկանում ենք եղածի բնույթը, հասկանում ենք, որ մենք ինքներս էլ անսխալական չենք և բոլորովին ունակ նույնը գործելու, մենք ներում ենք: Այսպես մենք ժպտում ենք մեր ներսում ապրող Աստծուն:
Եվ Նա փոխադարձաբար ժպտում է մեզ:
 

Հաճախ կարծում ենք, որ մեր ներողամտությունը միայն նրանց համար է, ովքեր ինչ-որ կերպ արժանացել են դրան: Բայց եթե մեկը արժանացել է ներողամտությանը, ապա մենք մեր կողմից անելու ոչինչ չունենք: Մեր ներողամտությունը կենդանի է միայն այն ժամանակ, երբ դրան արժանի լինելու համար որևէ քայլ արված չէ, բայց մենք մեր ներսում ուժ և իմաստություն ենք գտնում ներելու: Ներելն աստվածային ունակություն է, և երբ մեկը մեր հանդեպ մեղանչում է, մենք հնարավորություն ենք ստանում ճաշակելու մի բան, որն աստվածային սկիզբ ունի: Այսպես մենք ճաշակում ենք ներելու երանությունը, այսպես երկինքը բացվում է մեր առաջ:
 

Իհարկե, ներելը ամենահեշտ գործը չէ, համենայն դեպս, շատ մարդիկ այդպես են կարծում: Մանավանդ, երբ չափից դուրս խորն են խոցվել, չափից դուրս շատ են ցավ զգացել: Բայց չկա մի բան, որ Աստված պատվիրած լինի մարդուն և տված չլինի դա անելու բոլոր գործիքները: Քրիստոսի միջոցով Աստված մեզ հայտնում է, որ մեր հանդեպ մեղանչած եղբորը ոչ թե պիտի ընդամենը մեկ կամ յոթ անգամ ներենք, այլ՝ յոթանասուն անգամ յոթ: Սա նշանակում է անվերջ: Որովհետև ներողամտությունը հոսք է, այն երբեք կանգ չի առնում:  Այն սկիզբ է առնում Աստծո երկինքներից ու հոսում է ցած. այն հոսում է ինչպես արյուն ու կենդանացնում-վերակենդանացնում է ամենը, լվանում է յուրաքանչյուրիս մեղքն ու սխալները, օգնում է ընկած տեղից վեր կենալ, սրբում է հոգում առկա ամեն անմաքուրը:
 

Այսպես է Աստված ամեն օր բացում  երկնքի դռներն ու Իր սերն առաքում մեզ:
 

Ա. Պողոսյան

  • 2021-07-08
×