Դեռևս հնուց մարդիկ մտածում էին, որ ցանկացած հիվանդության կամ դժբախտության ետևում Աստված է կանգնած։
Այս համոզմունքը, թերևս, այսօր էլ շատերի մոտ դեռ պահպանվում է։ Պատճառը, միգուցե, սեփական սխալներից դասեր չքաղելու հետևանքն է, հետևաբար ամեն ինչ Աստծո վրա բարդելը հեշտացնում է կատարած քայլերի արդարացումը։
«Եթե մարդ որևէ հիվանդությամբ է տառապում, ապա դրա պատճառը կա՛մ նրա գործած մեղքն է, կա՛մ նրա հարազատներից մեկի». սա այն միտքն է, որով մարդիկ հաճախ առաջնորդվում են։
Եթե հիվանդություններն ու տառապանքը Աստծո տված պատիժն են մարդուն, ապա ստացվում է, որ նրա Որդի Հիսուս դեմ էր գնում իր Հորը՝ բուժելով հիվանդներին և տկարներին։
Բայց մի՞թե Հիսուս կբուժեր մարդկանց, եթե այդ հիվանդությունները Աստծուց տված պատիժ լինեին նրանց կատարած մեղքերի համար։
Հակոբոս առաքյալն իր նամակում պատգամում է. «Փորձության մեջ եղող որևէ մեկը թող չասի, որ Աստված է փորձում իրեն, որովհետև Աստված մասնակից չէ այն փորձություններին, որոնք չարից են գալիս, ոչ էլ Ինքն է փորձության ենթարկում մարդկանց»: Առաքյալը խոսում է փորձությունների մասին առանց մատնանշելու աղբյուրը, հետո կոնկրետ մատնացույց է անում աղբյուրը` հաշվի առնելով մարդու տկարությունը, որ մարդը միշտ արդարացնում է իր սխալները, մեղքը գցելով Աստծո վրա: Այսինքն առաջնային կարևորություն ունի փորձության հաղթահարումը, ոչ թե աղբյուրը:
Ինչպես Աստվածաշնչում է ասվում «Աստված սեր է»: Աստծո սերը իր մեջ կրողը, երկինքն է կրում իր մեջ: Մարդկային սերը ունի իր չափն ու սահմանը, իսկ աստվածային սերը երբեք չի դադարում, այն կարծես մի օվկիանոս է՝ անսկիզբ ու անսահման: Աստծո սերը վայելում են բոլորը. «Նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա» (Մատթեոս 5.45):
Մարիետտա Խաչատրյան