Սուրբ թող լինի անունը քո

Սուրբ թող լինի անունը քո

- Մամ ինչի՞ եք ասում՝ Տեր Աստված, Հիսուս Քրիստոս օգնի: Ինչի՞ դուք էլ Աստված պապիկ չեք ասում, - հարցնում է յոթնամյա Արթուրը:


Մարդիկ և հատկապես երեխաներն անընդհատ պատասխաններ են փնտրում: Ինչո՞ւ հենց  սա, ինչո՞ւ նա, ինչպե՞ս եղավ և այլն:


- Ես շատ եմ մտածում` ինչո՞ւ հենց Աստված կոչեցին Նրան և որդուն՝ Հիսուս: Գուցե դա ինչ-որ հատուկ կերպով է ընտրված, - ասում է Աննան:


- Աստծո անունը հնարավոր չէ իմանալ: Այն մարդուն տրված չէ և զուր է Նրա անունը բացահայտելու ամեն փորձ: Աստծո անունը ժամանակից և տարածությունից դուրս է, և մարդ արժանի չէ իր շուրթերով այն հնչեցնել: Մտածելով, որ Աստծո անունն անարժան կերպով իրավունք չունեն տալ, հրեաները Հին Կտակարանում ամեն տեղ, որտեղ պետք էր Աստծո անունը նշել, այն փոխարինեցին Սեր, Աստված, Արարիչ, Եհովա, Զորավոր և այլ բառերով: Իսկ այն կարծիքը, թե «Եհովա»-ն Աստծո անունն է՝ սխալ է: «Եհովա»՝ նշանակում է՝ «Ես եմ, որ Է»: Եվ այսօր, երբ ասում ենք «Եհովա», դա պայմանական է, իսկ նման պայմանական հնչյուններով Աստծո անունը տալ հնարավոր չէ, - բացատրեց քահանան:


Տիրոջ անունը սուրբ է, ինչպես Տերն է սուրբ: Եվ կարևորն այն չէ, թե Նրան կդիմես Տեր, Աստված, Արարիչ, իսկ Նրա որդուն՝ Հիսուս, կարևորն այն է, թե Նրան կանչելիս որքան ճշմարիտ կլինի քո հավատը: Չկան խոսքեր, որոնք անտեսվեն Աստծո կողմից և չկան հնչյուններ, որոնք չհասկացվեն: Կանչիր Նրան քո հավատի լեզվով, և Նա կլսի քեզ:


- Ինձ համար կարևոր չէ, թե ինչպես կկոչեմ Նրան: Նա իմ աղոթքը լսում է, և դա է կարևոր, - ասաց Գոհարը:


Մարդիկ այնքան են հպարտանում իրենց անվամբ, որ ջանում են հավերժացնել այն ցանկացած գնով: Անունը մեծ զորություն և իշխանություն է: Հատկապես մեր օրերում, երբ ընդամենը մեկ անուն տալով՝ կարող ես աշխատանքի ընդունվել, աշխատանքից ազատվել, պատժից  խուսափել և այլն: Իսկ որպեսզի փրկություն գտնենք, ապահով ու երջանիկ լինենք, պարտադիր չէ Աստծո անունն իմանալ, կարևոր է առաքինությամբ և հավատքի գործերով բացահայտել, որ Տիրոջ անունը սուրբ է։ Անունը տրվում է, որպեսզի զանազանեք մարդկանց։ Աստված միակն է. և Աստծուն զանազանելու խնդիր չունենք, այլ՝ հավատալու և վստահելու։   

 

Հասմիկ Թամամյան

  • 2021-08-09
×