«Այսօր ուրախացավ երկինքը, և ցնծաց երկիրը։ Այսօր բարգավաճելով պայծառացավ Սիոնը՝ Մայր Եկեղեցին։ Այսօր անարատությամբ հարսնացած ընդհանրական առաքելական Եկեղեցին, իր գլուխը գեղավայելուչ պսակով զարդարած ու պճնված, հրճվանքով ու բերկրանքով լցված, նշում է տոնը քառաթևի՝ Աստծո Որդու արյամբ՝ չբթացող կերպով սրված աստվածային նշանի, աշխարհը փրկագործողի, այսինքն՝ աշխարհին կյանք պարգևած, Աստծուն իր վրա ընդունած Խաչի, որ կանգնեցվեց աշխարհի կենտրոնում ու ցոլալով բարձրացավ սուրբ Գողգոթայի վրա։ Իր պահպանիչ ու ամեն ինչին հաղթող զորությամբ թևերը տարածեց բոլոր հեթանոսների վրա»։ (Զաքարիա կաթողիկոսի ճառը` նվիրված աստվածընկալ սուրբ խաչին)
Մահ, կյանք, ուրախություն, ուժ, անարգանք, զորություն, պատիժ, փրկություն, հավիտենություն, այս բոլոր գաղափարներն իր մեջ կրում է այն քառաթև փայտը, որը դարձավ քրիստոնյա աշխարհի փրկությունն ու քրիտոնյայի զենքը։
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր օրացույցում Սուրբ Խաչին նվիրված չորս տոն ունի ՝ Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց:
Խաչի գյուտի (գտնվելու) տոնը նշվում է հոկտեմբերի 23-29-ն ընկած կիրակի օրը, այս տարի՝ հոկտեմբերի 29-ին։
Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից հետո նրա խաչափայտը գտնվում էր լքված ու մոռացված վիճակում: Հռոմի Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, որտեղ հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայր առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը և Գողգոթան, սակայն Հակոբոս առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի Խաչը Նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ ծածկել էին հողով` հսկելով ու արգելելով մոտենալ դրանց: Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ խաչերը հանում են հողի տակից, և որոշելու համար, թե որն է Քրիստոսինը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես և ի մխիթարություն, Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում։
Եկեղեցական ավանդության մեջ սա առաջին դեպքն է, երբ Խաչը հանդիսավորապես կանգնեցվում է` փառավորվելով հավատավոր զավակների կողմից: Նրանցից շատերը վկաներն են լինում նաեւ Խաչափայտի վրա շողացող պայծառ լույսի: Պատրոնիկե կայսրուհու խնդրանքով Հակոբոս Տյառնեղբայրը նրան է նվիրում Խաչից մի մաս, որը կայսրուհին տանում է Հռոմ: Նվիրական Խաչափայտի անգին այս մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմեին, ով էլ իր հետ այն բերում է Հայաստան:
Դրանից հետո հրեաները, սպանելով Հակոբոսին, կրկին խլում են խաչափայտը ու թաքցնում: Խաչի գտնվելու վայրը մնում է անհայտ՝ մինչ խաչի բուն գյուտը, որը տեղի է ունեցել 4-րդ դարում՝ Հեղինե կայսրուհու կողմից:
327 թվ-ին, Կոստանդին կայսեր մայրը՝ Հեղինեն, Քրիստոսի խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Այստեղ նա մեծ դժվարությունների է հանդիպում, քանի որ հրեաները, ովքեր թշնամացած էին քրիստոնյաների դեմ, թաքցրել էին հրաշագործ Խաչափայտը: Տիրոջ խաչի տեղը գիտեր միայն Հուդա անունով մի հրեա, ով սկզբում հրաժարվում է օգնություն ցույց տալ, սակայն 6-օրյա բանտարկությունից հետո համաձայնում է օգնել կայսրուհուն` գտնել Գողգոթայի՝ Հիսուսի խաչվելու վայրը, որն այդ ժամանակ դարձել էր մոռացված վայր ու գործածվում էր որպես աղբատեղի: Այդ վայրում սկսվում են պեղումներ, որոնց արդյունքում գտնում են երեք խաչափայտ՝ Քրիստոսինը և երկու ավազակներինը: Սակայն Քրիստոսի Խաչի պատկանելությունը ոչնչով չէր փաստվում: Այդ ժամանակ թագուհու պահանջով մի մեռած պատանու բերում ու դնում են երեք խաչերից յուրաքանչյուրի վրա: Երրորդ խաչի վրա դնելիս հետո պատանին վերակենդանանում է, և այդպես ճանաչվում է տերունական խաչը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինե կայսրուհին Գողգոթայում Ս. Հարություն անունով տաճար կառուցեց, որտեղ և բարձրացրեց Քրիստոսի խաչը՝ ի ցույց ժողովրդի: Հուդան էլ քրիստոնեություն ընդունելով՝ դարձավ Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը:
Խաչը մեկի համար զորության, մյուսի համար տկարության խորհուրդ է, մեկի համար՝ մահվան, մյուսի համար՝ կյանքի խորհուրդ, ուստի պետք է հիշել հետևյալ խոսքը. «Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն»։
Հասմիկ Թամամյան