Հավատալով կյանքին, մարդուն և Աստծուն

Հավատալով կյանքին, մարդուն և Աստծուն

Շատերը հայտարարում են, որ դժվարանում են Աստվածաշունչ  ընթերցել, օրինակ՝  ընթերցելիս քնելու ցանկություն է առաջանում, հոգնում են և այլն: Սխալն այն է, որ մենք փորձում ենք Աստվածաշունչը դարձնել ամենօրյա ընթերցանության գիրք, մինչդեռ այն ընթերցանության գիրք չէ. այն ամենօրյա աղոթքի գիրք է:


Աստվածաշնչի ընթերցանությունը նման չէ գեղարվեստական, գիտական գրքերի ընթերցանությանը: Եթե մենք  գեղարվեստական, գիտական գրքեր ենք կարդում՝ դրանց բովանդակությանը ծանոթանալու, հեղինակի ապրումներին ու մտքերին հաղորդակցվելու, գիտելիքներ ձեռք բերելու համար, ապա Աստվածաշնչի պարագայում այլ մոտեցում է անհրաժեշտ: Մենք ինչ-որ չափով ծանոթ ենք Ս. Գրքի բովանդակությանը՝ անգամ ընթերցելուց առաջ. այն, ինչ գրված է Աստվածաշնչի մեջ արդեն՝ գրված է մարդու հոգում:


Աստվածաշնչի իրական ներգործությունը մեր կյանքում սկսվում է այն պահից, երբ մենք հետևում ենք մեր խղճի ձայնին որով և առաջնորդվում  ենք Աստվածաշունչն ընթերցելու ողջ ընթացքում: Երբ մեր ներքին ձայնն ու Աստվածաշնչի «ձայնը» միավորվում են, նշանակում է մենք ճիշտ ուղղու վրա ենք: Այդժամ Աստվածաշունչը դառնում է աղոթք, կյանք ու կենսակերպ:


Աստված-մարդ


Աստվածաշունչը միսյն Աստծո մասին չէ, այլ պատմում է նաև, թե ով է մարդը: Եկեղեցու հայրերն Աստվածաշունչը համարում են մարդու հոգու հայելի, քանի որ այն իրապես ցույց է տալիս մարդու ողջ էությունը: Այստեղ տրված է ինչպես ամենամեղավոր, այնպես էլ ամենակատարյալ մարդու օրինակը: Ուստի Ս․ Գիրքը ընթերցելուց և հասկանալուց զատ պետք է այն սիրել այնպես, ինչպես ինքներս մեզ ենք սիրում:


Սիրել նշանակում է լսել Աստծո ձայնը մեր հոգու խորքում և հնարավորություն տալ այդ ձայնին դրսևորվելու մեր կյանքում: Այն ի վիճակի է մեզ նորոգելու, մեր կյանքի բացերը լրացնելու, մեզ առաջնորդելու ու մեր գոյությանը նոր իմաստ հաղորդելու:


Անհնար է խոսել Աստվածաշնչից ու չանդրադառնալ հավատքին: Շատ հաճախ մեզ թվում է, որ Աստվածաշունչը պատմում է մարդու՝ Աստծո նկատմամբ ունեցած հավատքի մասին: Սակայն Աստվածաշունչը սովորեցնում է ոչ միայն Աստծուն հավատալ, այլ նաև՝ մարդուն: Առանց մարդու նկատմամբ հավատքի հնարավոր չէ պատկերացնել Աստծո նկատմամբ հավատը:


Մարդ-մարդ


Հավատալ մարդուն նշանակում է բացահայտել դիմացինին աստվածային լույսի ներքո, տեսնել դիմացինի հոգու խորությունը, Աստծո պատկերը, որով նա ստեղծվել է: Ավետարանը բազմաթիվ օրինակներով ցույց է տալիս, որ դիմացինին մեղադրելը, քարկոծելը չափից դուրս հեշտ է, ներելը՝ դժվար: Աստվածաշունչը սովորեցնում է դատապարտել արարքը, երևույթը, բայց ոչ երբեք մարդուն, որովհետև մեր մեջ չկան անմեղներ ու բացարձակ արդարներ: Մենք մարդու մեջ պիտի փորձենք տեսնել ոչ թե մեղավորին, այլ հենց մարդուն և տալ այդ մարդուն նոր հնարավորություն, ինչպես, օրինակ, Քրիստոս տվեց այդ հնարավորությունը Մարիամ Մագդաղենացուն: Քրիստոս նոր հնարավորություն տվեց նաև Պետրոսին, ով ուրացել էր Իրեն: Ինչպե՞ս կվարվեինք մենք այն մարդու հետ, ով մեր հանդեպ նման սխալ գործեր, կհավատա՞յինք նրան նորից, թե՞ դավաճանի պիտակ տալով կխզեինք նրա հետ ունեցած բոլոր կապերը:


Մարդու նկատմամբ ունեցած հավատքն ու վստահությունը պիտի լինի իմաստավորված ու գիտակցված: Մարդը կարևոր է Աստծո համար, բայց ոչ իր արժանիքների, կարողությունների ու տաղանդների համար, այլ որ պարզապես մարդ է:


Ինքնաճանաչում


Վերջին հաշվով, որպեսզի մարդը հավատա դիմացինին և Աստծուն, նախ ինքն իրեն պիտի հավատա, այսինքն՝ ինքն իրեն ճանաչի: Խոսքը ինքնագնահատականի մասին չէ, հավատքի մեջ գնահատական չկա: Ինքնաճանաչման շնորհիվ ենք հասկանում, որ մեր ներսում կա մի բան, որն անհնար է կանգնեցնել, այն անհասանելի է, անմատչելի: Այն պետք է բացահայտել, իսկ այդ բացահայտումը հնարավոր է միայն քաջություն ու ազնվություն դրսևորելով՝  հավատալով ոչ թե մահվանը, այլ՝ կյանքին, ինչպես Քրիստոս: Նա հավատաց կյանքին, և դարձավ կյանքի Քարոզիչը, յուրաքանչյուրիս կյանքի լավագույն Ուսուցիչն ու Առաջնորդը: Քրիստոս հաղթեց մահվանը: Այս մասին է պատմում Աստվածաշունչը՝ մարդուն սովորեցնելով հավատալ կյանքին, մարդուն և Աստծուն:


Աստվածաշունչը ճանապարհ է դեպի կատարելություն, վերադարձ է դեպի կյանք: Մենք այս գիտակցությամբ պետք է ընթերցենք այն: Աստվածաշունչը մեզ տանում է դեպի հաղթանակ՝ մահվան նկատմամբ: Հաղթելու այս ձգտումը դրված է մեզանից յուրաքանչյուրի հոգում: Պարզապես անհրաժեշտ է, որպեսզի մեր հոգին ու Աստվածաշունչը նույն պատմությունը պատմեն, և սա կլինի հավատքի ու սիրո լավագույն դրսևորումն Աստծո նկատմամբ:

  • 2021-08-09
×