Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օր

Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օր

Ամեն դժբախտ փորձ կամ պատիժ իր խրատիչ կողմն ունի, և որքան մեծ է դժբախտությունը կամ ծանր պատիժը, նույնքան ավելի մեծ լրջություն է պահանվջում տրված խրատի նշանակությունն ըմբռնելու, դասեր քաղելու, սխալը գիտակցելու և այն ուղղելու համար:  
 
301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած հայոց Տրդատ Գ թագավորը իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես կարելի է սխալվել, կրել պատիժն ու գտնել ճիշտ ճանապարհը:
 
Հայ ժողովրդի և քրիստոնեության պատմության ամենանշանակալի իրադարձությունը հեշտ չտրվեց: 301 թվականին Հայոց ազգը եղավ աշխարհում առաջինը, ով դեմ գնաց ժամանակի թելադրանքին, հավատալիքներին և կանոններին ու հռչակեց իրեն քրիստոնյա ազգ: Այդ գործում առաջնակարգ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը, Աշխեն թագուհին և թագավորի քույր Խոսրովիդուխտ կույսը:
 
Տրդատը Հայոց Խոսրով Մեծ թագավորի որդին էր: 5-րդ դարի հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին` Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ չաստվածուհու մեհյանին։ Իր զինակիցներից Գրիգորը, քրիստոնյա լինելով, հրաժարվում է զոհ մատուցել։ Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաեւ, որ նա իր հոր` Խոսրով Բ-ին սպանող Անակ իշխանի որդին է։ Թե մեկ և թե մյուս «հանցանքների» համար Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը, որ սահմանված էր մահապարտների համար։ Նույն թվականին Տրդատը երկու հրովարտակ է արձակում, առաջինով հրամայելով Հայաստանի մեջ գտնվող քրիստոնյաների ոտքերը, ձեռքերն ու պարանոցը կապած արքունիք բերել և նրանց ունեցվածքը բռնագրավել, իսկ երկրորդով մահապատիժ է սահմանում քրիստոնյաներին թաքցնողների համար։ Այս հրովարտակները ցույց են տալիս, թե որքան մեծ վտանգ էր համարվում քրիստոնեությունը պետության և հեթանոսության համար։
 
Ազգային ավանդությունը Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու երևույթը սերտորեն կապում է Ս. Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ։ Ըստ այդ ավանդության սրանք հռոմայեցի կույսեր էին, որ փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից գալիս են Արևելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին և ապա Եդեսիայի վրայով անցնում Հայաստան ու հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ` հնձաններում։ Տրդատը, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությունից, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով, հրամայում է բոլոր կույսերին նահատակել։ Հռիփսիմեն 32 ընկերուհիներով նահատակվում է քաղաքի հյուսիս-արևելյան կողմում, կույսերի առաջնորդ Գայանեն, երկու ընկերուհիներով` հարավային կողմում, իսկ մեկը, որ հիվանդ էր` հնձանում։
 
Կույսերի և հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում թագավորին, որ ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Թագավորի քույր Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։
 
 Վերջինս, ազատվելով բանտարկությունից, հանդիսավորապես ընդունվում է Վաղարշապատում, նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Թագավորը եւ ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում, քրիստոնեությունն էլ հռչակելով պետական կրոն։
 
Համաշխարհային քաղաքակրթության մեջ նոր ժամանակաշրջան սկսվեց, երբ ճգնաժամ ապրող հեթանոսական կրոնին ու բազմաթիվ կուռքերի պաշտամունքին փոխարինելու եկավ նոր, միաստվածային կրոնը` քրիստոնեությունը: 
 
Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ, մյուս բոլոր երկրներում դաժան հալածանքների ենթարկվող քրիստոնեությունը ճանաչվեց պետական կրոն: Դա կատարվեց մի շրջանում, երբ մեր երկու հարևան գերտերությունները` Պարսկաստանը և Հռոմը թշնամաբար էին տրամադրված նոր կրոնի նկատմամբ: Հայաստանը պետք է բավական հզոր և ինքնուրույն լիներ, որպեսզի կարողանար դեմ գնար նրանց և կատարեր հոգևոր-մշակութային հեղափոխություն:
 
Հաճախ քրիստոնեությունը դիտարկում են որպես չպայքարող, հնազանդություն քարոզող կրոն, իսկ քրիստոնյաներին, որպես թույլ և չպայքարող մարդիկ, սակայն որքան արիություն և հավատքի մեջ վստահություն է պետք ունենալ, որպեսզի դուրս գալ ամբողջ հեթանոս աշխարհի դեմ:
 
Հայ ժողովուրդը Տրդատ թագավորի գլխավորությամբ առաջինն ընկալեց և ընդունեց նոր վարդապետության առաջադիմական գաղափարները, հրաժարվեց հեթանոսական հնացած հավատալիքներից և քրիստոնեական հավատքի հիմքերի վրա ստեղծեց նոր և առաջադեմ մշակույթ, փորձեց հենվել բարոյականության նոր` հումանիստական սկզբունքների վրա:
 
«Հայոց դարձի պատմության մեջ, ինչքան գործ և երախտիք է վերագրվում Գրիգորին, նույն չափն էլ պիտի տալ Տրդատին, որովհետև ճշմարտապես և իրավացիորեն առաքելակից և լուսավորչակից եղավ Հայաստանի համար: Տրդատն իր նախանձահույզ և եռանդուն բնավորությամբ, որքանով որ բուռն և սաստիկ էր քրիստոնեության դեմ հալածանքներ մղելու ժամանակ, նույն չափով և դեռևս առավել եղավ կռապաշտության դեմ վարած հալածանքներով: Նա ոչ միայն ճշմարիտ քրիստոնյայի, անկեղծ ապաշխարողի և գրեթե ճգնավորի կյանք որդեգրեց իր համար՝ «որպեսզի չհիշվեն տգիտության ժամանակ կատարված մեղքերը, որոնք հեթանոսության ժամանակ գործվեցին» (Ագթ.), այլ տքնեց, որ նորահավատ հայերի՝ թե՛ մեծամեծերի և թե՛ ռամիկ բազմության ոչ միայն կրոնը և դավանանքը փոխված լինեն, այլ «որպիսի բոլորի հավատքը գործերով վկայվեն» (Խորենացի):
  • 2021-08-09
×