Տարիներ առաջ, երբ ես ու քույրս փոքր երեխաներ էինք, մեր ամենասիրելի զբաղմունքներից մեկը մուլտֆիլմ նայելն էր: Դե, ինչպես բոլոր երեխաներինը. ոչ մի տարօրինակ բան: Բայց մեզ համար հատկապես սիրելի էին «Շողակաթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող այն մուլտֆիլմերը, որոնք նկարահանված էին աստվածաշնչյան պատմությունների ու առակների հիման վրա: Հենց դրանցով է կատարվել իմ առաջին ծանոթությունը Սուրբ Գրքի հետ: Մուլտֆիլմերը մեզ այնքան էին ոգեշնչում, որ վերցնում էինք սյուժեն ու տան անդամների համար բեմադրություններ անում, ներկայացնում մեր ծնողներին:
Հիշում եմ, որ այդ մուլտֆիլմերից հատկապես մեկն իմ ամենասիրելին էր: Այն նկարահանված էր «Բարի Սամարացի» առակի մոտիվներով: Շատ պարզ մտաբերում եմ նաև՝ ինչ ապրումներ էի ունենում դիտելիս: Քանի որ երեխա էի, չէի պատկերացնում, որ կարելի է տեսնել օգնության կարիք ունեցող, ծեծված ու թալանված մարդու և չօգնել: Լաց էի լինում դիտելիս, անզորություն էի զգում: Իսկ երբ սամարացին էր օգնության հասնում, հրճվում էի, հոգիս ուրախությամբ էր լցվում: Այդ ժամանակ նույնիսկ չգիտեի՝ ինչու են սամարացիները մերժված ու պիտակավորված: Միայն հետո, երբ իմ սեփական փորձառությամբ ապրեցի այս առակի խորհուրդը, հասկացա, որ օգնությունը հաճախ գալիս է այնտեղից, որտեղից ամենաքիչն ենք սպասում. այսպես Աստված կոտրում է մեր կարծրատիպերը և տալիս է կյանքի կարևորագույն դասերից մեկը…
Յուրաքանչյուրիս կյանքում լինում է շրջան, երբ մենք նմանվում ենք այն մարդուն, ով կիսամեռ ընկած է ճանապարհին՝ ծանր հարվածներից առաջ շարժվելու անընդունակ դարձած, անօգնական, խեղճ: Այդ ժամանակ է, որ մենք սկսում ենք օգնություն ակնկալել մեզ շրջապատող մարդկանցից և հույսը դնում ենք հատկապես նրանց վրա, ում համարում ենք մեր ընկերը, հարազատը, բարեկամը: Բայց ինչպես սամարացու առակում, այնպես էլ կյանքում շատ հաճախ մենք նրանցից չենք ստանում մեր ակնկալած օգնությունը: Սա շատ կարևոր փորձառություն է՝ ունենալ դժվարություններ, լինել շատ նեղ իրավիճակում և լքված լինել ամենահարազատ մարդկանց կողմից: Այսպես Աստված մեզ համար բավարար պայմաններ է ստեղծում, որպեսզի յուրացնենք դասը:
Երբ ինքս էի հայտնվել նմանատիպ իրավիճակում, ինձ օգնության հասավ մի մարդ, ում տարիներ շարունակ վատաբանել էի, չարախոսել էի նրա մասին, չէի սիրել… Նա եկավ ու ճիշտ բարի սամարացու պես, անտեսելով մեր մեջ առկա թշնամանքն ու անհասկացվածությունը, իմ՝ իր առաջ մեղավոր լինելը, անշահախնդրորեն օգնեց ինձ, որպեսզի վեր կենամ և կարողանամ շարունակել ճանապարհս: Առանց այս փորձառությունն ունենալու, ես երբեք չէի համոզվի, որ օգնությունը գալիս է միշտ, բայց հաճախ այնտեղից, որտեղից ամենաքիչն ենք սպասում: Հաճախ մենք շատ վստահ ենք այն բանում, թե ովքեր են մեր ընկերներ, և ովքեր՝ մեր թշնամիները, մեր վատը կամեցողները: Սա որոշակի կարծրատիպեր է ձևավորում մեր մեջ, որոշակի վերաբերմունք՝ ուղղված շրջապատող մարդկանց, աշխարհին: Բայց այդ կարծրատիպերը կոտրելու անհրաժեշտություն է լինում, և դա կատարվում է ճգնաժամային իրադարձությունների ժամանակ:
Մենք երբեք մենակ և անօգնական չենք, նույնիսկ երբ վերքոտ ենք, լքված, թույլ, անուժ, սպառված, կոտրված. Աստված մշտապես մեզ հետ է: Բայց մեր կյանքում երբեք որևէ բան չի պատահում, որն իր մեջ հատուկ դաս չպարունակի: Եվ ամենաբարդ փորձություններն ամենաթանկ դասերը քաղելու համար են: Պարզապես հաճախ մենք անհաղորդ ենք մնում այդ դասերին, չենք սովորում, չենք աճում, մեկ քայլ առաջ չենք գնում, շարունակում ենք կառչած մնալ մեր կարծրատիպերից… այդ պատճառով որոշ իրադարձություններ պարբերաբար կրկնվում են մեր կյանքում, որպեսզի վերջապես հասկանանք դասն ու առաջ անցնենք: Աստվածաշնչին ծանոթ լինելը բավարար չէ, առակների, պատվիրանների, Քրիստոսի խոսքերի խորհուրդն իմանալը բավարար չէ. անհրաժեշտ է սեփական փորձառությամբ ապրել դրանք, զատվել այն ամենից, ինչը մեզ խանգարում է ապրել լիարժեք, սիրով լի ու քրիստոնյային վայել կյանքով՝ առանց մարդկանց նկատմամբ մեր ներսում թշնամանք պահելու, առանց նրանց վատաբանելու ու չարախոսելու, առանց կարծրատիպերի: Ավետարանում տեղ գտած բոլոր առակները կենդանի և գործող են, դրանք առավել քան արդիական են մեր կյանքում ու դրանց խորհուրդն ամեն օր կատարվում է, միս ու արյուն է ստանում մեր միջոցով, հաստատվում է մեր փորձառությամբ: Պարզապես կարևոր է ուշադիր լինել և հետևություններ անել. երբ իմ կյանքի «բարի սամարացին» օգնեց ինձ, ինքս ինձ խոստացա այլևս չչարախոսել մարդկանց մասին, նույնիսկ նրանց մասին, ում ինչ-ինչ պատճառներով չեմ կարողանում սիրել: Եվ հասկացա նաև, որ ես էլ կարող եմ ինչ-որ մեկի կյանքում «բարի սամարացի» լինել և օգնել մեկին, ով ամենաքիչն ինձնից է այդ օգնությունն սպասում՝ այսպիսով թույլ տալով Աստծուն գործել իմ միջոցով:
Մեծ հույս ունեմ, որ դա ինձ կհաջողի:
Ա. Պողոսյան