Մեզանից դեռ շատ դարեր առաջ Հովակիմն ու Աննան աղոթելով Աստծուց երեխա խնդրեցին ու երդվեցին, որ ծնունդի դեպքում մանկանը նվիրաբերելու են Աստծո ծառայությանը: Հովակիմն ու Աննան կատարեցին իրենց ուխտը, երբ Աստվածածինը դարձավ երեք տարեկան:
Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է, որը նշվում է նոյեմբերի 21-ին:
Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ։
Երբ երեքամյա Մարիամին բերում են տաճար, նա առանց օգնության բարձրանում է տաճարի տասնհինգ աստիճաններով և բոլորին զարմացնում: Ամեն տարի ծնողները Մարիամին տանում էին տաճար, մինչև լրացավ նրա յոթը տարին: Յոթ տարեկանից նա սկսեց ապրել տաճարում:
Յոթ տարի սրբությամբ և աղոթքով Երուսաղեմի տաճարում մնալուց հետո Մարիամը դարձավ Հովսեփի նշանածը, որից հետո պետք է ստանար Գաբրիել հրետակապետի ավետիսը։
Աննան և Հովիկամը ստացան իրենց հավատի չափով, հավատացին ու արժանացան իրենց պարգևին՝ զավակին։ Եվ իրենց երդման համաձայն երեխային տաճարին ընծայումը ամենևին չնշանակեց, որ նրանք պետք է հրաժարվեին երեխայից։
«Երեխային տաճարին ընծայումը նշանակում է, հասկանալ ու հաստատել, որ երեխան մեր սեփականությունը չէ, այլ Աստծո պարգևը մեզ, ում պետք է խնամենք, դաստիարակենք, պահպանենք, սնուցենք հոգևոր և իմացական լույսով։ Նույն խորհրդով այսօր էլ ծնողներն իրենց երեխաներին բերում են եկեղեցի՝ քառասունքի կարգին մասնակցելու համար»,-բացատրում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Տիկին Աննան իր 25 տարվա աշխատանքային փորձով վստահեցնում է, որ երեխային տառեր ու թվեր սովորեցնելուց առաջ պետք է նրան Աստծուն մոտեցնել. «Աշխատել եմ հազարավոր երեխաների հետ, ովքեր ունեն տարբեր բնավորություններ ու մի բան հստակ հասկացել եմ այս տարիների ընթացքում. եթե ուզում ենք մեր ապագա սերունդը ազնիվ ու շիտակ լինի, նրանց պետք է դեռ մանկուց Աստծուն մոտեցնենք», - ասում է նա:
Ամենևին պատահական չէ, որ Սուրբ Կույսի ծնողները նրան Տաճարին նվիրաբերեցին, երբ Մարիամը ընդամենը երեք տարեկան էր: Ըստ հոգեբանների հենց այս տարիքից երեխայի ուղեղում ձևավորվում է լավի ու վատի գիտակցությունը: Հենց այս տարիքից են սկսում առաջանալ բազում հարցեր կապված ծագումնաբանության, հավատքի ու եկեղեցու հետ: Ուստի հենց փոքրուց էլ երեխային հակավոր է մոտեցնել Աստծուն Ավետարանի ընթերցանությամբ, իսկ ավելի մեծ տարիքում՝ եկեղեցական տարբեր շառայություններում երեխայի ներգրավմամբ: Կիրակնօրյա դպրոցներ, հոգևոր դասեր, երգ, պար, աղոթքների ուսուցանում, իսկ տղաների համար նաև դպրություն: Այսպես՝ դեռ փոքրուց երեխաները մասնակցում են պատարագների, ժամերգությունների ու եկեղեցական այլ ծիսակատարությունների:
Տերն ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ եթե դարձի չգաք ու չլինեք երեխաների նման, չեք մտնի Երկնքի Թագավորությունը»:
Երեխային տաճարին ընծայաբերել ասելով ամենևին պարտադիր չէ հասկանալ դա բառացի. պարտադիր չէ, որ երեխան դառնա հոգևորական կամ միաձնուհի։ Բավական է միայն դաստիրակել նրան որպես ազնիվ ու բարեպաշտ քրիստոնյա և նրանց հետ եկեղեցի հաճախել։
Մարիամ Խաչատրյան