Տոն Պայծառակերպության

Տոն Պայծառակերպության

Հիսուս Իր քարոզության երրորդ տարվա ընթացքում աշակերտներից Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ բարձրացավ Թաբոր լեռը, նրանց հետ աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս պայծառակերպվեց: 
Ավետարանն ասում է, թե նրա դեմքը փայլեց արեգակի նման, նրա հագուստները ձյունի նման սպիտակեցին և լուսավորվեցին: Աշակերտները զմայլված այդ լույսի հեղեղի առջև՝ ընկան գետին, չկարողանալով լույսի պայծառությամբ պարուրված իրենց Վարդապետի դեմքին նայել: 
 
Հիսուս, վերադարձի ճանապարհին, հանձնարարեց Իր աշակերտներին, որ ոչ ոքի չհայտնեն այդ հրաշալի դեպքի մասին: Այլակերպությունը Հիսուսի աստվածային փառքի բացահայտումն է. այդ օրը աշակերտները տեսան Նրա փառքը:
 
Պայծառակերպությունը կամ Այլակերպությունը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Նշվում է Զատիկին հաջորդող 14-րդ կամ Հոգեգալստյան տոնին հաջորդող 7-րդ կիրակի օրը, որն այս տարի տոնում ենք հուլիսի 8-ին: Տոնը հայտնի է դեռևս 4-րդ դարից: 
Քրիստոսի կյանքի ընթացքում Իրեն հետևած և Թաբոր լեռան վրա Հիսուսին որպես Աստծո Որդի ճանաչած աշակերտները պայծառացան հավատքի լույսով և հիմնեցին քրիստոնեական, առաքելական Եկեղեցին: Այդ եկեղեցու անդամներ դառնում են նրանք, ովքեր հավատում են, տեսնում են աստվածային լույսն ու ամեն իրավիճակում ճանաչում Քրիստոսին: 
 
Քրիստոս եկավ, որ փրկի մարդուն իր սեփական մեղքից և լուսավորի նրա ճանապարհը դեպի Հայր Աստված: Պայծառակերպությամբ Քրիստոս հայտնեց իր աստվածային սկիզբը և տնօրինեց, որ առաքյալներից ոմանք ականատես լինեն Իր Աստվածային փառքին, որպեսզի իր մահից հետո հավատան նաև Իր հարությանը:
 
Քրիստոս, որ մարմնացել էր Ադամի բնությամբ, պայծառակերպությամբ ցույց տվեց աստվածային փառքը և այն լուսեղեն զգեստը, որն ուներ Ադամը դրախտում, և որն Աստված վերցրել էր նրանից մեղանչումից հետո: Սա եղավ հավաստումն այն խոսքի, թե «…արդարները Երկնքի արքայության մեջ կծագեն, ինչպես արեգակը» (Մատթ. 13:43): 
Քրիստոս պայծառակերպվեց, որպեսզի ցույց տա արդարների փառավոր կերպարանքը, որն Իր նմանությամբ է լինելու: Որպեսզի խաչի վրա իրեն խաչված տեսնելով՝ առաքյալները չերկմտեն և ճանաչեն Դատաստանի օրը: 
 
Հիսուս Իր աշակերտներին ցույց տվեց Իր ուժը՝ մինչև տառապանքները, անմահությունը՝ մինչև մահը, պատիվը՝ մինչ անպատվությունը: Նրանից ճառագայթող հոգևոր լույսը պետք է մխիթարեր զորացներ աշակերտներին և հետագայում բոլոր քրիստոնյաներին խաչելությունից հետո, մինչ Երկրորդ գալուստ: Այս օրը տխրությունը վերափոխվում է ուրախության, վիշտը՝ մխիթարության: 
 
Պայծառակերպության ժողովրդական համարժեքը Վարդավառն է: Վարդավառի ժողովրդական ծիսահամալիրի կենտրոնում գլխավորը ջուրն էր, ինչպես նաև մատաղը, աղավնին և խնձորը: Տոնին միմյանց վրա ջուր են ցողում, վարդեր նվիրում և աղավնիներ բաց թողնում, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչը Աստվածորդու փառքի երևման առիթով մեծ ուրախության արտահայտությունն է:
  • 2021-08-09
×