«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման» հիմնադիր նախագահ, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանն է:
-Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս ծնվեց միտք՝ հիմնելու «Գիտական Արցախ» պարբերականը, և ի՞նչ նախադրյալներ կային դրա համար:
-2015 թ., երբ Սիրանուշ Պետիկյանի հետ համատեղ հիմնադրեցինք «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը, առաջին նախաձեռնություններից մեկը եղավ գիտաժողով կազմակերպելը: Առաջին միջազգային երիտասարդական գիտաժողովը հրավիրեցինք 2016 թ. սեպտեմբերին Ստեփանակերտում՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակին, իսկ երկրորդը՝ 2017 թ. սեպտեմբերին՝ նվիրված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներին, և երկու գիտաժողովների արդյունքները տպագրվեցին առանձին ժողովածուի տեսքով: Այնուհետև, հաշվի առնելով, որ Արցախում Բարձրագույն որակավորման կոմիտեի պահանջներին համապատասխանող պարբերականները քիչ են, գաղափար հղացավ ստեղծել, հիմնել պարբերական: Այդ ժամանակ ակտիվ համագործակցել ենք նաև ԵՊՀ նախկին ռեկտոր, ներկայումս հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ պարոն Արամ Սիմոնյանի հետ, ով բոլոր հարցերում մեզ աջակցել է իր պատրաստակամությամբ, գործնական քայլերով, և որպեսզի գիտական աշխարհում հանդեսն ընդունելի լինի, մենք ԵՊՀ-ի հետ համագործակցաբար ենք հիմնադրել այն:
-Ինչո՞ւ ընտրեցիք հենց «Գիտական Արցախ» խորագիրը:
-Անվանումը ծնվել է միանգամից՝ գիտություն+Արցախ - «Գիտական Արցախ»: Նպատակը և հիմնական շեշտադրումն այն է, որ Արցախը ներկայացվի գիտության դիրքերից: Հիշենք՝ Ամարասը հայոց դպրության օջախներից մեկն է: Պետք է կարողանանք այդ լույսը՝ գիտության լույսը, նաև Արցախից սփռել համայն աշխարհում: Այդ նպատակով սկսեցինք պարբերականի աշխատանքները և դրան զուգահեռ՝ կարողացանք ներգրավել նաև օտարերկրյա գիտնականների, որպեսզի ոչ թե միայն Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները ներկայացնող գիտնականներ լինեն ընդգրկված, այլ՝ մեծ աշխարհագրությամբ, և դա մեզ հաջողվեց: Հիմա էլ շարունակվում են մեր աշխատանքները և՛ խմբագրական խորհրդի, և՛ հոդվածագիրների աշխարհագրությունն ընդլայնելու համար, որպեսզի օտարերկրացիները, առնչվելով «Գիտական Արցախի» հետ, իմանան Արցախի մասին, Արցախի հայկականության մասին, նաև ծանոթանան հիմնախնդրին, իմանան օբյեկտիվ տեսակետը:
-Ի՞նչ եք կարծում՝ մենք կարո՞ղ ենք աշխարհին զարմացնել մեր գիտությամբ:
-Զարմացնելը հարաբերական է ներկա ժամանակաշրջանում, բայց հայ ազգը աշխարհին տվել է ականավոր գիտնականներ, որոնց ցանկը հայտնի է բոլորիս, և հայի՝ գիտությամբ զբաղվելու, գիտական մեծ ներուժ ունենալու գենն աստիճանաբար կատարելագործվում է, ու պետք է կարողանանք դա շարունակել:
-Որքանո՞վ եք կարևորում գիտության դերը երկրի վերաշինության, ծաղկման ճանապարհին:
-Երբ ասում ենք գիտություն, առաջին հերթին պատկերացնում ենք գաղափար, նորույթ, դրանց կիրառական նշանակությունը և այլն: Հայ ազգի՝ որպես հին ազգի գոյության գրավականներից մեկն էլ գիտության լույսն է՝ լուսավորականությունը: Եկեղեցու և լուսավորականության շնորհիվ է, որ գոյություն ունենք մինչև հիմա, և այնքան ժամանակ կշարունակենք մեր գոյությունը, որքան մենք սերտորեն կապված լինենք գիտության, լուսավորության հետ, որովհետև առանց գիտության առաջընթաց ապահովել հնարավոր չէ մարդկային կենսագործունեության ոչ մի բնագավառում: Աշխարհի ցանկացած զարգացած երկիր հաջողությունների է հասել գիտության միջոցով: Այսինքն՝ եթե գիտությունը, գիտելիքը պրակտիկ դաշտ չբերենք, չհզորանանք, վտանգված կլինի նաև հայության, Հայաստանի ու Արցախի ճակատագիրը:
-Ինչպիսի՞ն եք պատկերացնում մեր գիտությունը տարիներ անց:
-Այս պահի դրությամբ ինքս գոհ չեմ պետության կողմից հատկացվող ուշադրությունից, տրամադրվող միջոցներից, հատկապես՝ ընդդեմ հայագիտության տարվող բացասական աշխատանքից: Անհրաժեշտ է, որ կիրառական նշանակություն տրվի գիտությանը, և գիտության արդյունքով մեր անվտանգությունը ապահովվի, քաղաքացին Հայաստանում և Արցախում անվտանգ զգա իրեն:
-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին:
-Նախևառաջ ցանկանում եմ մաղթել խաղաղություն, աշխատասիրություն, նպատակասլացություն, հայրենիքը սիրելու, շենացնելու կամք, վճռականություն, և որ կարևորագույնն է, միասնականություն, միավորվելու և թշնամու դեմ միասնական պայքարելու, հզորանալու կամք:
Պատրաստեց
Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