Մարդը քարայրում

Մարդը քարայրում

Քրիստոսի Ծննդյան խորհուրդն առիթ է աշխարհին ու մեր կյանքին նայելու դրսից, քանի որ ներսից ամեն բան երբեմն սովորական է դառնում։ Մենք միաձուլվում ենք իրադարձություններին ու երևույթներին՝ ինքներս դառնալով երևույթ՝ ցավոք, բացասական իմաստով։ Ուստի կարևոր է բանական ու գիտակից պատասխանատվությամբ դուրս գալ այդ ճահճիցու նայել աշխարհին այնպես, ինչպես երեխաները՝ պարզ ու հստակ, իսկ ամենակարևորը՝ աշխարհը փոխելու իրենց անզոր զորությամբ։


Աշխարհին անդրադառնալով, երբ խոսում ենք արարչությունից աստվածաշնչային տերմիններով, շատերն ընդվզում են։ Իսկ երբ ասում ենք՝ էվոլյուցիա, կարծես ամեն բան ընկնում է իր տեղը, թվում է, թե այդ տերմինն ամեն ինչ ասում է, սակայն իրականում ոչ ոք մինչև վերջ չի կարող բացատրել, թե ինչ է էվոլուցիան։


Աստվածաշնչում իրադարձություններն արագ են զարգանում, էվոլուցիոն տեսության մեջ՝ դանդաղ։ Սակայն իրադարձությունները դանդաղեցնելով՝ աշխարհն ավելի լավ չենք հասկանա։ Օրինակ՝ մեկը եթե մարդուն խոզ դարձնի անմիջապես, հրաշք է, իսկ երբ մարդը խոզ է դառնում իր կյանքի ընթացքում, ապա ոչ մի արտառոց բան չկա կարծես, բացի նրանից, որ դա ողբերգություն է։


Մեր կյանքը տեսնելու փոխարեն սկսում ենք բացատրել այն՝ խճճվելով բառերի ու հասկացողությունների մեջ։
Հստակ է, որ կյանքի անբացատրելի իրողություններից են աշխարհի արարումը, մարդու արարումը։ Սակայն ասել, թե մարդու արարումը էվոլյուցիա է, նշանակում է ոչինչ չասել։ Ես կասեի, որ այն հեղափոխություն է։


Ինչպե՞ս ենք պատկերացնում մարդուն արարման ժամանակ. ապրում էր քարայրում, անգրագետ էր, վայրենի, անխնամ, անկիրթ, բռնություն էր կիրառում կնոջ վրա և այլն։ Հայտնի չէ, թե ո՞րտեղից այս պատկերացումը, սակայն այն միանշանակ անընդունելի է. նույնիսկ կենդանին հոգ էտանում իր ձագերին։


Ի՞նչ էր անում մարդը քարանձավում։ Ուսումնասիրեցինք քարանձավները ու այնտեղ փայտ, որով մարդը ծեծում էր կնոջը չգտանք, այլ՝ նկարներ, մշակութային և կենցաղային իրեր։ Այսինքն՝ ստեղծագործել են, մտածել, արարել։


Քարանձավի մարդը և երեխան նման են իրար։ Քարանձավում մարդը քարերի վրա նկարում էր կենդանիներ, կյանքին առնչվող տարբեր տեսարաններ ու պատկերներ։ Երեխան էլ նկարում է նույնը թղթի վրա ևդրանով բացահայտում իր ներքին հնարավորությունները։
Ս. Ծննդյան պատմության մեջ նույնպես առկա է քարայրը, որտեղ ծնվեց Մանուկ Հիսուս։ Ինչպես առաջին մարդու կյանքը սկսվեց քարայրից, այնպես էլ՝ երկրորդ մարդու կյանքը։ Այս քարայրում էլ կային կենդանիներ, ընտանիք, իրենց մեջ խորհուրդ և արժեք ամփոփող առարկաներ։ Հիսուս նույնպես «նկարեց» տարօրինակ և անսովոր պատկերներ այդ քարայրում, սակայն Նրա պատկերները կենդանացան։


Ամենազոր Աստված դարձավ անզոր մի Մանուկ։ Հակադիր թվացող Աստծո զորությունն ու մարդու տկարությունն իրար կապող իրողությունը Ծնունդն է... Ո՞վ կհավատա սրան. միայն երեխան։ Ուստի քարայրում իրար  հանդիպեցին Երեխան և Աստված։
Եվ ամեն բան սկսվում է նորից։ Այդ քարայրում ով ինչ փնտրում է, այն էլ   գտնում է. հովիվները՝ սեր, մխիթարություն, մոգերը՝ իմաստություն, հույս։Այդ փոքր քարայրում ողջ քրիստոնեությունն էր ամփոփված՝ երեխայի պես պարզ ու հստակ։


Մենք այդ քարայրում փնտրում ենք Մանուկ Հիսուսին և գտնում Նրան մեր սրտի քարայրում՝ մեր տկարությամբ ու անարժանությամբ, և հայցում Ամենազոր Տիրոջ լույսն ու ջերմությունը՝ մեր կյանքի բարի, ազնիվ պատկերներն իրականություն դարձնելու համար։

 

Եսայի քհն. Արթենյան

  • 2021-08-09
×