«Խաբեության կծիկի» կարմիր թելը

«Խաբեության կծիկի» կարմիր թելը

Չնայած ժամանակակից աշխարհի զարգանալու և արագ առաջ շարժվելու միտումներին՝ սնոտիապաշտ երևույթների հանդեպ հավատը մարդկանց մեջ դեռ լիովին չի վերացել: Սնահավատությունները ձևավորվել և տարածվել են դարեր առաջ, երբ մարդիկ ի վիճակի չեն եղել բացատրել ու պաշտպանվել տարբեր տեսակ երևույթներից կամ չարիքներից:

 

«Սև կատուն անցավ դիմացովս. վատ բան է սպասվում», «Ծառին երեք անգամ խփեմ՝ աչքով չտան», «աղ թափվեց, տանը կռիվ կլինի» և այլն, շարքը կարելի է երկար շարունակել։


«Սնոտիպաշտության հիմքում ընկած է անձի իմացական դաշտի բացը, երբ տարբեր վախ հարուցող, իրենց համար անհասկանալի երևույթներից փորձում են պաշտպանվել փայտին խփելով կամ թու-թու ասելով»,- ասում է հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:

 

Որքան էլ զարմանալի է, բայց տեխնոլոգիապես գերզարգացած 21-րդ դարում մարդիկ ոչ միայն հավատում են անցյալից եկած մնացուկներին, այլ գիտության զարգացմանը զուգահեռ ստեղծում են սնոտիապաշտության նոր ձևեր: Դրանցից հատկապես տարածվածներից է կարմիր թելը:


«Անցած տարի կապել էի դաստակիս: Ամռանը Երուսաղեմ էինք գնացել, այդտեղից էի բերել: Մտքովս էլ չէր անցում, որ մեր կրոնի համար ընդունելի չէ: Հերթական կիրակի օրը՝ պատարագից հետո, քահանան նկատեց: Չպատվիրեց հանիր, այլ բացատրեց իմաստը, ու ինքս հասկացա, որ հանել է պետք»,- պատմում է Աննան, ով շուրջ երեք ամիս կարմիր թելը կրում էր դաստակին:


Թելը կարելի է նկատել ոչ միայն երիտասարդների, այլև համաշխարհային ու տեղական աստղերի դաստակին: Այն կապելու պատճառը, հիմնականում, ինչպես Աննայի դեպքում ՝ չիմացությունն է: Թելը գալիս է Իսրայելից և ունի հին ակունքներ: Իսրայելի նախամայրերից մեկի՝ Ռաքելի դամբարանի շուրջ մշտապես կարմիր թել են փաթաթել, որն իբր օժտվում էր կախարդական ու գերբնական հատկություններով ու կրողին պահում էր չարից ու նախանձից: Այն հատուկ է հնդկական կրոնին, կաբբալիստներին և զանազան օկուլտիստական շարժումների հետևորդներին: Նրանք բացատրում են, որ կարմիր թել կապելով` տվյալ մարդը պաշտպանվում է չար աչքից, ձախորդություններից և այն չեզոքացնում է բացասական էներգիան: Բայց ի՞նչ կապ ունի քրիստոնեությունը օկուլտիզմի ու հեթանոսության հետ:
Ուզո՞ւմ ես օրհված լինել՝ ապավինիր Աստծուն, այլապես Աստվածաշնչում գրված է. «Ձեր մեջ չգտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դյութություն դյութող, գուշակող, հմայող և հավահարց, նաև՝ կախարդ կամ վհուկ կամ ՆՇԱՆԱԳԵՏ, կամ մեռելահարցուկ: Որովհետև բոլոր այս բաներ անողը Աստծո առաջ ԳԱՐՇԵԼԻ Է… » (Բ Օրինաց 18.10-12):


«Ճշմարիտ և ուղղափառ հավատքի հետ այս ավանդույթը ոչ մի կապ չունի: Խաչն է մեր պահապանը և զենքն ընդդեմ սատանայի: Քրիստոնեությունն անհամատեղելի է սնոտիապաշտության և մոգության հետ»,- ասում է Հայր Մինաս աբեղա Հախվերդյանը:


Ըստ Տիկին Մեհրաբյանի՝ կարմիր թելը հերթական նորաձևություն է, որը կարող էր լինել կապույտ կամ կանաչ.
«Նորաձևության հոսանքով նաև կարմիր թելը հայտնվեց մեր մեջ: Առանց տարիքային սահմանափակման կարելի է ամենուր հանդիպել մարդկանց՝ կարմիր թելը դաստակին: Եթե կարմիր թելը նորաձև չլինի, սպառի իրեն, կարող են այլ նման իրեր, թելեր երևակայորեն ավելացնել: Երազանքի իրականացումը երկար ճանապարհ է և մարդուց պահանջում է ճիշտ պլանավորում, սեփական ուժերի գիտակցում, ինքնավստահություն, նպատակադրում», - վստահեցնում է հոգեբանը:


Ըստ նրա՝  մարդիկ թելը դարձրել են բիզնեսի՝ գումար վաստակելու միջոց: Եվ իսկապես, Google որոնողական համակարգում մի փոքր փնտրելով՝ կարելի է տեսնել, որ կարմիր թել վաճառող հատուկ կայքեր, խանութներ կան: Մի քանի տուփ գնելու դեպքում էլ մեկը նվեր են առաջարկում:


Կապե՞լ, թե՞ չկապել. յուրաքանչյուրն ինքն է որոշում: Բայց քայլ անելուց առաջ հարկավոր է մտածել, թե ինչի հետ եք կապում ձեր նպատակների իրականացումը.կարմիր թելի՞, թե՞ Աստծո:

 


Մարիամ Խաչատրյան

  • 2021-08-09
×