Երեսուն արծաթով վաճառված ԿՅԱՆՔԸ

Երեսուն արծաթով վաճառված ԿՅԱՆՔԸ

Ընդամենը երեսուն արծաթ գնահատվեց Արարչի Որդին: Նա, Ով բժշկում էր կույրերին, բորոտներին, ի ծնե կաղերին, Ով կենդանացնում էր մահացածներին… Ընդամենը մի քանի օր առաջ մատնիչն ինքն էր ականատես եղել Ղազարոսի հարությանը, ով արդեն չորս օր թաղված էր: Տեսել էր հարյուրավոր հրաշքներ, որոնց մասին Ավետարանի էջերը չէին բավականացնի պատմելու համար, լսել էր կենդանացնող ու վերածնող խոսքեր… Երեք տարի ապրել ու շրջել էր մարդու մարմնում բովանդակված Անբովանդակելիի հետ, կատարել էր Նրա հանձնարարությունները, զգացել սերը, վստահությունը… 

 

Ընդամենը երեսուն արծաթ գնահատվեց Արարչի Որդին, Ում մատնեց հենց չորեքշաբթի, որը խորհրդանշում էր աշխարհի արարման չորրորդ օրը, երբ Աստված երկնքի հաստատությունում կարգեց լուսատուները: Արեգակի կողքին լինելով՝ մատնիչն ապրում էր խավարում ու չէր նկատում Լույսը:


Հենց այդ Լույսին էր ուղեկցում խավարած մտքով Հուդան և ականատես էր, թե ինչպես Հիսուս մտավ Երուսաղեմ, ինչպես էին մարդիկ իրենց հագուստը փռում Նրա ոտքերի տակ: Մեր Եկեղեցու հայրերն ասում են, որ այդպես մարդիկ խոստովանում էին իրենց մեղքերը, իսկ Հուդայի ներսում զորանում էր մեղքը…


Աստծո Որդին բացահայտ մտավ Երուսաղեմ: Նրան դիմավորեցին որպես արքայի… Արքայի նման շրջեց քաղաքում, գնաց տաճար ու այնտեղից վռնդեց վաճառականներին: Անիծեց անպտուղ թզենին: Գլխավոր պատվիրանին ավելացրեց ևս մեկը՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը»: Քարոզեց և ուսուցանեց տաճարում, պատմեց բազմաթիվ առակներ, և անգամ չար մշակների մասին առակը Հուդային չարթնացրեց դավադիր թմբիրից:


Եվ մատնիչն այս ամենի ունկնդիրն էր, բայց «տեսնելով չէր տեսնում, լսելով չէր լսում», սիրվում էր, բայց չէր սիրում: Սրտում սիրո տեղ չկար, այնտեղ կասկածն էր, ագահությունը: Ագահությունից էր, որ չհանդուրժեց, երբ մի կին որոշեց Քրիստոսին օծել նարդոսի թանկարժեք յուղով: Իհարկե, հեշտ էր այդ դժգոհությունը բացատրել աղքատներին օգնելու պատրաստակամությամբ:


Իսկ Քրիստոս կարդում էր մատնիչի ու իր ընկերների սրտերը: Կարդում էր ու բարձրաձայն պատասխանեց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ, որ դա արեց»: (Մատթեոս 26. 6-13):


Արդեն երկու հազար տարի պատմվում է նարդոսի յուղով Քրիստոսին օծելու մասին: Ու դրանից հետո պատմվում է, թե ինչպես Հուդան չկարողացավ իր ներսում հաղթել օձին… Միայն Աստված գիտի, թե ի՞նչ էր նա մտածում, ի՞նչ էր զգում, ինչպե՞ս կայացրեց վերջնական որոշումն ու գնաց քահանայապետերի մոտ՝ վաճառելու Աստծուն:


Քահայանապետերն ու փարիսեցիները Քրիստոսի տեղը լավ գիտեին: Լավ էին ճանաչում իրենց Սաստողին: Քրիստոս նրանց ասաց. «Մովսեսի աթոռի վրա նստեցին օրենսգետներն ու փարիսեցիները. ամեն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արե՛ք և պահեցե՛ք, բայց մի՛ արեք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում»: (Մատթեոս 23. 2-3):


Նրանք ծրագրում էին Քրիստոսի «հարցերը լուծել» մինչև զատկական տոնը, որպեսզի իրենց տոնը չփչացնեն ժողովորդական խժդժությունները: Բայց չունեին հիմնավոր առիթ, իրենց արդարացնող պատճառ: «Արդարացնող պատճառը» չուշացավ:
Քահանայապետները վաղուց էին հեռացել Աստծուց. «Վա՛յ ձեզ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն: Վա՛յ ձեզ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ և փարիսեցիներիդ, որ շրջում եք ծովի ու ցամաքի վրա՝ անգամ մեկին նորահավատ դարձնելու համար, և երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ ավելի գեհենի որդի եք դարձնում: Վա՛յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք՝ ով որ երդվի տաճարի վրա, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդվի տաճարի մեջ եղած ոսկու վրա, պարտավորվում է այն կատարել: Հիմարնե՛ր և կույրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին»: (Մատթեոս 23.13-17):


Իսկ տաճարը Սրբացնողին նրանք գնահատեցին ընդամենը 30 արծաթ…


«Ստացված առևտրից» գոհ Հուդան դեռ երկու օր շարունակեց վայելել Քրիստոսի սերն ու ստացավ նրա Մարմնին ու Արյանը հաղորդվելու շնորհը։ Երբ ընթրիքի ժամանակ Քրիստոս խոսեց մատնության մասին, Հուդան փորձեց հասկանալ, թե արդյո՞ք Քրիստոս գիտի իր պայմանավորվածության մասին: Քրիստոս գիտեր: Բայց չկանգնեցրեց նրան, չհամոզեց ու չարգելեց… Միայն զգուշացրեց, որ հետևանքը սարսափելի է լինելու… «Ճիշտ է, մարդու Որդին կգնա այս աշխարհից, ինչպես որ նրա մասին գրված է. բայց վա՛յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կմատնվի. լավ կլիներ նրան, եթե այդ մարդը ծնված անգամ չլիներ»: (Մարկոս 14. 21):


