Վերջերս ապրում էի իմ կյանքի ամենածանր շրջաններից մեկը: Դե, այդպես լինում է: Այս աշխարհում ապրող որևէ մարդ անմասն չի մնում դժվարություններից, ձախողումներից, ցավից ու վերքերից: Մեզնից յուրաքանչյուրը պարբերաբար հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ դադարում է ելքեր նշմարել, ցավը դառնում է ամեն օրվա ուտելիք, անհուսությունը հիվանդացնում է, շրջապատող աշխարհը կորցնում է փայլը, կարևորությունը, կյանքը՝ իմաստը. ուզում ես մեռնել, բայց նաև հասկանում ես, որ դա չէ քո խնդիրների լուծումը. պետք է մնալ ու ապրել:
Երբ ինքս նման վիճակում էի, հիշեցի, թե ինչպես էր Էքզյուպերին իր հայտնի «Աղոթք» ստեղծագործության մեջ Աստծուց խնդրում ուժ՝ ամեն օրվա համար.«Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար...Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում...»:
Եվ ես նույնպես սկսեցի խնդրել ուժ՝ ամեն օրվա համար: Երբ այդ ուժն ինձ տրվեց, սկսեցի փնտրել ապաքինումը, հասկանալ դրա էությունն ու բաղադրությունը. ապաքինում ցավից, վերքերից, անհուսությունից: Այս ճանապարհին հասկացա, որ ամենակարևորը ցավից ու փորձությունից չփախչելն է, այլ դրանք ընդունելն ու տանելը: Մահվան ենթակա մեր հատվածը վախենում է ցավ զգալուց, վախենում է ընկնելուց, վերքոտվելուց, իսկ աստվածային մասը պատրաստ է համբերատարությամբ լցվելու, պատրաստ է դրանց միջով քայլելու ու բոլորովին նոր որակներ ձեռք բերելու: Նույնիսկ Հիսուս Գեթսեմանի այգում խնդրում էր հեռացնել իրենից սպասվող փորձության բաժակը, բայց հետո, իհարկե, ամեն բան թողնում է Աստծո կամքին՝ լցվելով համբերությամբ: Եվ սա մեզ համար կատարյալ օրինակ է, երբ գտնվում ենք ցավի, փորձության մեջ ու ապաքինում փնտրում:
Նման իրավիճակներում մեզ թվում է, որ Աստված լքել, մոռացել է մեզ, և որ ամեն ինչ մեր դեմ է: Հենց այդ ժամանակ պետք է մի պահ կանգ առնել ու զգալ, որ գտնվում ենք Աստծո հոգատար ձեռքերում, պարզապես մեզ աճեցնելու, ավելի բարձր և ուժեղ դարձնելու այլ ճանապարհ չկար: Ու մենք պիտի անցնեք ցավի միջով գոհունակությամբ:
Այսպես սկսում է ապաքինումը, որն ունի երեք բաղադրիչ՝ պատասխանատվություն, ներողամտություն և սեր: Դրանցից յուրաքանչյուրը քայլ է, որը բուժում է մարդու ներսում առաջացած վերքերը, օգնում վերագտնել խաղաղությունն ու շարունակել ապրել:
Երբ մենք ցավ ենք ապրում, սովորաբար դրա ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը բարդում ենք այլոց և իրավիճակների վրա: Բայց պետք է հաշվի առնել, որ զոհի կարգավիճակում գտնվելը ոչ մի կերպ չի կարող օգնել մեզ՝ օգնելու մեզ: Երբ դու կարծում ես, որ քեզ վնասել են, խոցել, վերքոտել, դառնում ես անուժ: Իսկ երբ համաձայնում ես, որ ամբողջ ընթացքում դու ինքդ ես արել քայլեր, որոնք քեզ հասցրել են ինչ-որ կոնկրետ վիճակի, ամեն բան փոխվում է: Հասկանում ես, որ իրականում քնած ես եղել, քնած, ընդարմացած և անհաղորդ: Ու քեզ հետ կատարվող ցավը միակ բանն է, որը կարող է արթնացնել քեզ և դուրս բերել այդ դրությունից: Աստված օգնում է նրանց, ովքեր օգնում են իրենք իրենց:
Մյուսը ներողամտությունն է: Որպեսզի կարողանանք ևս մի քայլ անել դեպի ապաքինում, մեզ անհրաժեշտ է ազատվել ավելորդ բեռից: «Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և Ես հանգիստ կտամ ձեզ»,- ասվում է Աստվածաշնչում (տե՛ս Մատթեոս ԺԱ 28): Մարդու սիրտը լցված է ատելությամբ, չարությամբ, վրեժի զգացումով: Ներողամտությունը գիտակից աշխատանք է ինքդ քեզ հետ, ինչ-որ առումով՝ բեռնաթափում: Այն ևս պահանջում է կամք ու հոգևոր ռեսուրսներ, երբեմն ներողամիտ լինելը բոլորովին վերմարդկային երևույթ է: Ներել և ընդունել մարդկանց, ովքեր մեզ ցավեցրել ու տառապանք են պատճառել, ներել ու բարին կամենալ...: Սա հնարավոր է, երբ մենք մեր ներսում զգում ենք Աստծո ներկայությունն ու տեսնում, որ աշխարհի շարժիչ ուժը ներողամտությունն է:
Եվ հետո գալիս է սերը, որովհետև սերն ամեն ինչ բուժում է: Այն բացում է մարդու սիրտը ապաքինման առաջ: Սերը մարդուն լցնում է համբերությամբ, ազատում բարկությունից, նախանձից, ատելությունից, բուժում անհուսությունից: Եվ երբե՛ք, երբե՛ք չի անհետանում: Դրա համար է այն ամենակարևոր ու մեծագույն շնորհը: Ամեն մարդու մեջ կա սիրո սերմը, ոչ մի մարդ զրկված չէ սիրուց: Պարզապես ոմանք ոչ մի քայլ չեն արել, որպեսզի իրենց սիրո սերմը ծիլեր տա և աճի: Նման մարդկանց մոտ սերը սաղմնային վիճակում է, բայց այն կա: Եվ բավական է մի փոքր հոգատարություն և խնամք, ու սերը կաճի:
Այսպիսին է ապաքինման տանող ուղին: Մնացած ամեն ինչ ինքնախաբեություն է կամ ժամանակավոր փախուստ:
Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