Աստվածաշնչի մարդիկ: Ս. նախահայրերի հիշատակի օր

Աստվածաշնչի մարդիկ: Ս. նախահայրերի հիշատակի օր

Սկիզբը…
 

Շատերին է հետաքրքիր, թե ո՞րն էր մարդկային ցեղի ստեղծման սկիզբը, ովքե՞ր էին առաջին մարդիկ:
 

Առաջին տղամարդն ու կինը եղան Ադամն ու Եվան՝ ստեղծված Աստծո պատկերով:  Աստված նրանց ասել էր, որ աճեն, բազմանան և տիրեն աշխարհին: Ճիշտ է, նախահայր Ադամի անունը հիշատակվում է որպես Աստծո դեմ ընբոստացած մարդու անուն, սակայն որպես մարդկային ցեղի սկիզբ Ադամը և նրա արարքները կարևորագույն դերակատարություն ունեն:
 

Նախահայրերը Հին Կտակարանի այն անձերն են, որոնց համար Հին Ուխտի Յոթանասնից թարգմանության մեջ գործածվում է «պատրիարք» բառը, որն օգտագործվում էր կրոնական և աշխարհիկ առաջնորդների համար: Նախահայր բառի համարժեքն է նահապետը: Աստվածաշունչ մատյանում ներկայացված է նահապետների երկու ցուցակ: Առաջինը (Ծննդ. 4:17-18) սկսվում է Կայենով` հասնելով մինչև Մաթուսաղա և Ղամեք, իսկ մյուսը (Ծննդ. 5:30-31) սկսվում է Սեթով և վերջանում  կրկին Ղամեքով:
 

Ադամը մարդկության առաջին հայրն է՝ նախահայրը: Քրիստոնեական եկեղեցին սրբերի շարքին է դասել նաև նրան՝ հաստատելով այն ճշմարտությունը, որ Քրիստոսի փրկչական արյունը թափվել է բոլոր ադամորդիների համար՝ սկսած նրանց նախահորից, և որ Ադամի փրկությամբ վերանում է ադամական անեծքը բոլոր նրանցից, ովքեր ապաշխարելով հավատում ու մկրտվում են՝ դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ:
 

Սկիզբը եղավ Ադամը:  Այնուհետև, Նոր Կտակարանում Պետրոսը նախահայր է անվանում Դավթին (Գործ. 2.29): Ստեփանոսը նահապետ է կոչում Հակոբի տասներկու որդիներին (Գործ. 7.8, 9): Նահապետ ասելով, սակայն, առաջին հերթին հասկացվում են Աբրահամը, Իսահակը և Հակոբը:
 

Աբրամը, որի անունն Աստված հետագայում փոխեց  Աբրահամի (հայր բազմության), հովիվ էր: Նա այն քչերից էր, ովքեր կարողացել էին անաղարտ պահել իրենց հավատը ճշմարիտ Աստծո հանդեպ: Մի օր նա հրաման ստացավ Տիրոջից թողնել իր հայրական տունը և գնալ իրեն անհայտ մի երկիր:
 

«Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, և դու օրհնյալ կլինես»,- ասաց Տերը (Ծն. 12.2): Եվ Աբրամը հավատաց Աստծուն. հնազանդվելով Նրա կանչին՝ ուղևորվեց դեպի Քանանի երկիրը՝ Պաղեստին: Երբ Աբրամն արդեն 99 տարեկան էր, տեսիլքով վերստին հաստատվեց Աստծո ուխտը նրա հետ: «Ես կօրհնեմ Սառային, նրանից մի որդի կտամ քեզ ու կօրհնեմ նրան, և նրանից ժողովուրդներ կլինեն»,- խոստացավ Տերը (Ծն. 17.16):
 

Աբրահամը եղավ մեկնակետը Աստծու ժողովրդի համար: Նա շատերի հայր կոչվեց և Աստծո բարեկամ: Նա եղավ Տիրոջը անվերապահորեն վստահող հավատացյալը և 175 տարի ապրելով՝ այդ հավատը փոխանցեց իր սերունդներին: Նա օրինակ եղավ բոլոր սերունդների համար և ովքեր հետևեցին նրա ուխտին, պարտավորվեցին հավատարիմ մնալ Աստծուն: Եվ Աստված խոստացավ, որ նրանց միջոցով փրկելու է երկրի բոլոր ժողովուրդներին:
 

Աբրահամը 100 տարեկանում որդի ունեցավ: Երեխայի անունը դրեցին Իսահակ: Իսահակն ապրեց 180 տարի՝ հավատարիմ մնալով իր հոր միջոցով ստացած ուխտին: Նա ունեցավ երկու որդի՝ Հակոբ և Եսավ անուններով:
 

Աբրահամ նահապետից սկիզբ առավ ճշմարիտ հավատը, որն աստիճանաբար աճեց ու զորացավ մյուս սերունդների մեջ:
 

Սուրբ նախահայրեր են համարվում Աբելը, Սեթը, Ենովսը, Ենովքը, Նոյը, Մելքիսեդեկը, Հովսեփը, Մովսեսը, Ահարոնը, Եղիազարը, Հեսուն, Սամվելը, Սամսոնը, Հեփթայեն, Բարակը, Գեդեոնը և այք, որոնց հիշատակության տոնը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հուլիսի 19-ին:
 

Նահապետները կարևոր նշանակություն ունեն հայտնության պատմության մեջ: Տերն Իրեն հայտնի դարձրեց նահապետներին, նրանց հայտնվելով իրական կյանքում և տեսիքներում:
 

Այսօր յուրաքնչյուր մարդ, ինքնորոշվում է իր ազգանվամբ: Բոլորիս հետաքրքրում է այն հարցը, թե ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում: Մեզ ճանաչում են ազգի միջոցով և մենք մեզ գտնում, ճանաչում, բացահայտում ու ձևավորում ենք մեր ազգի, այդ ազգի բարոյական սկզբունքների, հավատալիքների, սովորույթների ու ավանդույթների շրջանակում: Ուստի, ինչ հիմք, որ դնում է ազգի նահապետը, այդ հիմքի վրա էլ հետագայում հենվում են ազգի զավակները, սակայն ոչ թե ըստ մարմնի, այլ՝ ըստ հավատի:
 

Հասմիկ Թամամյան

  • 2021-08-09
×