«Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ` ինչ որ աշխարհի մեջ կա: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն և այս կյանքի ամբարտավանություն, որ Հորից չէ, այլ այս աշխարհից: Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը: Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (Ա Հովհ. Բ 15-17):
Մենք հաճախ մտածում ենք, թե ամեն վայրկյան հնարավոր չէ ապրել Աստծո պատվիրաններով: Այդ ամենը մեզ այնքան դժվար է թվում, որ երբեմն հանձնվում ենք, բթացնում գիտակցությունը ու ասում՝ ավելի լավ է սխալվենք, հետո դարձի գանք: Ցավոք, երբեմն այս կերպ մտածելով մենք հեռանում ենք Աստծուց: Ու երբ գալիս է հավատը վերագտնելու պահը, հասկանում ենք` որքան վատ ենք վարվել ինքներս մեր ու ամենակարևորը՝ Աստծու հետ:
Որքան հավատքի մեջ անսասան ենք, նույնքան էլ կյանքում պաշտպանված ենք: Տերը տեսնում է մեր կյանքի անցած ուղին ու այնտեղ եղած սխալները: Բայց ավելի կարևոր է, որպեսզի ժամանակին գիտակցենք կատարած սխալների հետևանքներն ու դառնանք դեպի Տերը:
Չկա ու չի լինի ավելի լավ զգացողություն, քան Աստծո հետ ներդաշնակ ապրելն ու արարելն Է: Ու գիտեք, մեզանից շատ բան չի պահանջվում հավատքի մեջ հաստատուն մնալու համար, պարզապես պետք է հասկանանք, որ առանց Աստծո մեր մեկ ժամն անգամ անիմաստ է ու ունայնությամբ լի:
Գիտակցենք, որ մենք ինքներս չենք կարող անել ոչինչ, եթե Աստծո կամքը չլինի: Ում սրտում բնակվում է Տերը, նա համապատասխանաբար կուղղի և իր վարմունքը: Այդ իսկ պատճառով, ես կուզեի, որ ամենից առաջ Աստծո անունը դրոշմվի մեր սրտերում:
Փորձենք դեմքով շրջվել առ Աստված, զղջալ և դարձի գալ, արդարացնել Նրա Միածին Որդու զոհաբերությունը, որը եղավ լոկ մարդկության մեղքերը ջնջելու և մեր փրկության համար:
Գուցե հետ դարձի ճանապարհ միշտ կա, բայց պետք չէ կորցնել այն գեղեցիկ պահը, որ Տիրոջ հետ ապրելով կզգանք ու կվայելենք:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին