Մանե և Նունե սրբերի հիշատակության տոն

Մանե և Նունե սրբերի հիշատակության տոն

Սրբուհի Նունեն Հռիփսիմյաց կույսերից էր: Հայաստան հասնելով՝ Վարագա լեռան մոտ Սուրբ Հոգու ազդմամբ նա առանձնանում է խմբից և մեկնում Վիրք, որտեղ Մծխեթա քաղաքի մոտ ճգնավորական կյանք է վարում: Շուտով նրա սրբության և հրաշագործությունների համբավը հասնում է վրաց արքունիք, և նրան հրավիրում են բժշկելու Միհրան արքայի հիվանդ զավակներին: Բժշկության և դրան հաջորդող այլ հրաշքների շնորհիվ վրաց արքունիքը դարձի է գալիս, և թագավորի հրամանով Քրիստոս ամբողջ Վիրքում ճանաչվում է իբրև բարձրյալ Աստծո Որդի: Թագավորի աջակցությամբ Նունեն հաջողությամբ պայքարում է հեթանոսության դեմ, քանդել է տալիս Արամազդի արձանը և փոխարենը կանգնեցնում Քրիստոսի խաչի նշանը, որի վրա, ի տես ողջ ժողովրդի, պայծառ խաչաձև լույս է իջնում: Արդյունքում բոլորը դարձի են գալիս, և շուտով Հայաստանից առաքված հոգևորականների միջոցով Կուր գետում համաժողովրդական մկրտություն է կատարվում:  Նունեն շարունակում է իր ճգնողական կյանքը և խաղաղ մահվամբ հեռանում այս աշխարհից: Նրա գերեզմանի վրա կառուցվում է եկեղեցի, որը դառնում է մեծ ուխտատեղի: Տարին երկու անգամ, այդ եկեղեցում ցուցադրվում է Ս. Նունեի խաչը: Հիշատակի տոնը Վրաստանում նշում են Ս. Նունեի մահվան օրը՝ հունվարի 14-ին, ռուսները նշում են հունվարի 27-ին:
 

 Նունե կույսը համարվում է Վրաստանի առաջին առաքելուհին և պահապան սուրբը: Նրա անվան վրացական ձևն է Նինո:
 

 Իսկ Ս. Հռիփսիմյանց կույսերից Մանեն մնում է Հայաստանում և բնակություն հաստատում Բարձր Հայք նահանգի Եկեղյաց և Դարանաղյաց գավառների սահմանում գտնվող Սեպուհ լեռան մի քարայրում: Այստեղ ճգնողական և աղոթական կյանքով ապրում է մինչև իր մահը: Ս. Գրիգոր Լուսավորիչը, ծերանալով և փափագելով առանձնության մեջ ճգնել, Սուրբ Հոգու առաջնորդությամբ գալիս է Սեպուհ լեռ, ուր գտնում է Մանեին: Սակայն Մանեն թույլ չի տալիս նրան մոտենալ քարայրին, այլ, ձայնելով, խնդրում է երեք օրից գալ իր մոտ: Երեք օր հետո Լուսավորիչը գալիս է և սրբուհուն վախճանված գտնում: Սաղմոսներով ու օրհնությամբ թաղում է նրան նույն քարայրում, իսկ ինքը բնակվում այնտեղ՝ տրվելով աղոթական կյանքի: Այդ քարայրը Մանեի անունով հետագայում կոչվում է Մանյա այր, այսինքն Մանեի քարայր:
 

Ս. Նունե և Ս. Մանե կույսերի հիշատակը Հայ Եկեղեցին նշում է Ս. Էջմիածնի տոնին հաջորդող երեքշաբթի օրը:

  • 2021-08-09
×