Եվ ձեր համբերությամբ դուք կփրկեք ձեր հոգիները: (Ղկ. 21.19)
Առաջին բանը, որ արել եմ քայլել ու խոսել սովորելուց հետո, նկարելն է եղել: Հավանաբար, ինչպես շատ երեխաների դեպքում է: Պարզապես ես շատ լավ հիշում եմ, որ նկարելն ինձ համար կյանքի առանցքն էր. եթե ես ունեի գրիչ, մատիտներ ու թուղթ՝ ունեի ամեն ինչ: Բայց ստացվեց այնպես, որ նկարչությունը չդարձավ իմ մասնագիտությունը: Ես այդպես էլ որևէ ուսումնական հաստատությունում չզարգացրի նկարելու հմտություններս: Հետո ինչ-որ պահից սկսած պարզապես դադարեցի նկարել: Սակայն նկարչությունը մնաց՝ որպես կյանքի սեր, որպես երազանք, որպես տեղ, ուր կարելի է վերադառնալ… Վերջերս, երկար տարիների ընդմիջումից հետո, ձեռքս վրձին վերցրի ու սկսեցի նկարել, նկարել այն, ինչ զգում էի: Ձկներ նկարեցի, թեև ոչ այնպես, ինչպես կուզեի, ինչպես պատկերացնում էի: Ու հասկացա, որ իմ ու իմ ուզած նկարչության միջև համբերության ճանապարհն է ընկած: Համբերություն դրսևորել այնքան, մինչև կկարողանամ նկարել այնպես, ինչպես ուզում եմ:
Երբ ավելի երկար մտածեցի համբերության մասին, հասկացա, որ կյանքում ամեն ինչի, բացառապես ամեն ինչի համար համբերություն է անհրաժեշտ: Եվ հաճախ մենք չունենք այդ շատ կարևոր հոգևոր ռեսուրսը: Ի՞նչ անել այդ դեպքում: Ինչպե՞ս համբերություն աճեցնել մեր մեջ: Եվ, ի վերջո, ինչպե՞ս է այն փրկում մարդու հոգին: Այս բոլոր հարցերի պատասխանները գտնելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե ինչ է համբերությունը և որտեղից է այն գալիս, որն է դրան սնող աղբյուրը:
Աստված մեր ամբողջ աշխարհն արարել է այնպես, որ մեզ շրջապատող ամեն բան մեզ համբերություն սովորեցնի և համբերելու կարևորության մասին հիշեցնի: Ողջ տիեզերքը, ամբողջ բնությունն այս օրենքով է շարժվում. որևէ կարևոր, մեծ ու գեղեցիկ բան միանգամից չի ստացվում: Հետևեք՝ ինչպես են գալիս եղանակները, ինչպես են բողբոջում ու ծաղկում ծառերն, ապա պտուղ տալիս: Հետևեք՝ ինչ ճանապարհ է անցնում սերմը: Հետևեք՝ ինչպես է ստեղծվում հացը: Հետևեք կյանքի հոսքին ու կտեսնեք, որ ամեն ինչ համբերության նյութից է սարքված: Յուրաքանչյուր լուսավոր բան ծնվում է համբերելու արդյունքում: Եվ՛ առօրյա կյանքի ամենատարբեր խնդիրները լուծելիս, և՛ մեր հոգևոր-ներանձնային մարտահրավերներին դիմակայելիս ամենաէական ռեսուրսը համբերությունն է: Որովհետև երբ այն չկա, երբ կորսված է, դրա փոխարեն գործում են այլ ուժեր: Եվ եթե համբերությունն իր ամբողջ բնույթով կառուցողական է, դրան փոխարինելու եկած զգացումները հաճախ անդառնալի, ավերող հետևանքներ են ունենում:
Համբերության բացակայության դեպքում մարդը հաճախ չի կարողանում կառավարել իր էմոցիաները, ցանկությունները: Իսկ սրա հետևանքով էլ արագ ընկնում է զայրույթի, վրեժխնդրության ու չարի ճիրանների մեջ: Ավելորդ է նշել, որ նշածս երևույթներն իրենց տեսակով կառուցողական են. դրանք չեն ավելացնում մեր կյանքի լույսը, փոխարենը խլում են այն: Որովհետև այն, ինչ արվում է զայրույթի պահին, չարության մեջ ու վրեժխնդրության ծարավով, չի բերում հոգևոր աճի, դրական արդյունքների, լույսի: Այս պատճառով է համբերությունն օդի պես անհրաժեշտ: Ամենուր և միշտ: Որովհետև սթափ դատելու, ծանր ու թեթև անելու ունակությունը կորցնելու առիթները մեր կյանքում բազմազան են: Ամեն օր մենք կարող են բախվել անարդարության, կորցնել հարազատ մեկի, կորցնել աշխատանքը կամ այլ կարևոր արժեք, հայտնվել լարված ու սթրեսային իրավիճակում: Այս ամենին հնարավորինս կառուցողական ռեակցիա տալու համար անհրաժեշտ է կուռ համբերություն: Վերջինս մեր ներսում ամրապնդելու համար հետևողական աշխատանք է պետք կատարել: Շատ կարևոր է, օրինակ, քննել բոլոր այն դեպքերը, որոնց ժամանակ կորցրել ենք համբերությունը, նայել դրա հետևանքներին, ստացված արդյունքներին ու կատարել անհրաժեշտ հետևությունները:
Եվ որ ամենաէականն է, մշտապես մարզել համբերությունը: Այս հարցում Աստված առավել քան մարդու կողքին է: Որովհետև Աստված Ինքը համբերող է, Աստված համբերություն է: Եվ երբ մենք Աստծո մեջ ենք, երբ կարողանում ենք կամայական իրավիճակի նայել Աստծո բարձրությունից, ամեն ինչ նոր որակ է ստանում: Խնդիրների լուծումները հայտնվում են շատ հեշտորեն, լարվածությունը լուծարվում է, ծանրը թեթևանում է, վիշտը մեղմվում է, ցավն անհետանում է: Այսպես համբերությունը փրկում է հոգին:
Անհամբերությունը ծուղակ է բոլոր դեպքերում: Բայց համբերել չի նշանակում համակերպվել այն ամբողջ վատին, անհարմարությանն ու նեղությանը, որով միգուցե շրջապատված ես: Համբերելը համակերպվելը չէ, համբերելը ողջախոհություն դրսևորելն է: Համբերելը գիտակցությունն է, որ ամեն ինչի համար անհրաժեշտ է ժամանակ: Եվ դա Աստծո ժամանակն է, Աստծուն ապավինելու ժամանակը:
Սկզբում ես պատմեցի նկարչության ու համբերության մասին: Որովհետև յուրաքանչյուր արարումի համար համբերություն է պետք: Եվ դու ես ընտրում՝ արարող լինել, թե քանդող: Համբերությունը կորցրած մարդը կորցնում է ամեն ինչ, կորցնում է հնարավորություններ:
Հիշեք սա, երբ կփորձեք նոր բան սովորել, լուծել որևէ խնդիր, հաղթահարել ցավ, դառնություն: Ու հիշեք նաև, որ միայն ցուցաբերած համբերությամբ կարելի է ապացուցել, որ արժանի ես հասնելու այնտեղ, ուր ուզում ես հասնել, ունենալ այն, ինչ ցանկանում ես, և լինել այն, ինչ երազում ես:
Հեղինակ՝ Ա. Պողոսյան