Աստված ուժ է, խոհեմություն, սեր ու կատարելություն: Հնարավոր չէ պարտադրված հետևել Աստծո խոսքին, այդ ցանկությունը, անհրաժեշտությունը բխում է մարդու սրտից:
“Qahana.am” կայքի այսօրվա զրուցակիցը երգիչ Ներսիկ Իսպիրյանն է, ով միշտ սեփական հոգու թելադրանքին է հետևել:
Ինչպե՞ս եք վերաբերում կրոնին:
Քրիստոնեությունը մեր երկրի պետական կրոնն է: Եկեղեցին մեզ համար ոչ թե խորհրդանիշ է, այլ հոգու զգացմունք: Ինչպես մեր ժողովուրդն է ասում՝ «Կաթի հետ մտել է, արյան հետ կերթա»… Հայ ժողովուրդը եկեղեցու հանդեպ պետք է միշտ լինի խոհեմ և անդավաճան: Քրիստոնեական առաքինությունը, որը ձեռք ենք բերել 1700 տարի առաջ, մեզ ամենահամահունչ հոգևոր զգացմունքն է, մեր ժողովուրդն էապես այդպիսին է…
Հաճա՞խ եք այցելում եկեղեցի: Սիրո՞ւմ եք Ձեր խոհերով կիսվել Աստծո տանը:
Թե սփյուռքում, թե հայրենիքում հաճախ եմ գնում եկեղեցի, ամսվա մեջ 3-4 անգամ՝ պարտադիր: Մասնակցում եք Սուրբ Պատարագների՞ն:Իմ խորին համոզմամբ՝ պետք է կարողանաս իրապես կապվել հոգևոր արժեքներին: Աստծուն թողնես քո հոգու մեջ, որպեսզի աստվածային սնունդ ստանաս: Անկեղծ ասած՝ երբեմն եմ մասնակցել Սուրբ Պատարագների: Հաճույքով եմ լսում հոգևոր երաժշտություն, շարականներ…
Իսկ ինչպե՞ս եք սիրում աղոթել:
Գիտեք, աղոթքներ կան, որ հասկանում եմ, աղոթքներ էլ կան՝ ոչ… Բայց մայրիկիցս սովորել եմ Աստծու հետ խոսել սրտանց, իմ խոսքերով: Կարծում եմ, Աստված ինձ տալիս է… Դժվար պահերին զգո՞ւմ եք այդ օգնությունը:Իհարկե, իմ 50 տարիների ընթացքում միշտ զգացել եմ Աստծո օգնությունը: Դժվար պահերին միշտ օգնել է ինձ, միշտ եղել է կողքիս: 18 տարի ապրել եք հայրենիքից դուրս:
Այնտեղ մարդիկ կապվա՞ծ են եկեղեցուն:
Այնտեղ էլ այստեղի պես է. մարդկանց մի մասը շատ կապված է իր եկեղեցու հետ, մյուս մասն անտարբեր է: Եթե մարդիկ քրիստոնեական առաքինությունը պատկերացնեն, հասկանան ու գիտակցեն, միմյանց վատը չեն կամենա, նախանձ չեն լինի: Ընդհակառակը, հայրենասեր կլինեն, կրոնին կառչած, ու սերն ու հարգանքն անպակաս կլինեն… Իսկ հիմա դա շատ է պակասում…
Այդ սիրո ու հարգանքի պակասը հավատքի՞ պակասի արդյունք է:
Կարծում եմ, եթե լիարժեք, խելացի ձևով հավատքդ ընդունես, չի պակասի… Ճիշտ չէ եկեղեցի գնալ միայն այն բանի համար, որ նեղն ես ընկել, առարկայական խնդիր ունես, կամ ցանկանում ես մոմ վառել: Պետք է հասկանաս, թե քրիստոնեական առաքինությունը որն է:
Հավատո՞ւմ եք, որ մահկանացուն կարող է 10 պատվիրաններին լիարժեքորեն հետևել:
Կարծում եմ, աշխարհում չկա այնպիսի մարդ, որ այդ պատվիրաններին անվերապահորեն հնազանդվի: Բոլորի մոտ էլ կան սայթաքումներ, թերացումներ… Երկրագնդի վրա իդեալական մարդ չկա…
Նելլի Մարգարյան