«Ես դեռ իմ մեջի եկեղեցին չեմ շինել, այն կիսակառույց է». Խաչիկ Եղոյան

«Ես դեռ իմ մեջի եկեղեցին չեմ շինել, այն կիսակառույց է». Խաչիկ Եղոյան

  Մեզանից յուրաքանչյուրն ապրում ու աշխատում է՝ ի բարօրություն իր ընտանիքի, շրջապատի, սեփական հարմարավետության, ձեռքբերումների ու հաջողությունների: Սակայն բոլորս Աստծո զավակներն ենք ու պետք է մտածենք նաև ի նպաստ մեր հավատքի ու մեր եկեղեցու: Յուրաքանչյուր մասնագիտություն արժեք է ստանում, երբ այն օգտակար է հնարավորինս շատերին, բայց, առավել ևս, մեր ԽՂՃԻՆ ու մեր ՀՈԳՈՒՆ… Qahana.am-ն այսօր հյուրընկալել է ռեժիսոր Խաչիկ Եղոյանին: Նրա հետ կփորձենք հասկանալ հասարակություն-եկեղեցի հարաբերությունների, ժամանակի ամենամեծ չարիքի ու յուրաքանչյուրիս հոգու զարթոնքի մասին: Ի՞նչ խանգարող, խոչընդոտող հանգամանքներ կան հասարակություն-եկեղեցի հարաբերություններում:Շատերն են ցանկանում հավատալ Աստծուն, նրանցից ոմանք վստահ են Տիրոջ գոյության իրականությանը: Ես կարծում եմ՝ երբեմն չափազանց խստությունն է խուճապի առիթ դառնում: Մարդկանց կարելի է նուրբ մատուցման միջոցով բերել հավատքի, մարդկանցից շատերն են ուզում բարի լինել, իսկ մեր կրոնը բարության տիպիկ պատկերն է: Հավատքը կամ ծնվում է մեզ հետ, կամ արթնանում է տարբեր իրավիճակներում: Ձեր մեջ այդ արթնությունն ինչպե՞ս կայացավ:Ես չեմ գիտակցել իմ հավատքի սկիզբը: Կարծում եմ՝ այն ինձ հետ է ծնվել, ու ես կամաց-կամաց, Աստծո կողմից տարբեր փորձություններով հասել եմ ավելի ամուր հողի: Համոզված եմ, որ Նա կա: Վստահ եմ, որ ինձ փրկելու կամ դատելու է միայն Քրիստոս: Փոքր տարիքում եմ մկրտվել: Պատմում են, որ սկսել եմ լացել, երբ տեսել եմ ոսկյա խաչը, որը պետք է պարանոցիս հագցնեին: Պատճառն այն էր, որ պահարանի դռան առջև ընկած հասարակ, պլաստմասից պատրաստված Երուսաղեմի խաչ էի տեսել: Պնդում էի, որպեսզի դրանով մկրտեին: Ծնողներս դեմ էին, բայց ի վերջո ես Աստծո կամոք հասա իմ ուզածին: Այժմ այդ՝ ինձ համար շատ կարևոր խաչը սրբորեն եմ պահում. այն հիմա զարդարում է մեքենայիս հայելին և պաշտպանում ինձ: Մեծացել եք աթեիստական ժամանակաշրջանում, երբ հավատքը երկրորդական էր: Իսկապե՞ս 80-ականների երեխաները քիչ էին լինում Աստծո տանը:Ես համաձայն չեմ, որ աթեիստական էր ժամանակը… Այո, Սովետական Միության ազդեցությունը դեռ կար, բայց միևնույնն է, հավատքն ուժ էր ծնում: Կարծում եմ, որ նույնիսկ արգելված այն ժամանակներում մեր ժողովուրդն ուժեղ էր իր հավատքով, ինչի համար Փառք Աստծոն: Շատերը բողոքում են, որ Աստված իրենց ձայնը չի լսում, չի պատասխանում: Դուք երբևիցե «Աստծո պատասխանը» լսե՞լ եք…Աստծո պատասխանը, Աստծո հայացքը, չծիծաղեք, եթե ասեմ՝ նույնիսկ Քրիստոսի ժպիտը, ինձ հետ են ամեն օր, ես ապրում եմ այդ ամենով… Ես