Ամեն քրիստոնյայի գերեզմանի վրա մի-մի տապանաքար է դրված։ Վրան գրված է անունն ու ապրած կյանքի տարիները։
Ու այդ տապանաքարերն ու մեռելոց հիատակները միշտ խոսում են մեզ հետ։ Պատմում են, թե հին ու նոր ժամանակների մեջ ինչ մարդիկ են ծնվել, ապրել, գործել։ Դրանց վրայի գրվածներից և անգամ ձևից հաճախ երևում է, թե քանի երեխա են ունեցել, սիրված են եղել, թե ոչ։ Ու շատ են խոսում տապանաքարերը, իսկ մենք սիրում ենք այցելել, կարդալ և հիշել։
Հայ Առաքելական եկեղեցում բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները՝ տոնի ավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկում նրանց գերեզմանները և աղոթում նրանց հոգիների համար:
Բայց այս օրերին տաղավար տոնը հանգուցյալների հիշատակության օրը ժողովրդի մեջ խառնաշփոթ է առաջացնում։ Սկսում են տարբերակել հին ու նոր մեռելներին, որոշում որ օրը ում գերեզման գնալ և իրական տոնն ու հանգուցյալների հիշատակության օրը սկսում են չտարբերվել իրարից։
«Այսօր Զատիկ է, ո՞նց կարող եմ չգնալ գերեզման։ Ծնողներս մահացել են, գնամ իրենց էլ շնորհավորեմ»,- ասում է Վարազդատը, ով Ս․ Ծննդյան առավոտյան շտապում էր գերեզման գնալ։
«Ե՛վ Ս․ Ծննդյանն եմ գնում, և՛ հաջորդ օրը։ Նոր տարվա գիշերն էլ եմ անպայման գնում հորս գերեզման։ Չգիտեմ, ուզում եմ նրա հետ նշեմ։ Գնում եմ խոսում իր հետ, շնորհավորում ու ետ եմ գալիս»,- պատմում է Մարինեն։
Եկեղեցին հստակ զատորոշել է՝ ուրախության և նաև հիշատակի ու տխրության օրերը մեկը մյուսից: Այս օերին եկեղեցու քահանաները ավելի շատ են կրկնում, որ տաղավար տոնին գերեզման չի կարելի այցելել։ Տաղավար տոները ուրախության համար են, իսկ մեռելոց օրերը՝ ննջեցյալների հոգու փրկության, նրանց հոգիների խաղաղության համար աղոթելու։
«Մեզ մոտ ողջերը մեռածներից չեն տարբերվում։ Իմ տունը այ էն վերջի գերեզմանի կողքն ա։ Պատուհանս բացում եմ նրանք դիմացս են։ Անկախ ինձնից բարևում եմ»,-ժպտալով ասում է Էսթերը, ով ապրում է Քասախ գյուղի գերեզմանների հարակից տարածքում։
Ուրախությունն ու տխրությունը, մահը և կյանքը հայի համար չտարանջատվող երևույթներ են։ Այդ պատճառով բնակելի տների, «ապրող» մարդկանց հենց կողքին շարված են մահացածների տապանաքարերը, որոնց վրա գրված են մահացածի անուն ու ապրած տարիները։ Ու այդ տապանաքարն իր մեջ ամփոփում մեկ մարդու ապրած ամբողջ մի կյանք ու հետո պատմում դրա մասին իր այցելուներին։ Ուղղակի պետք է տարանջատել ապրողին չապրողից, ուրախությունը տխրությունից, իսկ ողբը հիշատակությունից։
Հասմիկ Թամամյան