Ընտրությունը մնաց Հուդային, ինչպես ամեն պարագայում՝ յուրաքանչյուրս ենք պատասխանատու մեր որոշումների համար:


Քրիստոս նրան ետ պահելու փոխարեն բարձրացավ Գեթսեմանի պարտեզ, որ աշակերտներին էլի սովորեցնի: Նա սովորեցրեց սիրել, պատվիրեց արթուն լինել և աղոթել: Գիտեր, որ աշակերտներին դյուրին ճանապարհ չի սպասվում, բայց որպեսզի նրանց կամքը չկոտրվի, Իր օրինակն էր տալիս: Սովորեցնում էր, բայց աշակերտները քնում էին: Ասում էր՝ արթո՛ւն կացեք, (Մարկոս 14:38), սակայն նրանք քնում էին…
Աշակերտներն ուշ հասկացան Քրիստոսի ու Հուդայի զրույցի բովանդակությունը, ուշ հասկացան, որ Քրիստոի ժամը եկել էր: Ուշ հասկացան, որ խավարը թանձրացել էր իրենց Ուսուցչի շուրջ, որ արթուն կենալու հրամայականը, ավելի քան երբեք, արդիական էր: Ուշ հասկացան, որ դեռ պատրաստ չէին հավատարիմ մնալ, չուրանալ, վերջին ժամերին իրենց իսկ համար խաչը Բարձրացողի կողքին լինել:


Իսկ չարը երբեք չի քնում: Նա մշտարթուն հետևում է, թե երբ է մարդը թուլանալու, որ նրա միջոցով գործի: Այս անգամ նա հենց սիրո խորհրդանիշն ընտրեց՝ սեր քարոզող Քրիստոսին դավաճանելու համար: Համբույրը…


Լույսի մեջ տաքացած օձն իր Ուսուցչին մատնեց՝ համբուրելով, ու այդ համբույրը բացեց նրա սրտի աչքերը…
Մինչ այդ բազում հրաշքների ականատեսը հանկարծ հասկացավ, թե որքան անսահման մեծ է իր Ուսուցիչը, որ բժշկում է իրեն ձերբակալել ցանկացող զինվորի ականջը, տեսավ, թե ինչպես փոխվեց այդ զինվորը, տեսավ, որ բազում անգամներ մարդկանցից անտես հեռացած Հիսուս հիմա ոչ մի ջանք չի թափում ձերբակալությունից խուսափելու համար… Տեսավ, որ փոթորիկներ սանձողը հիմա մարդկանց չի հակառակվում… Տեսավ ու զգաց իր մեղկությունը, մերկությունն ու ներսի խավարը… Ու զղջաց...


Փորձեց ետ վերադարձնել այն նույն երեսուն արծաթը՝ պայմանավորվածությունը խզելու և Քրիստոսին ձերբակալությունից ազատելու համար… Նա զղջաց, սակայն չկարողացավ ապաշխարել… Կորցրեց հույսը...


Մեղքի ու աններելիության այդ մեծ բեռը նա տանել չկարողացավ: Ու նաև չհասկացավ, որ այն պետք էր հանձնել Տիրոջը, որպեսզի աշխարհի բոլոր մարդկանց մեղքերի հետ այդ մեկը ևս Իր հետ խաչը բարձրացնի, Իր արյամբ մաքրի…


Մատնիչն իրեն կործանված զգաց ու գնաց կորստյան…


Հեշտ է Հուդային քննադատել, սակայն ամենքս էլ հաճախ հայտնվում ենք նրա տեղում։ Մեծ ու փոքր մեղքեր չեն լինում, այն մենք ենք մեծացնում, երբ ուրիշներին է վերաբերում և փոքրացնում, երբ մեզ է վերաբերում… Գուցե վստահ ասում ենք, որ մենք Հուդայի պես չենք վարվի, սակայն Պետրոսը, մեր դիմաց կանգնած, լուռ ժպտում է՝ հիշելով մինչև աքլորականչը երեք անգամ իր ուրանալը:


Ե՛վ Հուդան, և՛ Պետրոսը մեղանչեցին: Հուդան չկարողացավ ներողություն խնդրել ու կործանվեց, իսկ Պետրոսն ապաշխարեց ու դարձավ Քրիստոսի եկեղեցու վեմը, զգեստավորվեց Քրիստոսի նվիրումով ու դարձավ նրա չարչարակիցը՝ ժառանգելով արքայությունը:


Այսօր՝ Քրիստոսի Հարությունից շուրջ 2000 տարի անց էլ ամեն վայրկյան մեզ այդ նույն «երեսուն արծաթը» առաջարկող կա: Կարո՞ղ ենք ամեն վայրկյան արթուն լինել ու հրաժարվել չարի գործակիցը լինել: Կարո՞ղ ենք սայթաքելուց հետո ներողություն խնդրել ու ոտքի կանգնել:
Երեսուն արծաթով վաճառված ԿՅԱՆՔՆ այսօր էլ մեզ կյանք է տալիս, ապրեցնում ու օրհնում, սիրում է մեզ ու ուղղորդում դեպի դրախտ, դեպի Արքայություն:

 

Ա. Նոյեմի

  • 2021-08-09
×