Հիսուս Քրիստոսի պատգամին համաձայն` «Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի», Տիրոջ տասներկու աշակերտները շրջեցին ողջ աշխարհով մեկ և ամենուր տարածեցին Հիսուս Քրիստոսի լույսը:
Առաքյալներից երկուսը` Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը, մարերի, պարսիկների և ասորիների երկրում քարոզելով ու բազում զորավոր նշաններ ցույց տալով ՝ հասան նաև Հայաստան:
Հայաստանում քրիստոնեության հիմնադիրների հիշատակության օրն այս տարի նշվում է դեկտեմբերի 2-ին։
Ս. Թադևոսը և Ս. Բարդուղիմեոսը Հայաստանում քարոզել են իրարից անկախ: Առաջին առաքյալը, որ քարոզեց Հայաստանում՝ Թադեոսն էր: Սուրբ Գրքում նա հիշվում է որպես Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց (Մատթ. 10:3) կամ Հակոբի որդի Հուդա (Ղուկ. 6:16):
Թադեոսը նախ քարոզում է ասորական Միջագետքում, այնուհետև Եդեսիայում (Ուռհա), որտեղ բազմաթիվ հրաշքներ է գործում և բուժում Աբգար թագավորին, ապա գալիս է Հայաստան և սկսում քարոզել ու բժշկումներ կատարել Արտազ գավառի Շավարշան գյուղաքաղաքում, որտեղ հայոց Սանատրուկ թագավորի ամառանոցն էր: Առաքյալի քարոզչությամբ բազմաթիվ մարդիկ դարձի են գալիս, նրանց թվում էր նաև արքայադուստր Սանդուխտը: Սանատրուկ արքան հրամայում է սրի քաշել բոլոր նորադարձներին, իսկ Սանդուխտին՝ բանտարկել: Սանատրուկը տարբեր միջոցներով փորձում է քրիստոնեությունից հրաժարեցնել Սանդուխտին, սակայն վերջինս անհողդողդ է մնում: Հրաշքով քանդվում են նրա կապանքները, սպանվում է նրան սպանել ցանկացող դահճապետը, իսկ նորադարձների թիվը հետզհետե ավելանում է: Ի վերջո մոլեգնած արքան հրամայում է սպանել դստերը, ով դառնում է հայ առաջին կին մարտիրոսը:
Իսկ Թադեոսին Սանատրուկը նախ նետում է գազանների առաջ, ապա՝ հնոցը, սակայն երկու դեպքում էլ առաքյալն անվնաս է մնում, հրաշքով անվնաս է մնում նաև, երբ տարվում է գլխատվելու: Այս հանգամանքները բազում հեթանոսների՝ Քրիստոսին հավատալու պատճառ են դառնում: Ի վերջո Թադեոս առաքյալը սրամահ է արվում: Նրա նահատակության պահին հանկարծ լույս է ծագում, բացվում է այն վեմը, որով Թադեոսը ծածկել էր Սանդուխտի գերեզմանը, և առաքյալի մարմինն ամփոփվում է այնտեղ: Հետագայում Կիրակոս անունով մի ճգնավոր տեսիլքով գտնում է Թադեոս առաքյալի, Սանդուխտ կույսի ու նրանց հետ նահատակվածների նշխարները: Այսօր պատմական Արտազ գավառում (այժմյան Պարսկաստանի տարածքում) կանգուն է առաքյալի գերեզմանի վրա կառուցված Ս. Թադե վանքը:
Իսկ Ս. Բարդուղեմեոսի (նաև հիշատակվում է որպես Նաթանայել) մասին հենց Ինքը՝ Հիսուս Քրիստոսն է ասել, թե իսկական իսրայելացի է, որի մեջ նենգություն չկա:
Բարդուղեմեոս առաքյալը քարոզելով Գողթն գավառում՝ անցնում է Հեր և Զարևանդ գավառներ, այնուհետև՝ Անձևացյաց գավառ ու Հայաստանի մյուս շրջաններ: Այս առաքյալի քարոզչությամբ քրիստոնեություն են ընդունել նաև թագավորի քույրը՝ Իշխանուհին (Ոգուհին) և Տերենտիոս հազարապետը: Բարդուղիմեոս առաքյալը նահատակվել է Սանատրուկ թագավորի կարգադրությամբ՝ Արևբանոս (Ուրբանոս) քաղաքում: Հայտնի է, որ նրա անունով վանք է կառուցվել Վասպուրականի Աղբակ գավառում: Ըստ ավանդության՝ այդ վանքում է թաղվել առաքյալը:
Երկու լուսավորիչներն էլ իրենց քարոզչության ընթացքում Հայաստան բերեցին մի շարք նվիրական սրբություններ: Ս. Թադեոսը Հայաստան է բերել Սուրբ Գեղարդը, որով զինվորը խաչի վրա խոցեց Հիսուսի կողը (Հովհաննես 19:34), ինչպես նաև մի բաժին այն յուղից, որ Հիսուս փոխանցել էր առաքյալներին: Իսկ Ս. Բարդուղիմեոսն իր հետ Հայաստան է բերել Աստվածամոր պատկերը:
Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, այդ օրը, մինչ երեկոյան ժամերգությունը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար է բերվում Մայր Աթոռի Գանձատանը պահվող Ս. Գեղարդը:
Զարա Ղազարյան