Երկրորդ Ծաղկազարդ

Երկրորդ Ծաղկազարդ

«Ո՞վ է այս փառքի արքան, – կարողությամբ հզոր Տերն է նա, պատերազմում զորեղ Տերը: Վեր քաշեցեք, իշխաններ, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, և փառքի արքան թող ներս մտնի» (Սաղմ. 23:8-9):
 
Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքից է, երբ համբարձումից երեք օր հետո Քրիստոս բարձրացավ  Վերին Երուսաղեմ։ Այդ օրը հրեշտակների ցնծության տոնն է, որ կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ։
 
Եթե առաջին Ծաղկազարդի ժամանակ հիշատակվում էր Տիրոջ գալուստը երկրային Երուսաղեմ, ապա երկրորդ Ծաղկազարդի ժամանակ հիշատակվում էր Տիրոջ մուտքը Վերին Երուսաղեմ: Առաջին Ծաղկազարդին Տերը փառաբանվում էր ինչպես Դավթի Որդի, իսկ երկրորդ Ծաղկազարդին` ինչպես Աստծո Որդի:
 
Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը նշում է Երկրորդ Ծաղկազարդը:
Տոնի անվանումն առաջացել է Զատիկի` Ս. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Ինչպես առաջին Ծաղկազարդը Մեծ պահքի յոթերորդ կիրակի օրն է, այնպես էլ երկրորդը`«Հինանց» յոթերորդ կիրակի օրը:
 
Ըստ ավանդության երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը բանտարկված էր Խոր վիրապում, մի հրեշտակ ամեն օր այցելում էր նրան: Համբարձման չորրորդ օրը հրեշտակը չի այցելել: Հաջորդ օրը Սուրբ Գրիգորի այն հարցին, թե ինչու նախորդ օրն իրեն չի այցելել, հրեշտակը պատասխանել է, որ Քրիստոսի Համբարձումը տոնելու համար հրեշտակների ինը դասերը հաջորդաբար տոնախմբություն են կատարում, և ինքը, չորրորդ դասից լինելով, չորրորդ օրը չի ցանկացել իր դասի ուրախություններից բացակայել:
 
Այսօր Քրիստոսի հաղթանակի տոնն է։ Սա այն օրն է, երբ յուրաքանչյուրս մասնակից ենք դառնում հրեշտակների ցնծությանը, վերապրում ենք Քրիստոսի առաջին հաղթական մուտքը Երուսաղեմ և հավատում, որ եթե թույլ տանք, որ Աստված բնակվի մեջ՝ մենք էլ կապրենք հաղթանակի այն ցնծությունը, որ ապրեցին հրեշտակները։
 
 
  • 2021-08-09
×