Հղություն Ս. Աստվածածնի։ Խոստացված հրաշքի տոն

Հղություն Ս. Աստվածածնի։ Խոստացված հրաշքի տոն

Նորաստեղծ շատ ընտանիքների  համար երեխա չունենալը դարձել է համար առաջին խնդիրը։ Սա այն փորձությունն է, որը հաղթահարելը շատերի համար անհնար է թվում։
 
«Յոթ տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց չենք կարողանում երեխա ունենալ։ Ամեն հնարավոր և անհնար միջոցի դիմել ենք, սակայն՝ ապարդյուն։ Այս իրավիճակում դժվար է հույսը չկորցնելը։ Երբեմն լրիվ հեռանում եմ Աստծուց, մտածում եմ, թե ինչո՞ւ է այսպես, բարկանում եմ, հետո նորից գտնում եմ Տիրոջը։ Չգիտեմ, թե ինչ անել՝ համակերպվե՞լ, թե՞ շարունակել պայքարել», - մտորումներով կիսվում է Լիաննան։
 
Սուրբ Աստվածածնի բարեպաշտ ծնողները՝ Աննան և Հովակիմը, թեև երկար տարիներ ամուսնացած էին, սակայն զավակ չունեին, քանի որ Աննան ամուլ էր: Նրանք միշտ անդադար աղոթում ու խնդրում էին Աստծուն, որ Տերն իրենց զավակ պարգևի: Չնայած առաջացած տարիքին՝ չէին հուսալքվում և անընդհատ աղոթում էին Աստծուն` Նրանից ողորմություն հայցելով:
 
Մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ նա զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել:
 
Նույն տեսիլքը երևում է նաև Ս. Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Սուրբ Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար: 
 
Բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի են լինում, և ծնվում է դուստր, ում անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված:
Մեզանից հազարամյակներ առաջ Աստված ցույց տվեց, որ անկեղծ աղոթքը, ամուր հավատն ու վստահությունը կարող են հրաշքներ գործել։ Այդ հրաշքը եղավ ամուլ Հովակիմի և Աննայի թախանձագին խնդրանքների պատասխանը, որ Աստված տվեց զավակի տեսքով։  Հրեական մի փոքրիկ քաղաքում ծնվեց մի հրաշք, որ կարող է ծնվել յուրաքանչյուրիս տանը, յուրաքանչյուրիս սրտում։ Սա է Լիաննայի, նրա ամուսնու ու նրանց նման շատ ընտանիքների «ի՞նչ անել» հարցի պատասխանը։
 
Հավատալ, աղոթել, սպասել հրաշքի։ Դեկտեբերի 9-ը յուրաքանչյուրիս համար մեր սպասելիքների արդարացման և Աստծո պատասխանը լսելու տոնն է։ Այդ օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը, որն անշարժ տոն է։
 
 
Հասմիկ Թամամյան 
  • 2021-08-08
×