կարծես Հսկիչ ունեմ, ու այն իմ մեջ է: Երբեմն մեր երկրորդ եսը, որ գրեթե միշտ առաջանում է մեր բոլորի մեջ, հաղթում է հենց այդ Հսկիչով՝ Աստծով: Եթե ես կորցնեմ Նրան, ուրիշ մարդ կդառնամ՝ վտանգավոր ու անիմաստ: Այն մարդիկ, ովքեր ուզում են Աստծուն ձայնով լսել (թեպետ, ես հավատում եմ, որ մեզանից շատերին երբեմն Աստված այդ շնորհը կընծայի), հիմնականում նյութականացված մարդիկ են, որ սպասում են Աստծո լսելի և շոշափելի պատասխանին: Այդ մարդիկ ուղղակի ունեն նայվածք՝ հայացքի փոխարեն: Այս թեմային համահունչ՝ կցանկանամ մեջբերել Ս. Հովհան Ոսկեբերանի խոսքը. «Աստված և՛ տալիս և չի՛ տալիս (խնդրածը), և՛ այն, և՛ այս անում է օգուտի համար: Այնպես որ ստացար կամ չստացար` դու ստանում ես շնորհիվ այն բանի, որ չստացար, հաջողեցիր կամ չհաջողեցիր` դու հաջողեցիր շնորհիվ այն բանի, որ չհաջողեցիր…» Եթե չեմ սխալվում, երկու անգամ եղել եք Երուսաղեմում: Ձեր մեջ ինչ-որ փոփոխություն զգացի՞ք, երբ առաջին անգամ ոտք դրեցիք այնտեղ:Առաջին անգամ ես շոկի մեջ էի, իմ մեջ առաջացավ Սուրբ Պատարագներին ներկա լինելու պարտադիր որոշում: Դա էր հիմնական փոփոխությունը: Սակայն առաջին անգամ ես աշխատանքի բերումով էի այնտեղ, ուստի, չէի կարողանում լիարժեք ուխտավոր լինել, ու երբ բոլորը աղոթքի համար ծնկում էին, ես՝ տեսախցիկը ձեռքիս, մտովի աղոթում ու ներողություն էի խնդրում Աստծուց իմ ոչ լիարժեք մասնակցության համար: Զգացի ցանկություն և պարտավորություն՝ երկրորդ անգամ այցելել: Մարդիկ գիտեն, քիչ թե շատ գիտակցում են, թե հավատքը, կրոնը, եկեղեցին ինչ դեր ունի իրենց կյանքում, ի՞նչ կարող է անել իրենց համար: Իսկ մե՞նք ինչ կարող ենք անել եկեղեցու համար: Օրինակ դուք, որպես անհատականություն, մինչ այժմ ի՞նչ եք արել կամ պատրաստվում եք անել…Այն, թե ես Հայոց եկեղեցու համար ինչ եմ արել կամ ինչ եմ պատրաստվում անել՝ չեմ ասի, որովհետև այն, ինչ անհայտ կլինի այստեղ, ապա անպայման հայտնի է Հորը, Ով երկնքում է… Ես դեռ իմ մեջի եկեղեցին չեմ շինել, այն կիսակառույց է: Երբեմն այն ուզում եմ հասցնել ավարտին, բայց բարբարոսների կողմից քանդվում և նորից կառուցման ենթակա է լինում: Չգիտեմ, երբևիցե այն լիարժեք կվերջացնեմ թե ոչ, բայց մի բան գիտեմ, որ շատ կարևոր է. «շինարարությունը»՝ իմ հոգու, ներսի եկեղեցու «շինարարությունն» ամեն օր, ամեն վայրկյան և ամեն ժամ է լինում:Մենք պիտի կառուցենք մեր ներսինը, այն չկառուցած կամ գոնե կառուցման փուլում չլինելու դեպքում մեր երկրի եկեղեցիներին ինչ որ բան անելը զուր կլինի, անօգուտ ու սին: Ուղղակի շատ գումար նվիրելը մկրտությունների, հարսանյաց հանդեսների կամ որևէ այլ միջոցառումների ժամանակ՝ չունենալով ներսում հավատքի ներքին կառուցումը, փուչ է: Մասնագիտությամբ ռեժիսոր եք, նկարահանում