Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոն

Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոն

«Նա է սովորեցրել Հիսուսին քայլել, աղոթել, լվացվել, անել այն ամենը, ինչը մարդու կյանքը դարձնում է այդքան գեղեցիկ: Եվ նույնը նա շարունակում է անել այսօր: Նա միշտ պատրաստ է օգնել մեզ և սովորեցնել, թե ինչպես սիրենք Հիսուսին, ինչպես հպվենք Նրան, ինչպես տեսնենք Նրան, ինչպես ճանաչենք Նրան՝ հիվանդների ու կարոտյալների կերպարի ներքո, ինչպես ծառայենք Նրան: Նա հրաժարվել է իրենից, նա դատարկեց իրեն: Եվ Աստված լցրեց նրան շնորհով: Նա լցված էր Աստծո շնորհով, և, նշանակում է, որ լցված էր Աստծով: Նա լցված էր Աստծով, քանզի ապրում էր միայն Նրա համար: Եկե՛ք ապրենք այդպես»: (Մայր Թերեզա)


Սեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր Եկեղեցիներն անփոփոխ տոնում են Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնունդը:


Մարիամն, ում անունը մեկնաբանվում է լուսավորյալ կամ Աստծո սիրելի, ուխտի զավակ էր։ Աստվածածինը ծնվեց իր ծնողների երկար տարիների աղոթքով: Նա եղավ Աստծո պատասխանն այն ջերմեռանդ աղոթքի, որ երկինք էին բարձրացնում երկար ժամանակ զավակ չունեցող նրա ծնողները։


Մարիամի ծնողները՝ Հովակիմն ու Աննան, երեխա չեն ունեցել և ուխտել են ունենալու դեպքում մանկանն ընծայել Աստծուն։ Աստծո բարեգթությամբ Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Հովակիմին ու Աննային և հայտնեց, որ նրանք դուստր կունենան և կանվանեն Մարիամ, իսկ ժողովուրդները կցնծան այդ ծնունդով, քանի որ նրա միջոցով ողջ աշխարհին փրկություն կշնորհվի:


Ծնողներն իրենց աստվածընծա մանկանը երեք տարի պահելուց հետո, ի կատարումն ուխտի, տարան Երուսաղեմի տաճար՝ Տիրոջն ընծայելու: Այն ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր, որ Աստծո տաճարին ընծայված այս մանուկը հետագայում պետք է լիներ մարդկության մեղքերը սրբող Աստծո մայրը։


Մայր, ով լինելով մարդ՝ Աստված ծնեց և սրբի դաստիարակեց։ Աստվածամոր ծննդյան կարևորությունը միայն այն չէ, որ նա ծնեց Քրիստոսին։ Սուրբ Մարիամի ծնունդը մարդկության փրկության շղթայի կարևորագույն օղակներից մեկն է։ Սա ուղղակի սուրբ ծնունդ չէ, սա մարդկային փրկության օղակն է։


Աստվածամայրը սովորեցրել է Հիսուսին քայլել, աղոթել, լվացվել և ամեն ինչ։ Ասում են չէ, քանի դեռ մայրերը ու հայրերը կան՝ քանի տարեկան էլ լինես՝ երեխա ես։ Աստվածամայրը լինելով յուրաքանչյուր քրիստոնյայի մայր, սովորեցնում է քայլել որպես Աստծո արժանի զավակ, աղոթել սեփական անձի և մարդկության փրկության համար և լվացվել երկրավոր մեղքերից։


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-08-09
×