«Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայություն չեք մտնի» (Մատթ. 18:3)
Բեթղեհեմում ծնված Մանուկը դարձավ սկիզբը, ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ամեն ինչ այս աշխարհում սկսվում է սկզբից` ծնունդից: Ծնվում են մարդիկ, մտքերը, արվեստի գործերը: Երբ մարդիկ ասում են «ամեն ինչ սկսել սկզբից», նկատի ունեն ամեն ինչ սկսել մաքուր, չապականված սկզբից՝ ծնունդից:
«Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայություն չեք մտնի»,– Քրիստոսի այս պատգամը վկայում է այն մասին, որ փրկության համար հարկավոր է անդրադառնալ մեր մարմնավոր և հոգևոր սկզբին՝ ծնունդին: Աստված մարդուն ստեղծեց անմեղ, իսկ մարդը մեղանչելով հեռացավ Նրանից: Աստծուն կրկին մոտենալու համար հարկավոր է լինել այնպիսին, ինչպիսին էինք ի սկզբանե:
Ինչո՞ւ մանուկների նման: Որովհետև մանուկը իրեն չի գերադասում մյուսներից. «Ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ» (Ղուկաս 9:48): Ճշմարիտ քրիստոնյա լինելու համար Տերը մատնացույց է անում երեխաների խոնարհությունը:
Ինչո՞ւ մանուկների նման: Որովհետև միայն մանկան խոնարհությամբ կարող ենք երկնային արքայության մեջ մեծության հասնել:
Յուրաքանչյուրս գիտի, թե ինչպիսին է մանուկն իր աշխարհընկալման մեջ: Նա չունի անցյալ, որտեղ սխալներ է գործել և չի մտածում ապագայի մասին, որտեղ նորերը կգործի: Երեխան ունի ներկա և այդ ներկայում նա պարզ է, միամիտ, անկեղծ ու անշահախնդիր:
Ինչո՞ւ մանուկների նման: Որովհետև երեխան չի կասկածում, նա անվերապահորեն վստահում է ծնողին, ինչպես մենք պետք է վստահենք մեր երկնային ծնողին՝ Աստծուն:
Հասմիկ Թամամյան