Սուրբ Խաչի երևման տոն. Տեր Պարթև քահանա Մուրադյան

Սուրբ Խաչի երևման տոն. Տեր Պարթև քահանա Մուրադյան

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Խաչի երևման տոնը։ Տոնի խորհրդի մասին զրուցել ենք Արաբկիրի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի հետ։


 

- Տե՛ր հայր, ի՞նչ խորհուրդ ունի այս տոնը քրիստոնյաներիս համար։

 

- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում հինանց հինգերորդ կիրակին կոչվում է Երևման Սուրբ խաչի տոն։ Տոնի պատմությունը գալիս է չորրորդ դարից, երբ  351 թվականին՝ մայիս ամսին, Երուսաղեմի երկնքում երևում է խաչի նշանը, որը ձգվում է Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռ: Այդ դեպքից հետո շատերն են դարձի գալիս։ Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետը հենց այդպես է ներկայացնում, երբ այդ հրաշքի մասին պատմում է Կոստանդին կայսեր:

 

 

Աստվածային խաչը շքեղ և լուսավոր փայլեց երկնքում և հազարավոր մարդկանց դարձի ու փրկության առիթ դարձավ։ Այս տոնը շատ կարևոր է մեզ համար, այն կրկին անգամ վերահաստատում է Քրիստոսի մշտական ներկայությունը մեր կյանքում  և տալիս է մեզ հավիտենական կյանքիուղեցույցը, որ մենք էլ խաչին, խաչյալ և հարուցյալ  Քրիստոսին ապավինելով ՝ Գողգոթայից դուրս գանք և Ձիթենիաց լեռանն արժանանանք։


 

- Այսօր Տերն Իր հրաշափառ Խաչի լույսով վերահաստատում է Եկեղեցին։ Ի՞նչ է խորհրդանշում Քրիստոսի խաչը քրիստոնյայի կյանքում։

 

- Մինչև Քրիստոսի խաչելությունը խաչը համարվում էր մահվան գործիք, սակայն Քրիստոսի խաչի վրա թափված արյամբ այն վերածվեց փրկության գործիքի, որովհետև այլևս մենք խաչի մեջ տեսնում ենք  Փրկչին, ով Իր արյամբ սրբագործեց այն։ Խաչը խորհրդանշում է Քրիստոսին, և մենք էլ, ապավինելով խաչին, ապավինում ենք Փրկչին։

 


 

- Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ շատերը Աստծուն հիշում են փորձության պահին, արդյոք այս կերպ մենք չե՞նք հեռանում Տիրոջից և Նրա խաչից։

 

- Տիրոջով ապրելը պետք է լինի մեր կյանքի ընթացքը։ Քրիստոնյայի կյանքը մշտապես պետք է լինի Աստծո հետ, ոչ միայն փորձությունների և դժվարությունների ժամանակ, այլև  Աստծո պարգևած բարօր ժամանակներում, որովհետև այդպես մենք մեր հավատարմությունն և նվիրվածությունն ենք ցույց տալիս Աստծուն։ Ուստի՝ մեր կյանքի ամեն մի օրը պետք է վստահենք Տիրոջը։


 

- Քրիստոս խաչի վրա ներեց մեզ, ջնջեց մեր մեղքերը։ Ի՞նչ պետք է անենք մենք, այդ ամենին արժանի լինելու համար։ 

 

- Քրիստոս միշտ ներում է մեր մեղքերը, երբ մենք ապաշխարությամբ գնում ենք՝ դեպի Իրեն, սակայն ինչպես Ինքը պատգամեց մեզ, մեր կյանքի ընթացքը և այդ գործերը պետք է ցույց տան մեր հավատքը դեպի Աստված։ Մենք պետք է միշտ հարց տանք  մեզ՝ եթե Աստված ամեն ինչ անում է մեզ համար, ապա ի՞նչ ենք անում մենք Նրա համար՝ ի պատասխան, որքա՞ն բարի գործեր ենք կատարում , որքա՞ն ժամանակ ենք տրամադրում  աղոթքին։ Չէ՞ որ Աստված պատգամեց մեզ, որ սիրենք միմյանց, բարի կամք դրսևորենք ամենուր և այդպիսով կարողանանք լուսավորել խավարը։

 

Մարիետտա Խաչատրյան

Վիկտորյա Մարկոսյան

 
  • 2021-10-20
×