Արդարության ծարավն ունեցողներին. Արարչի դարը հիմա է

Արդարության ծարավն ունեցողներին. Արարչի դարը հիմա է

«Նախ խնդրեք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6:33)


Երանի, երանի քեզ, որ ծարավ ունես արդարության, որովհետև դու պետք է հագենաս: Երանի քեզ: Մի օր դու կլսես հրեշտակների ձայնն ու կհասկանաս, կտեսնես, որ ամեն ինչ արդար է: Ամեն ինչ արդար է միշտ: Որովհետև արդարը Արարչի դարն է: Ու չկա մի դար, որ Նրանը չլինի: Չկա մի ժամանակ ու մի տարածություն, որ չպատկանի Նրան: Երանի քեզ, որ սա պիտի տեսնես: Վերևից, մի օր… պիտի հասկանաս, որ ամեն ինչ արդար էր, նույնիսկ թվացյալ անարդարը: Բայց մինչ այդ…

Կա՞ մեր մեջ մի մարդ, որը երբևէ չի բախվել անարդարության: Չի զգացել իր ներսում դրանից առաջացած ծանր, գրեթե անմարսելի ցավը: Կա՞ մեր մեջ մեկը, ով չի երազել արդարության մասին: Երբեմն արդարությունը երազանքի հովիտ է թվում, դրախտի մասին հիշողություն:
Կամ ուտոպիա, անիրագործելի մի բան: Որովհետև մեզ թվում է, որ արդարությունը մի բան է, որը մեզ պիտի նվիրեն: Ինչ-որ մարդիկ մեզ համար արդարություն պիտի ստեղծեն… Իսկ դու ինքդ արդարություն ստեղծո՞ղ ես: Քանի՞ անգամ ես քեզ տվել այս հարցը:

Անհիշելի ժամանակներից մարդիկ խոսում ու գրում են արդարության մասին... հավանաբար հենց այն ժամանակներից, երբ մարդիկ սկսեցին խոսել ու գրել: Հենց այդ ժամանակվանից էլ պարզ էր, որ արդարության հաստատումը կենսապահանջ է, արդարությունը տեսնելը, շոշափելն ու փորձառելը կենսապահանջ է: Բայց ի՞նչ է արդարությունը, ինչպե՞ս սահմանել ու հաստատել այն: Այս հարցերը եղել են փիլիսոփայական մտածումների առարկա, հոգեբանական վերլուծությունների նյութ, գրականության ու արվեստի առանցք:
Մի բան է ակնհայտ. այս բոլոր հարցերի պատասխանները շատ են ու տարբեր ճիշտ այնքան, որքան շատ ու տարբեր են մարդիկ: Եթե մարդիկ ֆիզիկապես, մտավոր ու հոգևոր ունակություններով նման ու հավասար լինեին՝ անչափ հեշտ կլիներ սահմանել ու հաստատել արդարությունը: Ընդամենը մի բանաձևով հարցը կլուծվեր: Բայց հարցը բաց է, որովհետև ամեն մեկս մեր բաժին արդարությունն ենք ուզում ընդհանուր մոլորակում, ընդհանուր օդը շնչելիս, ընդհանուր ռեսուրսներն օգտագործելիս: Մենք ուզում ենք մերը: Ու երբեմն այն, ինչն արդար է ինձ համար ու իմ պատկերացումներով, ոտնահարում է մեկ ուրիշի արդարության զգացումը, պատկերացումը: Ի՞նչ անել սրա հետ:

Այո, մարդիկ չափազանց տարբեր են: Նույնիսկ մի ընտանիքում ու միջավայրում մեծացած մարդիկ, նույն ազգությանն ու դավանաքին պատկանողները, նույն լեզվով խոսողները:
Մեզնից յուրաքանչյուրն իր հակվածություններն ունի, իր պատկերացումներն ու արժեհամակարգը, շնորհներն ու ճաշակը, թերություներն ու սահմանափակումները:
Ինչպե՞ս կարող է արդարությունը բոլորի համար նույն կերպ սահմանվել ու նույնը լինել:
Չի կարող: Այդ պատճառով յուրաքանչյուր ոք պիտի հստակ գիտակցի, որ արդարությունը գործընթաց է, մշտական ու հարափոփոխ, որի մեջ ինքը պիտի ներդրում ունենա: Արդարությունը համատարած կլինի միայն այն ժամանակ, երբ բոլորը կամ մարդկանց մեծ մասը հասկանա, որ ամեն ինչ սկսվում է իրենից: Ինչպե՞ս կարող ես արդարություն սպասել կամ պահանջել այլ մարդկանցից, քո ընկերներից կամ քո վերադասից, քո պետությունից կամ իշխանությունից, երբ ինքդ քո բաժին արդարությունը կյանքի չես կոչում: Ինչպե՞ս:
Արդարությունը համակարգ չէ, այն կյանք է՝ փխրուն կյանք, ճիշտ նորածնի պես: Այն ամեն օր նոր ծնված երեխայի պես հանձնվում է մարդուն, ու նա է որշում՝ կերակրել, խնամել, աճեցնել ու հոգ տանել այդ երեխայի մասին, թե, անուշադրության ու սովի մատնելով, սպանել նրան: Ամեն առավոտ արթնանալուց հետ քեզ հնարավորություն է տրվում արդար գործելու: Ամեն օր, ամեն առավոտ: Չես կարող մի անգամ, մի օր արդարություն հաստատել ու անցնել առաջ: Սա ենթադրում է անվերջ ստեղծագործական աշխատանք: Ինչու՞ ստեղծագործական: Որովհետև այստեղ չկա որևէ բանաձև: Չես կարող ունեցածդ արդարությունը վերցնել ու փռել բոլորի վրա: Բայց միշտ կարող ես յուրաքանչյուրին տալ իր բաժին արդարությունը, հատկապես այն բաժինը, որն Աստված քո ձեռքերի մեջ է դրել այդ պահին:
Ինչպես ամեն ճշմարիտ ու աստվածային ծագմամբ երևույթ, արդարությունը նույնպես ներսի որակ է: Արդարությունը, ոչ արդարամտությունը: Որովհետև միայն արդար մտածելը բավական չէ: Պիտի արդար զգաս նաև, արդար լինես: Եվ սրա համար ներսիդ աղբյուրը պիտի բաց լինի, պիտի հորդի քեզ համար ու քեզ շրջապատողների համար: Որովհետև երանի, երանի արդարության ծարավն ունեցողներին: Նրանք պիտի՛ հագենան:

Հ.Գ.- Մոտ մեկ ամիս առաջ, երբ քաղաքում յուրաքանչյուրն զբաղված էր իր նեղ առօրյա կյանքով ու աշխատանքով, ես հարցազրույց էի վարում անսահման մեծ սիրտ ունեցող մի կնոջ հետ: Նա շատ տարբեր բաներից էր խոսում: Հետո խոսեց արդարության մասին ու ասաց, որ  ավելի բարձր արժեք չկա, հանուն որի արժե պայքարել, և այնտեղ, ուր արդարությունը խախտված է, ամեն բան սխալ է այլևս: Աստված պատվիրում է իր արքայությունն ու արդարությունը խնդրել նախ, որպեսզի մնացյալը մեզ լիուլի տրվի: Աստծո արքայությունն ու արդարությունը մարդու սրտին է տրվում: Ու այդ սիրտը սկսում է սեր ու լույս ճառագել… ամենաշատը անարդարների, արդարություն չգործածների, սայթաքածների, սխալվածների ու մեղավորների համար:

 
Ա. Պողոսյան

  • 2021-08-09
×