«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Ղևտ. 19:18, Մատթ. 22:39, Մարկ. 12:31, Ղուկ. 10:27):
Հարց. - Մեկից շատ նեղություններ եմ կրում, ի՞նչ անեմ:
Պատ. - Բարիք արա նրան: (Բարսիլիսկոս Մեծ)
Տերը պատվիրում է սիրել ընկերոջը սեփական անձի պես: Ի՞նչ է նշանակում սա և արդյո՞ք հնարավոր է կատարել այս պատվիրանը:
«Մեր առաքելությունն Աստծուն նմանվելն է, իսկ Աստված ողորմած է ու բոլորիս ներում է, թեև մենք դրան արժանի չենք։ Աստծո ողորմությունը շնորհ է, որը մեզ տրվում է առանց որևէ պատճառի։ Որպեսզի նմանվենք Աստծուն պետք է սովորենք ներել, քանի որ Աստված էլ մեզ է ներում»,- բացատրում է Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Սիրել դիմացիցին ինչպես սեփական անձը՝ նշանակում է դիմացինին ընդունել այնպիսին ինչպիսին կա: Ամենօրյա մեր աղոթքում մենք խնդրում ենք Աստծուց ներել մեր մեղքերը և պատասխանել մեր խնդրանքներին, քանի որ հույս և հավատք ունենք, որ Աստված սիրում է մեզ: Բայց նույն աղոթքի մեջ մենք խնդրում ենք նաև ներել մեզ այնպես, ինչպես մենք ենք ներում մյուսներին: Բայց արդյո՞ք այս խնդրանքով Աստծուն դիմելուց առաջ մենք իրականում ներում ենք մյուսներին:
Հնարավո՞ր է արդյոք սիրել ընկերոջը սեփական անձի պես:
Այս պատվիրանի կատարման լավագույն օրինակը Քրիստոսի կյանքն ու խաչելություն է. «Հա՛յր, ներիր դրանց, որովհետև չգիտեն՝ ինչ են անում» (Ղուկ. 23:34):
Խաչվելով հանուն աշխարհի, հանուն մեզանից յուրաքանչյուրի` «արձակելով մեր մեղքերի կապանքները իր արյամբ» (Հայտն. 1:5), Փրկիչ Աստված մատնացույց է անում, որ «մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը» (Ա Հովհ. 3:16). չէ՞ որ «ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13):
Սիրիր ընկերոջդ քո անձի պես, քանզի Աստծո վերաբերմունքը մեր հանդեպ մեծապես կապված է մերձավորի հանդեպ մեր վերաբերմունքից, ինչի համար էլ Փրկիչն ասել է. «Ներեցե՛ք և ներում պիտի գտնեք Աստծուց» (Ղուկ. 6:37):
«Մեծ հավատքով եմ կարդում Աստվածաշունչն ու փորձում եմ հետևել Տիրոջ պատվիրաններին, սակայն գործնականում շատ դժվար է կատարել այս պատվերը: Որքան էլ փորձեմ, բարկության պահին ներելու մասին չեմ կարողանում մտածել կամ ներում եմ, սակայն այլևս չեմ կարողանում շփվել այդ մարդու հետ»,- ասում է Անին:
«Այս հարցի պատասխանը հարկավոր է փնտրել ոչ թե դիմացինի,այլ ինքդ քո մեջ։ Ընկերոջը սեփական անձի պես սիրելը հնարավոր է այն դեպքում, եթե սիրում ես ինքդ քեզ։ Խոսքը, սակայան, եսասիրության մասին չէ։ Սիրել սեփական անձը նշանակում է սիրել և գնահատել Աստծո պատկերը, որ կա յուրաքանչյուրիս մեջ։ Մենք հաճախ չենք կարողանում սիրել կամ ներել ու ընդունել դիմացիցնին, քանի որ չենք սիրում ինքներս մեզ։ Այս պատվիրանը կատարելուց առաջ հարկավոր է սիրել սեփական անձը՝ ստակ գիտակցելով, որ մեր մեջ բնակվում է Աստված և բոլորս Աստծո պատկերն ենք»,-ասում է քահանան։
Հասմիկ Թամամյան