եք ֆիլմեր, տեսահոլովակներ, չե՞ք ուզում անդրադառնալ հոգևոր թեմային:Հոգևոր թեմային ես բազմիցս եմ անրադարձել, դրանցից մեկը հենց Աննա Խաչատրյանի կատարմամբ «Տիրամոր գովք» երգի հիման վրա նկարահանված վավերագրական տեսահոլովակն էր, որի նպատակով էլ առաջին անգամ այցելել էի Երուսաղեմ:Աննա Խաչատրյան «Տիրամոր գովք»Իմ տարբեր գործունեություններում երևում է հոգևորի ներկայությունը՝ որոշ գործերում շատ նուրբ ակնարկի տեսքով, որոշներում`ակնհայտ: Աշխարհում մարդիկ այսօր կարծես շատ են չարացած: Ինչի՞ց կարող է դա լինել:Ես կարծում եմ, որ մարդկությունը միշտ անբավարարված է: Բնականաբար, դրանից բխում է նաև չարությունն՝ իր տարբեր դրսևորումներով: Կարծում եմ, ձեր հարցին պատասխանի ևս մեկ տարբերակ կա. արդեն իսկապես մոտ է դատաստանի ժամանակը, և կատարվում է գրվածը, որ չարը պիտի գահակալի մինչև մեր Փրկիչ և Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը… Աստված բոլոր հարաբերություններում կարևորում է սերը… Դո՞ւք մարդկային հարաբերություններում ի՞նչն եք առավել կարևորում:Միմիայն ՍԵՐԸ՝ բոլոր հարաբերություններում, Սերն՝ իր բարոյական նորմերով: Ըստ ձեզ ո՞րն է մեր ժամանակների ամենամեծ չարիքը:Սնահավատությունը, մարդկային մեծամտությունն ու ինքնավստահությունը, որոնց պատճառով շատ անգամ մարդիկ սահմռկեցուցիչ դատավճռի են արժանանում: Ի վերջո, մեր ժամանակների մեծագույն չարիքը անհավատությունն է: Խաչիկ, շնորհակալ ենք հետաքրքիր, աստվածահաճո և ուսուցողական զրույցի համար: Որպես աստվածապաշտ երիտասարդ՝ ինչպե՞ս կեզրափակեք մեր զրույցը:Որոշ չափով աղոթք-խոսքս հղում եմ մեր ժողովրդին՝աշխարհում իմ կողմից ամենաշատ սիրված ազգին. ես իմ կյանքը դրել եմ Աստծո ձեռքերի մեջ ու այլևս տեր չեմ իմ օրերին, ժամերին, միայն տեր եմ իմ քայլերին և ապրելով մարդկային մեղավոր կյանքում՝ փորձում եմ հնարավորինս ապրել զգույշ, քիչ մեղանչելով, իսկ խղճիս ցավերի դեպքում զգում եմ զղջալու կարևորությունն ու ծնկի գալիս մեր Հոր առաջ՝ հիշատակելով մեր Փրկչի՝ Հիսուսի խաչելությունն ու մեր մեղքերն իր վրա վերցնելը: Հավատացե՛ք, իմ թեթևանալով ես հասկանում եմ ներում ստանալս ու շարունակում եմ ապրել մարդկանց երջանկացնելու, ծնողներիս ժպիտ պարգևելու, առաքելությունս կատարելու ու այդ ամենը՝ ոչ թե հարստություն դիզելու կամ շքեղ մեքենա ու տուն ունենալու համար, այլ ի փառս Աստծո: Ավելի պարզ ասած՝ պետք է մեր ֆիզիկական վիճակը օգտագործենք հոգեկանը ձևավորելու համար:Խնդրում և աղերսում եմ ձեզ՝ գեթ մեկ վայրկյան անգամ չկասկածել, որ Աստված լսում է բոլորիս աղոթքները: Ուզում եմ, որ վստահեք Աստծուն, դուք էլ ունենաք հույս, սեր և հավատ, և թո՛ղ Աստված օրհնի ու խաղաղեցնի ձեր բոլորի ընտանիքները: Ամեն: Նելլի Մարգարյան

  • 2021-10-20
×