Նախքան չարը ճանաչելն ընտրեց բարին

Նախքան չարը ճանաչելն ընտրեց բարին

«Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի և նրա անունը պիտի լինի Էմմանուել։ Նա յուղ ու մեղր պիտի ուտի. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին։ Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը և ընտրի բարին» (Եսայու մարգարեություն 7։14-16)։

 

Մարդկային պարագան այլ է։ Մենք չարը ճանաչում ենք, հետո ընտրում բարին, ինչպես եղավ դրախտում, երբ Ադամն ու Եվան մեղանչելով՝ ճաշակեցին կյանքի ու մահվան պտուղը, որտեղից և սկսվեց չարի գիտակցումը։

 

Աստված ի սկզբանե երկու բնություն է ստեղծել. մեկն՝ իմանալի, մյուսը՝ զգալի։ Մենք հաճախ ենք տրվում զգալի բնությանը՝ հետևելով մեր մարմնի ցանկություններին, մոռանալով մեր հոգին հարստացնելու մասին՝ աշխատում ենք մարմինն արտաքնապես հարստացնել՝ նմանվելով հսկա ծառի, որը ներսից փուչ է: Այսպես կամաց-կամաց հոգուն մեզանից հեռացնելով՝ սկսում ենք չլսել նրա ձայնը, որը խղճի միջոցով է արատահայտվում. «Քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը» (Գաղատ. Ե 17)։

 

Մարդը հոգի է ու մարմին. և ինչպես ուտելիքը մարմնին է հաճելի, նույնպես և պահքը՝ հոգուն:

 

Ապաշխարության ճանապարհը և սերն առ Աստված արտահայտվում են մեր պահեցողությամբ, ժուժկալությամբ՝ զրկելով մեզ երկրային հաճույքներից, տալով մեր հոգուն հանգստություն, քանի որ հոգին նույնպես սնվելու կարիք ունի։ Մարդուն խորհրդածելու օրեր էլ են հարկավոր։ Ըստ Եկեղեցու կանոնի՝ տարվա գրեթե կեսն այդպիսի օրեր են։

 

Առաքյալները և մեր սուրբ հայրերը որչափ ուտիքի, այնչափ էլ պահոց օրեր կարգեցին ամբողջ տարվա համար։

 

Այսպիսով մենք կարող ենք և՛ մեր մարմնին ծառայել և՛ հոգուն, ինչի համար հարկավոր է կամքի ուժ, որը շատ հաճախ բացակայում է ծուլության պատճառով՝ ավելացնելով մեղքը, ծանրացնելով հոգին, երբեմն էլ մտածելով, որ արդեն ուշ է ինչ-որ բան փոխել՝ մոռանալով, որ քանի դեռ ապրում ենք, ողջ ենք, շնչում ենք՝ կարող ենք ետ դառնալ անառակ որդու կարգավիճակից և սիրելի որդի լինել ։

 

«Մեղքն ինքնին ծանր է, բայց պետք չէ մեղքն ավելի ծանրացնել, այլ՝ գնալ առաջ և բարին գործել», - ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

 

Երբ Հիսուս անապատ տարվեց Հոգուց՝ սատանայից փորձվելու, Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։ Եվ փորձիչը մոտենալով նրան՝ ասաց. «Եթե աստծու Որդին ես, ասա, որ այս քարերը հաց լինեն»։ Նա պատասխանեց և ասաց. «Գրված է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ ամենայն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»։

 

Այն ժամանակ Սատանան նրան տարավ սուրբ քաղաքը և կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու ասաց. «Եթե Աստծո Որդին ես, քեզ այստեղից ցած գցիր, որովհետև գրված է՝ իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, և ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի երբեք քո ոտքը քարին չխփես»։ Հիսուս դարձյալ նրան ասաց. «Գրված է՝ քո Տեր Աստծուն պիտի չփորձես»։

 

Սատանան նորից նրան առավ տարավ մի շատ բարձր լեռան վրա և ցույց տվեց նրան աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը և նրան ասաց. «Այս բոլորը քեզ կտամ, եթե գետնին ընկնելով ինձ երկրպագես»։

 

Այն ժամանակ Հիսուս նրան ասաց. «Ետևս գնա, սատանա, որովհետև գրված է՝ պիտի երկրպագես քո Տեր Աստծուն և միայն նրան պիտի պաշտես»։ Ապա սատանան նրան թողեց. և ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան»

 

Ավետարանից այս հատվածն ընթերցելիս հասկանում ես, որ անապատը մնալու տեղ չէ, այլ՝ անցման։ Կյանքում հանդիպած փորձություններից ոչ թե պիտի փախչես, այլ հաղթահարես՝ հասկանալով, թե ինչի՞ համար էր այն տրված քեզ: Ոչ թե մեղադրես Աստծուն քեզ բաժին ընկած դժվարությունների համար, այլ գոհություն հայտնես և աղոթելով առաջ շարժվես՝ պատրաստ լինելով ավելի դժվար փորձությունների: Եվ երբ կյանքը քեզ ապտակի՝ ոչ թե մյուս երեսդ էլ շրջես, այլ այնպես շրջես, որերկրորդ անգամ չապտակի:

 

Նախշ Ավոյան

  • 2021-07-08
×