Հիսուս Քրիստոս (Օծյալ Փրկիչ), Մարիամ (լուսավորյալ), Մովսես (ջրից հանված), Նոյ(նոր), Հովհաննես (հնազանդ): Այսպես երկար կարելի է շարունակել անվանացանկը: Անունը միջոց է, որով այս կամ այն անհատը ճանաչելի է դառնում, հիշվում, շատ դեպքերում նաև մնում է պատմության մեջ:
Դա նաև պատճառ է հանդիսանում, որ ծնողները երեխաներին անվանակոչեն սրբերի կամ երևելի անձանց անուններով: Քիչ չեն նաև դեպքերը, երբ սուրբն ինքն է ընտրում իր անունը կրողին:
«Մայրս պատմում է, որ նախքան ծնվելս երազ է տեսել, որտեղ մի ձայն իրեն առաջնորդել է ինչ-որ քարքարոտ տեղ և այնտեղ հայտնել է մորս, որ որդի է ունենալու ու պետք է նրան անվանի Հովհաննես: Ծնվելուց հետո երեք ամիս անուն չեմ ունեցել՝ մինչև մայրս գտել է երազի վայրը: Պարզվել է, որ այդ վայրը խաչի նշանով սրբավայր-ուխտատեղի է եղել: Այդտեղ էլ ինձ անվանակոչել են», - պատմում է Հովհաննեսը:
Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 13-ին նշում է Քրիստոսի Անվանակոչության տոնը: Այն խորհրդանշում է Հին և Նոր Կտակարանների հանդիպումը:
Հրեական օրենքի համաձայն՝ նորածին մանկանը ծնունդի ութերորդ օրը պետք է անվանակոչեին, տղաներին՝ նաև թլպատեին: Այդպես վարվեցին նաև Մարիամն ու Հովսեփը՝ հավատարիմ մնալով ավետաբեր Գաբրիել հրեշտակապետի խոսքին. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31):
Ավետարանում գրված է, որ մանկացյալ Աստվածորդուն կոչեցին Հիսուս, ինչպես որ պատվիրել էր հրեշտակը (Մատթ. 1.21)։ Հիսուս անունը հրեական Հեսու անվան հունարեն տարբերակն է կամ եբրայական արտասանությամբ` Հեշուա, որ նշանակում է՝ Տերը փրկում է։ Իսկ Քրիստոս՝ նշանակում է Օծյալ։
Քրիստոսի անվանակոչմամբ մարդկության պատմության մեջ նոր էջ բացվեց՝ փրկության էջը: Քրիստոսի Սուրբ անվանբ կոչվել ենք քրիստոնյա (մեկ միասնական անվան ներքո), որպեսզի արժանի լինենք մեր անվանը և կարողանանք պատվով արտաբերել Հիսուս Քրիստոսի անունը:
Զարա Ղազարյան