Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Կարմիր կիրակին, որը Քրիստոսի Սուրբ Հարության տոնին հաջորդած երրորդ կիրակին է։ Օրվա խորհրդի մասին զրուցել ենք Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Արարատ քահանա Օրդոյանի հետ։
- Տե՛ր հայր, ինչո՞ւ է այս կիրակին կոչվում Կարմիր։
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Սուրբ Զատկին հաջորդող կիրակիները խորհրդանշական անուններ ունեն։ Այս կիրակին կոչվում է Կարմիր, ինչը խորհրդանշում է Քրիստոսի, Եկեղեցու և հավատի համար մարտիրոսացած սուրբ նահատակների արյունը։ Գիտենք, որ քրիստոնեության վաղ շրջանում քրիստոնյաները դաժան հալածանքների էին ենթարկվում իրենց հավատքի համար։ Այդ հալածանքներով փորձում էին արդար քրիստոնյաներին ետ կանգնեցնել ճշմարիտ հավատքից: Հենց նրանց ենք հիշում այսօր, ովքեր իրենց կյանքն առանց երկմտելու զոհեցին՝ հանուն հավատքի։
- Սուրբ նահատակները գերադասեցին մահանալ, քան դավաճանել Քրիստոսին: Նրանց իմացյալ մահով ի՞նչ են փորձում փոխանցել սերունդներին։
- Սուրբ նահատակները գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքները, որոնք մարդկությանն էր ավանդել մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Նրանք իրենց գիտակցված մահով և անսասան հավատով մեծ պատգամ են փոխանցում մեզ։ Քաջ գիտակցելով, որ եթե ուրանան իրենց հավատը, կփրկեն իրենց կյանքերը, նրանցից և ոչ մեկը չընտրեց Քրիստոսին դավաճանության ճանապարհը՝ դրանով իսկ հոգևոր իմաստով ճանապարհ հարթելով սեփական հոգու փրկության համար, սերունդներիս համար օրինակ դառնալով։
Սուրբ նահատակների օրինակն ունենալով պետք է դասեր քաղենք։ Մեր կյանքում էլ կան բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ, նրանց օրինակով պետք է առաջնորդվենք մեր հավատքի ամրությամբ, չհանձնվելով։
- Մեր ունեցած հոգևոր մարտերում ի՞նչը պիտի մեզ համար ունենանք որպես ուղենիշ։
-Յուրաքանչյուր քրիստոնյայի համար հոգևոր պայքարն իրականության մեջ երբեք չի ավարտվում։ Այդ պայքարը տևական է, անընդհատ․ պայքար մեղքերի, մեղքեր չգործելու դեմ։ Այս պայքարի մեջ մեր հոգևոր ուղենիշը պետք է լինի հենց Քրիստոս։ Փորձենք գտնել պատասխանները՝ ինչպե՞ս երկրի վրա ապրեց մեր Տերը, ի՞նչ սովորեցրեց մեզ, ի՞նչ ճանապարհ ցույց տվեց ապրելու համար և ինչպե՞ս պիտի վարվենք մեկս մյուսի հանդեպ։ Տերը պատգամեց մեզ սիրել և հարգել ամենքին, ինչպես և Նա լինելով Երկնային Թագավոր խոնարհվեց իր աշակերտների առաջ՝ լվանալով նրանց ոտքերը։ Ահա խոնարհության, մեծագույն սիրո պատգամ և ուղենիշ, որը Տերը փոխանցում է մեզ։
- Այսօր նահատակության անհրաժեշտություն չկա, ինչպե՞ս ապրենք մեր կյանքը, որպեսզի արժանի լինենք նրանց սխրանքներին։
-Վաղ քրիստոնեության շրջանում հալածանքների ենթարկվելիս՝ համարձակության և հավատքի հիմնաղբյուր ունենալու արդյունքում քրիստոնյաները պատրաստ էին լինում նահատակության։ Մենք հիշում ենք մեր սուրբ նահատակներին, ովքեր հանուն հավատքի և հայրենիքի պատրաստ են եղել իրենց կյանքը զոհելու։ Ուսումնասիրելով մեր ժողովրդի պատմությունը՝ իրապես տեսնում ենք, որ նմանօրինակ դեպքեր այսօր էլ կան։ Եվ դրա ապացույցներից մեկն է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած Արցախյան պատերազմը, որի ընթացքում մասնակիցն ու ականատեսը դարձանք մի երևույթի, երբ մեր ազգը կրկին ունեցավ բազմաթիվ անմեղ զոհեր, հավատավոր զավակներ, քաջարի մարտիկներ։ Նրանք իրենց պայքարը մղեցին հանուն մեր Հայրենիքի, հավատքի և ապագայի։ Կարող ենք ասել, որ նրանք էլ դարձան նահատակներ՝ տալով իրենց կյանքը հանուն մեր հավատքի և ժողովրդի։
- «Տիրոջ աչքում հարգելի է մահն իր սրբերի» (Սաղմ. 115:15),- ասված է Աստվածաշնչում։ Այս տարի, երբ կրկին անմեղ զոհեր ունեցանք, ի՞նչ խորհուրդ պիտի դնենք այս կիրակիի հիմքում։
- Այս կիրակի, որը կրում է Կարմիր անվանումը և հավատքի համար նահատակության խորհուրդը, ևս մեկ անգամ հիշենք ու աղոթենք մեր բոլոր նահատակ հերոսների համար։ Վաղ քրիստոնեական շրջանի մեր քրիստոնյա նահատակների օրինակն ունենալով՝ մեր սրտերում, հոգիներում ավելի ու ավելի ամրապնդենք ու մեծացնենք այն սերը, որ Աստված դրել է յուրաքանչյուրիս սրտում։ Ապրենք աղոթքով, հավատով ու հույսով՝ մեր նահատակների սխրագործությունները միշտ վառ պահելով մեր սրտերում ու մտքերում։
Վիկտորյա Մարկոսյան
Մարիետտա Խաչատրյան