Ավագ Հինգշաբթի

Ավագ Հինգշաբթի

«Սա եղիցի քեզ ի քավություն և ի թողություն մեղաց», - ասում է պատարագիչ քահանան Ս. Հաղորդություն ստացողներին:
 
«Իմ կյանքի այն միակ պահը, երբ իրապես սկսում եմ մտածել իմ մեղքերի, Աստծո հետ հարաբերության, արժանի լինել-չլինելու և ապաշխարհելու մասին, Ս. Հաղորդություն ստանալու պահն է: Երբ քահանան ասում է այդ խոսքերն ու մեկնում կենաց հացը, հենց այդ ժամանակ եմ գիտակցում իմ ով լինելը», - ասում է Անահիտը:
 
Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը հիշատակվում է Ավագ հինգշաբթի օրը: Քրիստոս այն հաստատեց վերջին ընթրիքի ժամանակ, երբ 12 առաքյալների հետ զատկական սեղանի շուրջ նստած` վերցրեց բաղարջ հացը, օրհնեց, տվեց նրանց ու ասաց. «Առեք, կերեք, այս է Իմ մարմինը»: Հետո վերցրեց անխառն գինով լի բաժակը, գոհություն հայտնեց, տվեց աշակերտներին և ասաց. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար»: Ապա պատվիրեց. «Այս արեք իմ հիշատակի համար» (Մատթ. 26:26-29):
 
«Քրիստոնյա լինելու, քրիստոնյայի կյանքի ամենակարևոր պայմանը Ս. Հաղորդություն ստանալն է: Ս. Հաղորդություն ստանալով` քրիստոնյան միանում է Քրիստոսին՝ այդ կերպ խոնարհություն ու Աստծո կամքին հնազանդություն դրսևորելով: Կենաց ծառի արգելված պտուղն ուտելու արդյունքում, երբ դրսևորվեց նախամարդու անհնազանդությունը, մարդը զրկվեց դրախտից։
 
 Կենաց ծառի պտղի ամբողջ խորհուրդն Աստծուն հնազանդությունն էր: Ուստի, Խաչի՝ Նոր Ուխտի կենաց ծառի պտղին՝ Քրիստոսի Մարմնին ու Արյանը մոտենում ենք խոնարհությամբ ու Աստծո կամքին հնազանդությամբ: Իսկ պահքն այն հնարավորությունն  է, որի ընթացքում զորացնում ենք խոնարհություն ու հնազանդությունը», - մեկնաբանում է քահանան:
 
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Ոտնլվայի կարգը, որի կարևոր պատգամն այս է. «Սովորեցե'ք ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ»: 
 
Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, մինչև Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը, Հիսուս նախ լվանում է աշակերտների ոտքերը: Անդրադառնալով այս խորհրդավոր իրողությանը` ավետարանիչը մանրամասն պատմում է, թե ինչպես Հիսուս, վեր կենալով ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները, մեջքին սրբիչ կապեց, վերցրեց ջրով լի կոնքը, ծնկի եկավ Իր աշակերների առջև և սկսեց հերթով լվանալ նրանց ոտքերը (Հովհ.13:4-5):
 
Օրվա խորհրդին հետևելով՝ Ավագ Հինգշաբթի օրը հոգևորականը խաչով ու Ավետարանով օրհնում է յուղն ու ջուրը՝ աղոթելով. «Թող օրհնվեն և սրբագործվեն այս յուղն ու ջուրը»: Հոգևորականը նախ օրհնում է ջուրն ու յուղը, ապա  ծնրադիր լվանում և օծում առաքյալներին խորհրդանշող 12 անձանց: Այս տարի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում 12 առաքյալներին խորհրդանշող անձինք Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներն էին:
 
Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվեց օրհնված յուղը:
 
Աստվածաշունչն ասում է. «Ինչքան մեծ լինես, այնքան խոնարհեցրու քո անձը և շնորհ կգտնես Տիրոջ առջև» (Սիրաք.3:20):
 
«Խոնարհությունը ենթադրում է քաջություն և համբերություն: Խոնարհություն ցուցաբերելով՝ մենք կարողանում ենք մարդուն ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա, սիրել ու գնահատել մարդուն և ճանաչել ինքներս մեզ ու Աստծուն: Խոնարհությունը շտկում է մարդ-մարդ, մարդ-Աստված հարաբերությունները», -  մեկնաբանում է քահանան:
 
Ոտնլվայի արարողությանը հաջորդում է Խավարման կարգը: Արարողության ընթացքում խորանի վրա վառվում է 13՝ 12- փոքր և 1 մեծ մոմ՝ կենտրոնում: Ավետարանական ընթերցումների ժամանակ հերթով մարում են 12 առաքյալներին խորհրդանշող մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը` խորհրդանշելով միայնակ մնացած Քրիստոսին: 
 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
  • 2021-08-09
×