Վերաարժևորելով լռությունը. Քրիստոսի թաքնված դասը

Վերաարժևորելով լռությունը. Քրիստոսի թաքնված դասը

Վերջերս սոցիալական կայքերից մեկում մի գրառում կարդացի, որտեղ հռետորական հարց էր ուղղված առ այն, թե ինչո՞ւ չի կարելի եկեղեցում ծիծաղել... Գրառման հեղինակը հավանաբար ակնարկում էր, որ եկեղեցում խիստ մթնոլորտ է, ծիծաղելը և ուրախությունը՝ արգելված: Իհարկե, եկեղեցու ներսում գտնվելը ենթադրում է վարվեցողության որոշակի կանոններ. այն ժամանցի կամ զվարճանքի վայր չէ, ուստի չպատճառաբանված ծիծաղն այստեղ անհարկի է, բայց հոգևոր ուրախություն ապրելը, որը կարող է ուղեկցվել ժպիտով, երջանկության արցունքներով, ինչու ոչ, ի սրտե ծիծաղով, ծանոթ է իսկական հոգևոր ապրումներ ունեցած քրիստոնյային: Պարզապես պետք է հաշվի առնել մի հետաքրքիր հանգամանք. այսօր եկեղեցին այն քիչ վայրերից է, որտեղ մարդուն լռություն և լռելու հնարավորություն է շնորհվում: Վայր, որտեղ դու կարող ես աչքերդ փակել, շնչել խնկաբույրը, առանձնանալ քո ներաշխարհում, խորհել, տարբեր հարցերի պատասխաններ գտնել... 

 

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աղմուկը գրեթե ամենուր է: Մարդկանց մեծ մասն արդեն վաղուց համակերպվել է մշտական աղմուկի հետ. ամեն տեղից հնչող երաժշտություն, երթևեկության աղմուկ, հեռուստատեսությունից ու համացանցից արտամղվող ինֆորմացիոն աղմուկ... Քչերն են տեղյակ, որ սա խիստ բացասաբար է ազդում մեր ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Հատկանշական է, որ հայտնվելով լռության մեջ, մարդն անհարմարություն է զգում. առանց սովորական դարձած աղմուկի, անընդհատ ծավալվող երկխոսությունների ու ինֆորմացիոն հոսքի դադարի պայմաններում մերօրյա մարդը սկսում է ընկճվել, ճնշվել ու լռությունից ազատվելու միջոցներ է փնտրում: Այսպիսով մենք աղմուկ ենք փնտրում կամ ստեղծում ենք դա ինքներս: Մինչդեռ լռությունը որպես երևույթ մշտապես կարևորվել է աշխարհի բոլոր քաղաքակրթություններում և մշակույթներում, լռելու ունակությունը համարվել է արվեստ ու բարձր արժանիք:
Եվ այսօր մարդը խնդիր ունի վերաարժևորելու լռությունը:

 

Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ լռությունը

 

Հայտնի փաստ է, որ լռությունը լավագույն դեղամիջոցներից է ցանկացած իրավիճակում: Այն օգնում է կենտրոնանալ խնդրի վրա, վերաիմաստավորել փաստերը, ընդունել սխալները, մեղմացնում է անհանգստությունները: Երբ մենք իսկապես լռության մեջ ենք, այդ ժամանակ ենք մեզ զգում մեկ բնության ու տիեզերքի հետ, որովհետև միայն այդժամ ենք կարողանում լսել այն, ինչ մինչ այդ մեզ համար անհայտ էր: Մենք սկսում ենք լսել ինքներս մեզ, մեր ձայնը, որը պարբերաբար խլացվում է առօրյա աղմուկներում: Երբ մենք ինքներս մեզ սովորեցնում ենք լռությանն ու գտնում ենք մեր ձայնը, սկսում ենք ավելի հաճախ լռել, ավելի քիչ աղմուկ ստեղծել, ավելի շատ մեր ներս նայել:

 

Ինչո՞ւ է կարևոր լռելը

 

Քրիստոնյա մարդն իր համար գերագույն օրինակ է համարում Հիսուսի երկրային կյանքի ուղին, թե ինչպես ապրեց, խոսեց ու գործեց Աստծո Որդին: Սա բնավ չի նշանակում կուրորեն ընդօրինակել Նրան (այդպես նույնիսկ հնարավոր էլ չէ), սա նշանակում է սեփական կյանքը կառուցել այն բոլոր դասերի ու ողջ իմաստության վրա, որ թողել է Հիսուս ամբողջ մարդկությանը: Այսպիսով, գլխավոր դասը համարելով սերը, մենք փորձում ենք սիրել մեր կողքին կանգնած մարդուն, չդատել, քարեր չնետել նրա վրա, ընկածին բարձրացնել, սովածին կերակրել. այսպիսին ենք պատկերացնում մարդուն, ով փորձում է Քրիստոսի աշակերտը լինել երկու հազար տարի անց: Բայց կա մի արժեք ու դաս, որը միշտ չէ ուշադրության կենտրոնում պահվում, համենայն դեպս, չի շեշտադրվում այնքան, որքան բարի գործ անելը կամ սիրել կարողանալը, սակայն խիստ արժեքավոր է իրեն քրիստոնյա համարող յուրաքանչյուր մարդու համար: Դա լռելու կարողությունն է, լռության դասը: Երբ մարդը սովորում է լռել և սիրել լռությունը, ապրել լռության մեջ, նրա խոսքն էլ բոլորովին այլ որակ է ստանում: Ինչո՞ւ էր Քրիստոսի խոսքն այդքան ազդեցիկ, ինչո՞ւ և ինչպե՞ս էր Նա կարողանում խոսքով բժշկել, խոսքով ազդել, խոսքով լուսավորել: Նա գիտեր լռել. Նա լռություն էր կրում Իր մեջ, որովհետև Արարիչն էլ ամբողջական Լռություն է: Միայն լռությունից ծնված խոսքը կարող է իրադարձություններ առաջ բերել, երևույթներ ծնել: Հակառակ դեպքում արտաբերած խոսքն ընդամենը աղմուկ է: Դեռ Ծննդոց գիրքն է վկայում, որ ամեն ինչ արարվել է խոսքով, բայց այդ ի՞նչ խոսք է, որտեղի՞ց է այն գալիս: Այն գալիս է լռությունից... Քրիստոսի խոսքերը ևս մեծագույն լռության արդյունք էին, դրանք կարող էին ամբոխներ լռեցնել, ամբոխներ արթնացնել: Դրանք այնպիսին են, որ հազարամյակներ անց կարող են ազդել, օգնել, հույս ու սեր ներշնչել, վախեր ցրել, թևեր տալ... Սա դաս է յուրաքանչյուրիս, շատ խորքային դաս:


Բոլորովին պատահական չէ, որ լուռ է տիեզերքում, լուռ է բնության մեջ, լուռ է Աստծո տանը: Այսպիսով մենք ինքներս մեզ պիտի տանենք գիտակից լռության՝ վերաարժևորել այն որպես արժեք, վիճակ և հնարավորություն: Սա է ներդաշնակության ուղին և սա է Քրիստոսի թաքնված դասերից մեկը, որն օր առաջ պետք է յուրացնենք՝ որպես Նրա աշակերտներ:

 

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ

Սկզբնաղբյուր՝  «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2021-08-09
×