Ծերունու դիմաց ծնկի եկած որդին դեմքը թաքցրել էր հոր կրծքի տակ: Ամոթով համակված և ապաշխարհության հույսով՝ նա նորովի է վերապրում մարդկային ջերմության ու հայրական սիրո զորությունը. հայրը քնքշորեն գրկում է որդուն: Այս ամենը պատկերված է Ռեմբրանդտի «Անառակ որդու վերադարձը» կտավում։
Եթե ուշադիր նայենք նկարին, կնկատենք, որ հոր ձեռքերից մեկը կնոջ ձեռք է, մյուսը՝ տղամարդու: Նկարիչը ցանկացել է ցույց տալ, որ հայրը մոր նման փայփայում է որդուն և հոր նման պաշտպանում նրան ու ներում:
Ապաշխարությունը դեպի Աստված, հայրենի տուն դառնալու մեր որոշումն է և կյանքը փոխելու ձգտումը։ Արդյունքում՝ ստրուկի անպատիվ կյանքի կարգավիճակից անցնում ենք որդեգրության կարգավիճակին։
Նկարում ծնկի եկած որդու կոշիկների մաշվածությունից հասկանում ենք, թե ետդարձի ճանապարհն ինչքան քարքարոտ և դժվար է եղել:
Շատերը կարծում են, թե առակի բացասական հերոսն ավագ որդին է, բայց պետք չէ աչք փակել այն հանգամանքի վրա, որ տղան մինչև վերջ հավատարիմ էր եղել հորը և չէր անտեսել նրա խոսքը: Այլ հարց է, որ նա չկարողացավ ներել կրտսեր եղբորը: Հոր սերն ու ներողամտությունը շտկեցին իրավիճակը՝ ցույց տալով, որ զղջումի ու հավատարմության արդյունքում գործում է սերը։ Ուստի առակի գլխավոր հերոսը հայրն է, իսկ որդին՝ հայրական սերն ու մեծահոգությունը պատկերելու միջոց:
Հայրը մեզ բացահայտում է սիրո, ավագ որդին՝ հավատարմության, իսկ կրտսեր որդին՝ զղջման խորհուրդը. արդյունքում տեսնում ենք մարդկային կյանքի անմարդկային արարքներից ազատագրվելու ճանապարհը. գիտակցում, զղջում, ապաշխարություն և հավատարմություն:
Այս ճանապարհին հետևելով՝ գուցե պարզենք, որ մեր կոշիկները դեռ երկար պետք է մաշվեն: Բայց կարևորն այն սխրանքն է, որի արդյունքում հայրական սերը կբաշխվի յուրաքանչյուր տուն դարձող ապաշխարողին։
Աիդա Գևորգյան