Որովհետև Աստված հույս է

Որովհետև Աստված հույս է

Մենք բոլորս միևնույն նյութից ենք արարվել: Բոլորս նույն ցավն ենք զգում սայթաքելիս, վիրավորվելիս, կորուստ ունենալիս, հուսահատվելիս: Մեր կարիքները նույնն են, չնայած մեզ թվում է, թե մենք յուրահատուկ ենք մեր ձգտումներում: Բոլորս էլ երբեմն տեսնում ենք՝ ինչպես է անապատանում մեր կյանքը, ինչպես ենք թուլանում, ինչպես է ամենը դառնում անիմաստ, դատարկ, անլույս: Քեզ լքում է ինչ-որ բան անելու ցանկությունը: Դու հուսալքված ես: Կորուստներդ այնքան շատ են, որ ծածկում են հորիզոնդ: Ցավից ես արթնանում, ցավով էլ փակում ես աչքերդ: Դու վերջին ճիգերն ես գործադրում փակուղուց դուրս գալու, նորից կյանքը զգալու, նորից ապրելու համար, բայց ավելի շատ ես մոլորվում: Ուզածդ մի բաժակ ջուր է, մի բաժակ հույս… Ես հաղորդակից եմ ծարավիդ, որովհետև ինքս նույնն ապրել եմ: Անհաշիվ անգամներ զգացել եմ այն, ինչ դու ես զգում հիմա: Եվ այն ժամանակ, երբ կարծել եմ, որ այլևս ոչ ոք և ոչինչ չի կարող ինձ կյանք ներշնչել, հենց այդ ժամանակ լսել եմ հրեշտակների ձայները մարդկանց շուրթերից, երկնքի թռչունների երգով, քամու շրշյունով, պատահմամբ կարդացածս մի քանի տողով: Ինձ փրկել են և հասկացրել, որ այս աշխարհում չկա մի մարդ, ով չանցնի այս ճանապարհով, և բոլորին անխտիր օգնություն է անհրաժեշտ: Բոլորը կարիք ունեն մի բաժակ ջրի և մի բաժակ հույսի: Այսօր ես եմ քեզ ջուր և հույս հասցնողը, վաղը դու պիտի անես նույնը մեկ ուրիշի համար: Այսպես են ապաքինվում աշխարհի վերքերը, այսպես է երկիրը շարունակում պտտվել: Մարդուն մարդ է անհրաժեշտ, որ Աստծուն գտնի: Եվ Աստված հույս է… Կենարար և առողջացնող հույս, որը շողարձակում է ամենամութ պահին: Աստված Ինքն է գտնում մարդուն, և դա անելու Նրա ուղիները տարբեր են: Երբեմն ուղին հենց մենք ենք, մենք են հույս ներշնչողը, Աստված մեր ձեռքերով է մեկ այլ մարդու հեռացնում անդունդի եզրից, նստեցնում նրան գետի ափին, խաղաղեցնում և ծաղիկներ նվիրում նրան: Այսպես մարդը վեր է կենում՝ պատրաստ շարունակելու իր ճանապարհը՝ կարևոր փորձառությամբ հարստացած:
 

Հուսահատությունը մահացու մեղք է: Ինչու՞… որովհետև հուսահատվելիս մարդը կորցնում է Աստծո հետ կապը, իսկ այդպիսի մարդը պատրաստ է ավելի խորը ընկղմվել ճահճի մեջ: Այդ է պատճառը, որ նույնիսկ ամենախորը ցավի, հիասթափության ու կորստի, վերքերի մեջ պիտի հիշենք, որ Աստված ներկա է, Նա հաղորդակից է մեր ապրումներին և ընտրում է մեզ օգնելու ուղին:
 

Մեզանում մեծ տարածում գտած մի միտք կա՝ հույսը վերջինն է մեռնում: Հույսը ոչ միայն վերջինը չի մեռնում, այլ ընդհանրապես չի ոչնչանում: Մենք ենք երբեմն դադարում այն տեսնելուց, բայց բավարար համբերատար լինելու դեպքում մենք կարող ենք տեսնել նրա ներկայությունն ու շողարձակումը մեր կողքին, մեր մեջ: Որովհետև Աստված հույս է, և Նա ամենուր է:

 

Պատրաստեց Անժելա Պողոսյանը

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-08-09
×