Ս. Աստվածածնի տուփի գյուտը Տիրամորը նվիրված Հայ առաքելական եկեղեցու յոթ տոներից է: Աստվածածնի մասունքները կենդանի վկայությունն են Աստծո սիրով և ողորմությամբ իրական դարձած մեր փրկության: Սա է պատճառը, որ Տիրամոր մասունքներն առավել երկյուղածությամբ և հարգանքով են պահվել քրիստոնյա համայնքներում:
Ի դեմս այդ մասունքների, բոլոր ժամանակներում, հավատացյալ քրիստոնյաները փնտրել են աստվածային շնորհներին հաղորդակից լինելու իրենց հնարավորությունը: Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը տեղի է ունեցել 5-րդ դարում: Ըստ ավանդության, երկու հույն իշխանազուն եղբայրներ, Երուսաղեմ ուխտի գնալով, լսում են, որ Գալիլիայում մի հրեա կնոջ տանը հրաշքներ են կատարվում: Հետաքրքրվելով, մտնում են տուն և տեսնում մի տուփ, որի մեջ պահվում է Աստվածածնի գլխանոցը:
Հասնելով Երուսաղեմ՝ պատրաստել են տալիս ճիշտ նույն տուփի մի ուրիշ օրինակ և վերադարձին կրկին մտնելով հրեա կնոջ տուն, աննկատ փոխում են տուփերը և իսկականը տանում Կ. Պոլիս ու պատվով այն զետեղում են Կ. Պոլսի Ս. Աստվածածին եկեղեցում: «Եդեմ շնչավոր, Աստծուց մեծարված, երկնավոր արքայուհի, մարմնատեսիլ քերովբե...», այսպես է Նարեկացին դիմում Աստվածածնին: Այս բառերը թերևս ամենալավն են բնորոշում Աստվածամոր ապրած կյանքն ու վարքը:
Եդեմ շնչավոր, Աստծուց մեծարված
Տասնհինգ-տասնվեց տարեկան աղջիկը, իր մաքրակենցաղության համար՝ Աստծուց շնորհ առավ և իր որովայնում կրեց Որդի Աստծուն, ով խոստացված հավիտենական կյանքի ճանապարհն էր, այն ճանապարհը, որ տանում է եդեմ:
Մարմնատեսիլ քերովբե, երկնավոր արքայուհի
Սուրբ գիրքն ասում է, որ Աստված սրբերի մեջ է բնակվում` ոչ միայն սուրբ վայրերում, այլ մաքուր սրտում և մաքուր մտքում:
Աստվածամայրը իր մաքուր սրտի ու մտքի համար աշխարհում մնաց, որպես մարմնավոր հրեշտակ ու երկնքի արքայուհի, հավերժ բարեխոս: Աստվածամայրը աշխարհում բուրեց, որպես անուշահոտ կնդրուկ, ուստի Աստվածամոր կերպարը՝ որպես քրիստոնյայի կատարյալ օրինակ կրենք մեր մեջ՝ ձգտելով լինել խոնարհ, քաջ, համբերատար ու աստվածապաշտ, ինչպիսին եղավ Մարիամ Աստվածածինը:
Զառա Ղազարյան