Առաջավորաց պահք

Առաջավորաց պահք

Մեծ Պահքից երեք շաբաթ առաջ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Այս տարի Առաջավորաց պահքը սկսվում է հունվարի 22-ին և տևելու է մինչև հունվարի 26-ը:


Առաջավորաց պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը` Խոր Վիրապից ելնելուց հետո: Նա 65 օր քարոզել է քրիստոնեությունը, հայոց արքունիքը դարձի բերել և մինչ դարձի եկածներին մկրտելը՝ կարգադրել է հնգօրյա պահք պահել:


Ինչո՞ւ հինգ օր. այն հանցանքները, որ մարդիկ գործում են ամբողջ տարվա ընթացքում հինգ զգայարաններով, պետք է ջնջվեն հնգօրյա պահքով:
Հնգօրյա պահքը զգայարանների սրբության համար է: Իսկ «Առաջավորաց» անունը պահոց շրջանը ստացել է տարվա ընթացքում առաջին պահքը լինելու պատճառով և համարվում է տասնմեկ շաբաթապահքերից մեկը:


Առաջավորաց պահքն առանձնանում է իրեն հատուկ փոխինձ կերակրատեսակով, որով էլ լուծվում է պահքը:
Հինգ օրերի ընթացքում պետք է սնվել միայն բուսական կերակուրներով, հետևել պատվիրանների բացարձակ իրագործմանը, որը հնարավորություն կտա ևս մեկ աստիճանով  մոտենալ հոգու հավերժությանը:


Պահքը հնարավորություն է Աստծո լույսի միջոցով, Սուրբ Հոգու շնորհի ներթափանցմամբ ճանաչել ինքդ քեզ, քո մեղքերը և, պայքարելով դրանց դեմ՝ հայտնվել մեկ այլ իրականության մեջ, որտեղ միայն լույս, սեր և խաղաղություն է տիրում: Այն սեփական փրկությանն անդրադառնալու ևս մեկ հնարավորություն է ։ «Եթե ըստ մարմնի ապրեք կմեռնեք, իսկ եթե հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք»: (Հռոմեացիներ 8:13)


Հաճախ Առաջավորաց պահոց շրջանը թյուրիմացաբար կապում են Ս. Սարգսի տոնի հետ, սակայն հարկ է նշել, որ պահքը կապված է միայն հայ ժողովրդի միասնական դարձի հետ:


Ռաիսա Պապյան

  • 2021-08-09
×