Խոնարհության և խեղճության տարբեր բևեռները

Խոնարհության և խեղճության տարբեր բևեռները

Խոնարհությունը քրիստոնեական արժեքների մեջ կարևորագույններից է, որը սակայն հաճախ մեկնաբանվում է որպես խեղճություն: Եթե անգամ մի կողմ թողնենք երևույթի քրիստոնեական մեկնաբանությունը և ուսումնասիրենք այս երկու  բառերը, կտեսնենք, որ հոմանիշների ոչ մի բառարանում «խեղճ» բառը չի դիտարկվում որպես «խոնարհ»-ին հոմանիշ: Բացատրական բառարաններում «խոնարհ» բառը բացատրվում է որպես գոռոզությունից, մեծամտությունից զուրկ, իր անձի` ուժերի համեստության գիտակցությամբ լցված, համեստ, հնազանդ։ Մինչդեռ  խեղճը «գութ շարժող, կարեկցության արժանի, ողորմության արժանի» մարդն է: Այսպիսով` բառերը թեկուզ միայն լեզվական տեսակետից դիտարկելիս էլ պարզ է, որ խոսքն իրարից հիմնովին տարբեր երկու երևույթների և դրանց անվանումների մասին է: Ուստի քրիստոնեությունը քարոզում է ոչ թե խեղճություն, այլ համեստություն, մեծահոգություն և սեր:

 

Քրիստոս Ինքն իր կանքով եղավ խոնարհության օրինակ ու քարոզիչ. «Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձնից սովորեցեք, որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք» (Մատթ. 11:29): Քրիստոսի խոնարհությունը տեսանելի է Նրա կյանքի յուրաքանչյուր դրվագում` սկսած Նրա որտեղ և ինչ պայմաններում ծնված լինելուց (Մատթ. 1), մինչ այն դրվագը, երբ խոնարհվում է` աշակերտների ոտքերը լվանալու (Հովհ. 13: 4-17) կամ երբ զոհաբերում է իր անձը` հանուն մարդկանց փրկության:

 

Նշված դրվագներում առավել ակնհայտ է, որ խոնարհությունն աղերս չունի խեղճության հետ, ընդհակառակը` խոսում է կատարելության մասին: Աստվածաշնչում նույնպես ասված է.  «Ձեզանից ով որ կամենա մեծ լինել, թող ձեզ ծառա լինի: Եվ ձեզանից ով որ կամենա առաջինը լինել, թող ամենի ծառա լինի» (Մատթ. 10:43-44): Սուրբ Գրքում նաև գրված է. «Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս» (Հակ 4:6): Իսկ ընդհանրական եկեղեցու սուրբ Հովհան Ոսկեբերանը խրատում է. «Ով բարի գործերի հեղինակ է և այդ ընթացքում իրեն վերջին տեղում չի դնում, ոչ մի օգուտ չի ունենա իր բարի գործերից»:

 

Խոնարհության և միևնույն ժամանակ ուժեղ քրիստոնյայի օրինակ է Ս. Մարիամ Աստվածածինը: Նա հրաժարվեց իրենից, դատարկվեց, որ իր մեջ բնակվի Աստված՝ Աստծո Որդին ու խոնարհությամբ իր Որդու հետ կիսեց բոլոր չարչարանքները:

 

Տիրամոր խոնարհության հաստատումը հրեշտակի ավետմանն ի պատասխան եղավ իր ինքնաբնութագրումը ՝ «Տիրոջ աղախին»: Նա եղավ առաջինը խոնարհների ու աղքատների մեջ: Աղքատների մեջ նա եղավ ամենահարուստը՝ Փրկչի մայրը և խոնարհներից բարձրացվեց մինչև Աստծո գահը:

 

«Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով, որովհետև նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա: Եվ ահա, այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան…» (Ղուկ. 1.46-55)

 

Վիկտորյա Մարկոսյան

  • 2021-08-09
×