Աստծուն փնտրելը և Նրա էությունը բացահայտելը յուրաքանչյուրի ձգտումն է: Աստծո էությունը ոչ թե մարդն է բացահայտում, այլ՝ Աստված Ինքն է բացահայտում մեզ, սակայն ոչ ամբողջությամբ, քանի որ այդ դեպքում մարդը կզրկվի ազատությունից և ընտրության հնարավորությունից. եթե Աստված Իր ամբողջական փառքով հայտնվի մեզ, ապա մենք այլևս ընտրության հնարավորություն չենք ունենա: Իսկ ազատ կամքն ու ընտրության հնարավորությունն անչափ կարևոր են և՛ Աստծո համար` որպես Արարիչ և՛ մարդու համար՝ որպես ստեղծագործ էակ: Աստված բացահայտում է Ինքն իրեն այնչափ, որչափ անհրաժեշտ է մարդու փրկության համար:
Բնական է, որ Աստծո մասին մենք ամեն ինչ չգիտենք, ու այդ չիմանալն առիթ է տալիս Սուրբ Գրքի մեջ տեսնել հակասություններ, սեփական ենթադրություններով ձևավորել կարծրատիպեր:
Աստված անտարբե՞ր է, թե՞ համբերատար: Շատ հաճախ մարդիկ բողոքում են, թե ինչո՞ւ Աստված չի միջամտում, երբ կարող է փոխել կյանքի ընթացքը: Աշխարհը տառապում է, և թվում է, թե Աստված պետք է միջամտի, բայց՝ լռում է, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավիճակը դառնում է ծայրահեղ: Սակայն մենք չենք տեսնում, թե ինչ է կատարվում նյութական աշխարհից դուրս, որտեղ Աստված է, բայց չենք էլ զլանում ենթադրություններ անել. Աստված չլսեց, չտեսավ, անտարբեր է և այլն...
Թեև մենք չենք տեսնում, թե ինչ է կատարվում հոգևոր ոլորտում, բայց Աստված տեսնում է, թե ինչ է կատարվում մեր կյանքում: Իսկ ամեն անգամ, երբ Աստված մտնում է մեր կյանք, աշխարհ, Ինքն իրեն սահմանափակում է՝ ենթարկվելով նյութական աշխարհի կանոններին: Ի՞նչ գին է վճարում Աստված, երբ միջամտում է մեր կյանքին, շփվում է մեզ հետ. մենք դա չենք պատկերացնում:
Երբ Աստված եկավ աշխարհ, մենք խաչեցինք Նրան. այն գինը, որ Քրիստոս վճարեց՝ Իր կյանքն էր:
Ցանկանում ենք, որ Աստված միշտ միջամտի մեր կյանքին, կատարի մեր խնդրանքները, բայց մենք որևէ պատասխանատվություն չկրենք դրա համար: Արդյունքում Աստված ոչ թե անտարբեր է, այլ Իր համբերատարությամբ մեզ հնարավորություն է տալիս վերանայել մեր պատասխանատվության սահմանները:
Կարևոր է հասկանալ, որ չենք կարող միանշանակ ձևակերպել և հասկանալ մի իրողություն, որից այնքան էլ տեղյակ չենք: Աստված մեր մասին գիտի ամեն ինչ, իսկ մենք Իր մասին՝ շատ քիչ բան: Ու այդ քիչը ոչ թե աոիթ է Աստծո էության մասին հակասական դատողություններ անել, այլ՝ հնարավորություն փրկության, որն իրական է միայն Աստծո երկայնամտության և համբերության շնորհիվ:
Աստված թաքնվում է, թե՞ հնարավորություն է տալիս Իրեն գտնել: Երբեմն մեզ թվում է, թե Աստված այնպես է «թաքնվում», որ չենք կարողանում գտնել Նրան: Սակայն մեր խնդիրը ոչ թե Աստծո բացահայտումների չափը որոշելն է, այլ՝ եղածը տեսնելն ու հասկանալը: Աստված ոչ թե թաքնվում է, այլ Աստծուն փնտրում ենք այնտեղ, որտեղ Նա չկա: Կյանքի ընթացքում մենք հաճախ ենք տալիս այն հարցը, թե ո՞ւր է Աստված. Նա մեկ հիշեցնում է Իր մասին, մեկ էլ՝ կարծես թաքնվում: Ինչպես, օրինակ, երբ մի օր հետևում էի, թե ինչպես են երեխաներս պահմտոցի խաղում, փոքր տղաս, ով 5 տարեկան է, թաքնվում էր, բայց այնպես էր անում, որ իր թաքստոցի տեղն արագ գտնեն: Ես փորձեցի նրան սովորեցնել, որ այդպես չեն խաղում, պետք է այնպես թաքնվել, որ քեզ չգտնեն, սակայն իզուր: Հետո հասկացա, որ երեխայի համար այդ խաղի ողջ իմաստն ու հաճույքն այն է, երբ իրեն գտնում են: Երեխան չի կարող պատկերացնել, թե ի՞նչ իմաստ ունի թաքնվելը, եթե իրեն չպիտի գտնեն: Ինքն ուրախանում է, երբ իրեն գտնում են: Երեխաներն ավելի իմաստուն են, քան մենք պատկերացնում ենք: Աստված էլ այդ նույն կերպ է վարվում. Նա էլ ցանկանում է, որ մենք Իրեն գտնենք, դա Աստծուն ուրախություն է պատճառում: Աստծուն փնտրելու մեր ձգտումը գանձ որոնելու նման մի բան չէ, մենք գանձ չենք փնտրում, մեր նպատակը ոչ թե գանձն է, այլ փնտրելու ընթացքը:
Եսայի քհն. Արթենյան