Փրկչի Ծնունդը

Փրկչի Ծնունդը

«Ծնաւ այսօր Փրկիչ» (Ղուկաս Բ 11):

«Ավետի՜ս մեծ Խորհրդոյ, Խորհուրդ ծածկեալ մեզ յայտնեցաւ»:


Սուրբ Գր. Նարեկացի


Տարվա մեջ երկու տոն քրիստոնյա աշխարհի համար բացառիկ նշանակություն են ստացել՝ Ծննդյան և Հարության տոները: Ըստ երևույթին դրանք բոլորովին տարբեր հիշողություններ են… Թե՛ առաջինը և թե՛ երկրորդը մեզ համար նշանակություն են ստացել Հիսուսի փրկչական գործունեությամբ. մեկը կապված է Նրա ապագայի, մյուսը՝ անցյալի հետ: Հարության տոնի մեջ ավելի գաղափարական շեշտ կա, և առաքելական քարոզչության ժամանակ առավել կարևորություն է ստացել, բայց Ծնունդն էլ հետագա դարերում դարձել է ավելի սիրելի ու ժողովրդական:


Ավետարանական ավանդությունների համաձայն՝ Հիսուսի Ծնունդը աստվածային էր և գերբնական: Աստվածային է Նրա անձնավորությունը, Նրա հավա՛տը դեպի երկնավոր Հայրը, Նրա սե՛րը դեպի մերձավորը, Նրա ամբողջ հայտնությունը: Պատմության մեջ շատ կան հանճարեղ մարդիկ, բայց ո՞վ է Հիսուս Քրիստոսի նման: Նրանք ամենքը մարդ են՝ նկատելի և շոշափելի իրենց ստվերներով և սահմանավոր կատարելություններով, բայց այստեղ Աստվածայինն Իր մաքրությամբ մարմին է ստացել մարդկային կերպարանքով: Ավետարանի խոսքի համաձայն՝ Բանը մարմին է դարձել: …Պատմության ամենավսեմ Խորհուրդն է այս Ծնունդը, որի առաջ միայն պետք է լռի բանականությունն ու մարդկային տկար իմաստությունը, և նրա սրտից պետք է միայն որպես կնդրուկի անուշ բուրմունք դեպի երկինք բարձրանա անհուն երախտագիտության և գոհության զգացումը:


Արդարև, այսօրվա տոնը մի մեծ մարդու ծննդյան հիշատակ չէ, այլ ավելին: Բեթղեհեմի մսուրքի իրողությունը մարդկային պատմության օրհնության աղբյուրը դարձավ: Հրեշտակի ավետիսը՝ «Ծնաւ ձեզ այսօր Փրկիչ», միլիոնավոր մարդկանց սրտի մեջ արձագանք գտավ դարերի ընթացքում և նրանց դասակից արեց հրեշտակների հետ՝ օրհնելու Աստծո անունը. «Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ»:


Այսօր մարդկության առաջ է դրված Բարձրյալի ամենամեծ նվերը՝ մանուկ Հիսուսի Ծննդյամբ: Խավարի ստվերների մեջ խարխափող մարդկության համար Բեթղեհեմի մսուրից փրկության և լույսի մի նոր աստղ է ծագել. հանդես է եկել Աստծո Հոգին՝ երկրավոր նժդեհի կերպարանքով: Բարձրագույն Բարին, Գեղեցիկն ու Ճշմարիտը երկնային եթերներից իջել է այսօր երկրի վերայ: Աստված մարմնացել է մարդու մեջ, որպեսզի մարդն էլ Աստվածության հասնի: Այսպես են ձևակերպել եկեղեցու հայրերը Քրիստոսի Ծննդյան բարոյական խորհուրդը…: Մարդկության Փրկիչն է ծնվել այսօր, նրա հոգու Առաջնորդը:


… Այսօրվա հոգևոր երգերն ու սրբազան ընթերցվածները մեզ դեպի մսուր են հրավիրում՝ ծունկ խոնարհելու այն երկնային Մանկան առաջ, որ մեր Փրկիչը հանդիսացավ. «Խորհուրդ մեծ եւ սքանչելի, որ յայսմ աւուր յայտնեցաւ»: …Թող լռի՛ ամեն մի քննություն, և հարություն առնի խղճի մաքուր ձայնը: Լսե՛նք պատմության խորին խորհուրդների սոսափյունը մեր ականջին, որ հրեշտակի ավետման կրկնությունն է. «Ծնաւ ձեզ այսօր Փրկիչ»:


Օրհնյա՛լ լինի Քո Ծնունդը, օրհնյա՛լ՝ Քո հայտնությունը, օրհնյա՛լ և պտղաբե՛ր՝ Քո ցանած սիրո, եղբայրասիրության, փոխադարձ կարեկցության և գնահատանքի սերմերը, որ հիմքն է անհատների, ազգերի և մարդկության խաղաղության և հաճության, որ քարոզվեց հրեշտակների բերանով Քո Ծննդյան առթիվ:


Գարեգին Հովսեփյան
«Արարատ», հունվար, 1908 թ.

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2021-08-09
×