«Երբ Սուրբ Հոգին ձեր վրա իջնի, դուք զորություն կստանաք և ինձ համար վկաներ կլինեք Երուսաղեմում, ողջ Հրեաստանում և Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք 1:8):
Քրիստոսի հրաշափառ Հարությունից հիսուն օր անց՝ հրեական Պենտեկոստեի տոնակատարության օրը, կատարվեց աստվածային խոստումը՝ Սուրբ Հոգին, որպես Մխիթարիչ, հայտնվեց աշակերտներին:
Սուրբ Հոգու էջքը աշակերտների վրա տեղի ունեցավ վերնատանը, ուր Տիրոջ պատվերի համաձայն հավաքված էին նրանք: Երբ բոլորը միասիրտ աղոթում էին, երկնքից հանկարծակի մի ձայն լսվեց, որն ուժեղ քամու սուլոց էր հիշեցնում և լցրեց ամբողջ վերնատունը: Սուրբ Հոգին չեկավ ծածուկ և աներևույթ, այլ իբրև սաստիկ հողմ և լցրեց ամենքին: Աշակերտներին երևացին կրակե լեզուներ, որոնք իջան ու նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Հոգին խոսել էր տալիս նրանց (Գործք Առաքելոց 2:1-4):
Սա հավատքի նորոգման և քրիստոնեության վերահաստատաման տոնն է: Եթե բաբելոնյան աշտարակաշինության ընթացքում Աստված բաժանեց մարդկանց՝ տալով նրանց տարբեր լեզուներ, ապա այժմ՝ Սուրբ Հոգու զորությամբ առաքյալներին տարբեր լեուզեներով խոսեցնելով՝ Աստված միավորեց մարդկությանը:
Պողոս առաքյալը պատգամում է. «Ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որը դուք Աստծուց եք առել, և Այն բնակվում է ձեր մեջ»: (Ա Կորնթ. 6:19-20)
Սուրբ Հոգին աստվածային Երրորդության երրորդ անձն է: Նա Աստծո ձայն է մեր մեջ և մեր հոգու դուռը թակողը: Նա է, որ աշակերտին քարոզիչ դարձրեց, անհավատին հավատացյալ: Նրա միջոցով քրիստոնեությունը դարձավ հասկանալի ամբողջ մարդկությանը:
Ավետարանը վկայում է, որ Սուրբ Հոգին գործում է մարդկանց մեջ զանազան կերպերով: Սուրբ Հոգին մի դեպքում ներկայացվում է որպես շունչ, քամի, մի ուրիշ դեպքում՝ աղավնի, հրեղեն լեզու, ամպ և այլն: Այս ամենը բնորոշում է ոչ թե նրա էությունը, այլ՝ գործունեությունը: Իբրև կատարյալ Աստված Նա հավասար է Հորը և Որդուն. «Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու»
«Մենք աղոթում ենք հանուն Հոր, Ով ստեղծեց մեզ և պատասխանատվություն առավ մեզ համար: Հանուն Որդու, Ով մարդացավ ու խաչվեց մեր փրկության համար, և հանուն Սուրբ Հոգու, Ով մխիթարիչ ու հույս եղավ քրիստոնյաի համար: Սուրբ Հոգին ապահովում է մեր հոգևոր կյանքի շարունակականությունը: Ընդունելով Նրան մեր մեջ, որպես շնորհ մենք ստանում ենք քաջություն, պայքարելու ուժ և հոգևոր ուրախություն»,-մեկնաբանում է քահանան:
Սուրբ Հոգու ներկայությունն ու ներգործությունը իրական է յուրաքանչյուր քրիստոնյայի համար մկրտության արարողությամբ: Այն քրիստոնյայի փրկության գրավականն ու կնիքն է, քանզի ըստ առաքելավանդ ուսմունքի, մկրտությունը կատարվում է ջրով և Սուրբ Հոգով (Տե՛ս Հովհ. 3:5), որի տեսանելի ներկայությունն ապահովվում է մկրտության ջրի մեջ հեղվող Ս. Մեռոնով: Հայոց Եկեղեցում Մկրտության խորհուրդը կատարվում է Սուրբ Երրորդության անունով՝ ըստ Քրիստոսի պատգամի (Մատթ. 28:19):
Հայ եկեղեցում Հոգեգալստյան տոնն ունի 35 օրվա շարժականություն, ուստի կատարվում է մայիսի 10-ից հունիսի 13-ը ձգվող ժամանակամիջոցի համապատասխան կիրակի օրը:
Հասմիկ Թամամյան