Հարությունից քառասուն օր հետո

Հարությունից քառասուն օր հետո

Հարությունից հետո 40 օր շարունակ Քրիստոս երևաց իր աշակերտներին, իրեն կենդանի ներկայացրեց ու այդ օրերի ընթացքում խոսեց Աստծո արքայության մասին՝ փոխանցելով նրանց իր վերջին պատգամները։  Միայն 40-րդ օրը Ձիթենյաց լեռան վրա, աշակերտների աչքի առաջ Քրիստոս բարձրացավ երկինք, վեր համբարձվեց։


Ինչպես Դավիթ սաղմոսերգում է ասում.«Համբարձվեց Աստված օրհնությամբ, և մեր Տերը՝ շեփորի ձայնով» (Սաղմ. 46:6), սակայն ի՞նչ էր նշանակում Քրիստոսի համբարձումը։ Հեռացո՞ւմ։
«Քրիստոսի համբարձումը հեռացում չէ, այլ Քրիստոսի հավիտենական ներկայությունը մեր կյանքում։  Ավետարանը վկայում է, որ Քրիստոս եկել էր, որ վերադառնա: Նա վերադարձավ երկինք, բայց  իր հետքը թողեց մեր սրտերում ու հոգիներում և մարդիկ սկսեցին Տիրոջը փնտրել իրենց սրտերում:  Համբարձումը վերջը չէր, այլ Քրիստոսի մեր մեջ բնակվելու սկիզբը։ Այսօր Քրիստոս ամենուր է, ամենքիս մեջ»,- բացատրում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։


Համբարձում բառը ծագել է գրաբար համբառնալ բառից, որը նշանակում է վեր բարձրանալ, վեր ելնել, բայց ոչ հեռանալ։ Քրիստոս բարձրացավ վեր, բայց չհեռացավ։ Համբարձման խորհուրդով ոչ թե խզվում են մարդու և Աստծո հարաբերությունները, այլ ավելի ամրանում են․«Եթե Ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ» (Հովհ. 16:7):


Համբարձման տոնին՝ մայիսի 25-ին, Հայաստանյայց առաքելական եկեղեցում հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։


Բացի եկեղեցկան արարողություններից Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով։ Համբարձումը բնության բեղունության ու արբունքի տոնն է: Այն համընկնում է գարնանային աշխատանքների ավարտի հետ, երբ երկրագործն, իր աշխատանքը կատարելուց հետո, հայացքը վեր է պարզում և Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում:
Ժողովրդական այս տոնը կոչվում է Ջանգյուլում: Համբարձման գիշերվա վերաբերյալ ամենուր տարածված էր Լեյլի ու Մեջլունի հանդիպման առասպելը: Ծնողների պատճառով իրենց մուրազին չհասած սիրահար զույգը` Լեյլին ու Մեջլունը խնդրում են Աստծուն իրենց աստղ դարձնել և իր մոտ` վերև տանել: Աստված կատարում է նրանց խնդրանքը, և տարին մեկ անգամ, Համբարձման գիշերը, այդ աստղերը երկնակամարի տարբեր կողմերից գալիս միանում, ջերմ համբույրով գրկախառնվում են և դարձյալ վերադառնում իրենց տեղերը:


«Ջան, վիճակ, ջան, ջան։ Ջան ծաղիկ, ջան, ջան», երգում են աղջիկները, ծաղկեփնջեր կազմում ու մութն ընկնելուց հետո վիճակի փարչը թաքցնում խոտերի մեջ և շուրջ բոլորը զարդարում ծաղկեփնջերով: Զարդարում ու սպասում են վիճակին։


Վաղ առավոտյան սկսվում է հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր «Վիճակ»: Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Ծաղիկներից բացի նրանք փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծառից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Փարչի մեջ գցվող ծաղիկներից բացի բազմաթիվ ծաղիկներ էին քաղում` զարդարվելու և Համբարձման ծաղկեփնջեր պատրաստելու համար:


Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ ու աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները եւ շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով եւ դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ եւ բարեմաղթանքներ են տրվում:


Համբարձմանը վիճակ գցելու սովորույթը առաքյալների`Քրիստոսի Համբարձումից հետո Երուսաղեմ դառնալու և Վերնատանը վիճակ գցելու հիշատակությունն է, երբ Հուդայի փոխարեն 12-րդ առաքյալ է ընտրվում Մատաթիան:


Սուրբ Հարության  40-րդ օրը Քրիստոս կրկին հայտնվեց իր աշակերտներին, պատգամեց գնալ և տարածել քրիստոնեությունը բոլոր ազգերին ու ասաց. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»: (Մատթ. 28 18-20):


Ո՞ւր հեռացավ Քրիստոս։ Սուրբ Հարության 40-րդ օրը հարկավոր է մտածել ոչ թե նրա մասին թե ո՞ւր հեռացավ Աստվածո որդին, այլ թե ինչքա՞ն ենք մենք հեռացել Աստծուց։


Հասմիկ Թամամյան

  • 2021-08-09
×