Ո՞րն է մեր խնդիրը՝ լավ մա՞րդ լինել, թե՞ քրիստոնյա։ Շատերը կառարկեն, թե լավ մարդ լինել` նշանակում է քրիստոնյա լինել։ Ոմանք էլ ասում են, թե քրիստոնյա լինելը լավ մարդ լինելու պայման չէ ։ Համաձայն եմ. շատ անհավատներ կան, ովքեր լավ մարդիկ են։
Քրիստոնեության նպատակը լավ մարդ լինելը չէ, քրիստոնեությունն ասում է, թե պիտի լինել կատարյալ. սրանք տարբեր բաներ են:
Լավ մարդ լինելու պատկերացումն այս է. վերցնում ենք մեր «ես»-ն իր բոլոր լավ ու վատ ցանկություններով և դրա հետ փորձում ենք համադրել բարոյական չափանիշները: Ստացվում է կոնֆլիկտ. մեր «ես»-ը հաճախ մի բան է ցանկանում, իսկ բարոյականությունն` այլ բան: Քանի որ մենք լավ մարդ լինելու խնդիր ունենք, ուրեմն մեր «ես»-ի ցանկությունները պիտի կարողանանք լռեցնել` ավելի շատ կատարելով բարոյականության պահանջները: Ամեն դեպքում մեր «ես»-ի ցանկություններն այդպիսով չեն սպառվում կամ վերանում, այլ մնում են լուռ վիճակում: Իսկ մենք մտածում ենք, որ երբ բարոյականության պահանջները կատարենք և մեր «ես»-ի ցանկությունները լռեցնենք, լավ մարդ կլինենք, բոլորի մոտ լավ մարդու համբավ կունենանք:
Մենք թյուրիմացաբար մտածում ենք նաև, որ եթե կատարենք մեր առաջ դրված բարոյականության չափանիշները, ապա գուցե ժամանակ լինի նաև մեր այդ խեղճ, հիվանդացած, տկարացած «ես»-ի ցանկություններն էլ կատարել, և այդ ժամանակ նրան էլ հնարավորություն կտրվի իր սեփական ցանկություններն իրականություն դարձնել: Այս թյուրիմացության պատճառն այն է, որ ամեն ինչի հիմքում դնում ենք մեր «ես»-ը: Այսպես ապրելով՝ մարդը հոգնում է լավ մարդ լինել, դառնում է դժբախտ, ով մեխանիկորեն կատարում է ինչ-որ պարտադրված պահանջներ, օրենքներ, սկզբունքներ, որպեզի հասարակության մեջ ընդունվի որպես առաքինի կամ բարեպաշտ անձ:
Իսկ քրիստոնեությունը մեզ չի ասում` եղի՛ր լավ մարդ, այն չի ասում` սպանի՛ր «ես»-իդ ցանկությունները, Քրիստոս շատ ավելին է ուզում: Քրիստոս մեզանից պահանջում է մեր «ես»-ն ամբողջությամբ հանձնել Իրեն: Մի դեպքում սա հեշտ է, մյուս դեպքում` դժվար: Քրիստոս մեզ չի զրկում մեր «ես»-ից, Նա ասում է՝ հնազանդվեք Իմ կամքին, և եթե մեր «ես»-ը հանձնենք Նրան, Նա մեզ նոր «ես» կտա, նոր դեմք, և այդ նոր «ես»-ը Քրիստոսի Մարմինը և Արյունն է: Այս դեպքում մենք արդեն գտնում ենք մեր իրական կոչումը, իրական պատկերը, իրական դեմքը և ապրում ենք Աստծո հետ ներդաշնակ ու խաղաղ: Քրիստոսին պետք չեն մեր դրամը, հմտությունները, կարողությունները, Քրիստոսին մենք ենք պետք` մեր ամբողջ էությամբ: Նա մեզանից ավելին է պահանջում, քան մենք պատրաստվում ենք Իրեն տալ: Վերջին հաշվով Քրիստոս մարդացավ և աշխարհ եկավ, որպեսզի մեր «ես»-ը վերափոխի և նորոգի:
Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս կարելի է սեփական «ես»-ը հանձնել Աստծուն: Բայց շատ ավելի հեշտ է այս տարբերակը, քան փորձել այդ աղճատված «ես»-ից ինչ-որ բարի բան դուրս բերել, փորձել այդ «ես»-ի ցանկություններն անընդհատ սպանել ու անընդհատ տանջվել, տառապել: Հետևաբար, լավ մարդ լինելն ավելի դժվար է, քան թե քրիստոնյա լինելը, որովհետև շատ հաճախ մենք փորձում ենք անել այն, ինչ հաճելի է մեզ, բայց ուզում ենք, որ դա նաև լինի աստվածահաճո: Սրանից ավելի սարսափելի և տառապալից զբաղմունք դժվար է պատկերացնել:
Մեր կյանքը նման է մի օրինակի, երբ որևէ արտում ցորեն է սերմանված, և մենք, անընդհատ խաղալով՝ ոտնակոխ ենք անում արտն ու ակնակալում, որ այն բերք կտա: Մեր կյանքը նման է այնպիսի դաշտի, որտեղ ցորենը սերմանված է, բայց մենք փորձադաշտի ենք վերածել այն ու զարմանում ենք, թե ինչու պտուղ չի տալիս, մինչդեռ այնքան ենք այն տրորել, որ էլ երբեք պտուղ չի տա։ Այդ պատճառով անհրաժեշտ է նորից փորել ու սերմանել՝ հրաժարվելով կյանքը փորձադաշտ դարձնելու կործանարար զբաղմունքից: Շատ հետաքրքիր ասացվածք կա. «Դժվար է հավկիթը դարձնել կենդանի թռչուն, բայց ավելի դժվար է այդ հավկիթին թռչել սովորեցնել»։ Մենք հենց այդ հավկիթի նման ենք և պիտի կարողանանք մեր կարողություններն ու շնորհները սահմանափակող կեղևը կոտրել ու կենդանացած դուրս գալ, հետո նոր թռչել սովորել:
Տ. Եսայի քհն. Արթենյան