Թարգմանչաց տոն: Երբ Աստված խոսեց հայերեն

Թարգմանչաց տոն: Երբ Աստված խոսեց հայերեն

Դարեր շարունակ հայ ազգը, կանգնելով դժվարությունների, պառակտման, պատերազմի ու ոչնչացման եզրին, գտել է փրկության իր ճանապարհը. զենքից բացի` հավատ, միտք ու գրիչ:


387թ. Հայաստանը, բաժանված լինելով երկու մասի, այս անգամ ևս կանգնեց մեծ խնդրի առաջ. մի կողմից` կրոնական, իսկ մյուս կողմից` քաղաքական: Դեռ 301 թվականին, երբ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն, հայ ժողովուրդը գրում ու կարդում էր հունարեն և ասորորեն լեզուներով: Արդյունքում շատերն էին դժվարանում հասկանալ Սուրբ գիրքը և Աստծո պատգամները, ինչը խոցելի էր դարձնում հավատքը:


301 թվականին առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգը սկսել էր կատարել առաջին քայլերն Աստծուն լսելու, ճանաչելու և հասկանալու համար: Սակայն մինչև 5-րդ դար հայկական եկեղեցիներում Աստծո խոսքը հնչում էր տարբեր լեզուներով` հունարեն և ասորերեն, ուստի անհրաժեշտ էին անհատներ, ովքեր կկարողանային մեկնել, թարգմանել Աստծո խոսքը:


Ահա այս պայմաններում էր, որ Ս. Մեսրոպ վարդապետը Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ և Վռամշապուհ արքայի աջակցությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը, այնուհետև Աստվածաշնչի թարգմանությանը:


Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։


Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթից, որի վրա գրում էր, և նկատել է Աստծո ձեռքը, որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը: Դա բեկումնային դարձավ հայ ժողովրդի թե՛ կրոնական, թե՛ մշակութային, թե՛ քաղաքական կյանքի հետագա ընթացքի համար:


Գրերի գյուտից անմիջապես հետո Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց աշակերտներն անցան թարգմանական աշխատանքներին, որի նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով:


Առաջին նախադասությունը եղավ Սողոմոնի «Առակաց գրքից» թարգմանված հատվածը. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Ապա սկսվեց Աստվածաշունչ մատյանի ամբողջական թարգմանությունը, որը տևեց ընդհանուր առմամբ 30 տարի և ֆրանսիացի գիտնական Լա Կրոզի կողմից համարվեց «Թարգմանությունների թագուհի»:


Աստված խոսեց հայերեն, խոսեց հարազատ ու կենդանի լեզվով: Սուրբ թարգմանիչները ստեղծեցին այն ճանապարհը, որով Աստված մոտեցավ մեզ, և մենք մոտեցանք Աստծուն: Աստված մեզ հետ խոսեց հայերեն:


Նրանք եղան Աստծո թարգմանիչները և «թարգմանեցին Աստծուն»: Եվ այս անփոխարինելի ներդրման համար Հայ Առաքելական եկեղեցին սահմանել է հատուկ տոն՝ Ս. Թարգմանչաց տոն, որը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
5-րդ դարով , սակայն, չավարտվեց թարգմանչաց շարժումը: Ամեն տարի այս տոնը հիշեցնում է Աստծո խոսքը լսելու, հասկանալու և այն հասանելի դարձնելու կարևորության մասին:


Իզուր չէ կարևորվում առաջին թարգմանված նախադասությանը. «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը», որ նշանակում է գիտակված ապրել Աստծո խոսքով. ճանաչել Նրան, լսել Նրան, կատարել Նրա խոսքը:

 


Հասմիկ Թամամյան

  • 2021-08-08
×