«Աստծո ներկայությունը ավելի նկատելի էր ինձ համար իմ մկրտության օրը, ու սկսած այդ օրվանից մինչև այսօր». Ջավահիր Եղիկյան
Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է «Ես կամ» հաղորդաշարի հեղինակ և սցենարիստ Ջավահիր Եղիկյանը:
Ինչպե՞ս ծնվեց «Ես կամ» հաղորդաշարի գաղափարը: Ինչո՞ւ այն կոչվեց «Ես կամ»:
Ի սկզբանե կար միտք՝ ստեղծել հաղորդաշար երազանքների հետ կապված, որովհետև դա հենց այն «իմաստն է», որի համար ապրում ենք, ուր մնաց, թե դա հեռուստաեթերում երևա: Անընդհատ մտածում էի, թե ում շուրջ կկառուցեմ, ովքեր կլինեն հերոսներս: Եվ մի առիթով ընկերներով խոսում էինք մանկությունից, ես սկսեցի պատմել, որ հորս բուժման նպատակով ծնողներս երկար ժամանակ Հայաստանում չէին, ես հիվանդանոցում էի, միակ խնամողս տատս էր, ով մեկ տարի առաջ երկրաշարժի հետևանքով կորցրել էր երկու որդիներին, ու այդ սգի մեջ հանուն ինձ ու երկու փոքրիկ եղբայրներիս շարունակում էր ապրել: Իսկ ես հավատում էի, որ հայտնվելու է «բարի փերին» ու ուրախացնելու է բոլորիս, բայց «բարի փերին» չհայտնվեց, հայրս մահացավ, իսկ տատիս ցավը կրկնապատկվեց, այսինքն՝ իմ մանկության տարիներին յուրաքանչյուր փրկություն տեսնում էի «բարի փերիով» ու սպասում էի նրան:
Հենց այդ օրը, մանկությունիցս խոսելով, ես գտա իմ հերոսներին: Նրանք հենց երեխաներն էին, ովքեր չունեին անհոգ մանկություն ու փնտրում էին իրենց «բարի փերիին»: Եվ որոշեցի, որ կլինեմ նրանց «բարի փերին» և կաշխատեմ իրականացնել նրանց երազանքները:
Հաղորդաշարը կոչվում է «Ես կամ», որովհետև հաղորդման հերոսներն այն երեխաներն են, ովքեր ունեն մութ ճակատագրեր ու նրանց մասին շատերը չգիտեն: Նրանցից յուրաքանչյուրը հենց այս հաղորդման միջոցով կկարողանա ասել. «Ես կամ»:
Հաղորդաշարի կայացման հարցում իր կարևոր ներդրումն ունի ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Շահե քահանա Հայրապետյանը: Ինչո՞վ էր պայմանավորված քահանայի ներգրավումն այս գործում:
«Ես կամ» հաղորդման հաղորդավարը պետք է լիներ օրինակելի մարդ, հոգատար հայր կամ մայր, ով իր բարոյական սկզբունքներով ու մաքուր կենսակերպով կկարողանար ազդել հեռուստադիտողի վրա: Չէ՞ որ նույն հեռուստադիտողների մեջ են նաև այն ծնողները, ովքեր երեխաներին թողնում են մանկատներում, ինչ-ինչ պատճառներով լքում են ընտանիքները և այլն: Տեր Շահեն` այս ազնիվ մարդը, հոգատար հայրը, բարի պապիկը, նվիրյալ քահանան հենց այն տեսակն ու որակն է, ով ունի բոլոր ունակությունները երեխաներին հասկանալու:
Ընտանեկան, սոցիալական, առողջական խնդիրներ ունեցող երեխաների կյանքում շատ բան է փոխում Ձեր հեղինակած հաղորդաշարը: Իսկ ի՞նչ փոխեց այն Ձեր կյանքում:
Երանելի զգացողություն է, երբ կարողանում ես իրականացնել որևէ մեկի երազանքը, երբ ամեն նկարահանումից հետո տեսնում եմ երեխաների շնորհակալ հայացքները, երջանկությունից փայլող աչուկները և այն, որ նրանք հավատում են՝ «Ես կամի» միջոցով երազանքներն իսկապես իրականանում են: Այս ամենից ես ավելի եմ ամրանում իմ առաջ դրված նպատակի մեջ:
Ե՞րբ առաջին անգամ լսեցիք Աստծո մասին: Ի՞նչ տեղի ունեցավ Ձեզ հետ:
Աստծո մասին պատկերացումները գալիս են այն տարիքից, երբ դու կարողանում ես գիտակցել: Ժամանակի հետ ունեցա հավատն առ Աստված: Աստծո ներկայությունը ավելի նկատելի էր ինձ համար իմ մկրտության օրը, ու սկսած այդ օրվանից մինչև այսօր: Մշտապես ասես լսեմ Աստծո ձայնը, զգում եմ, որ կա երկնային տերը, ով ինձ հեռու է պահում վտանգից, սխալներից և վատ մարդկանցից: Այո, ես շրջապատված եմ շատ լավ մարդկանցով, դա ևս Աստծո կամքով է: Չէ՞ որ այդօրինակ մարդկանց ներկայությունից ավելի հանգիստ կարող ենք ապրել:
Առօրյա հոգսերից ելնելով՝ այսօր մարդիկ մի քիչ հեռացել են Աստծուց: Ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց:
Մարդկային իմաստության ամենավերին գագաթը դա իրավիճակներին հարմարվելու և ներքին հավասարակշռությունը պահպանելու կարողությունն է: Ինչպիսի դժվարին պայմաններում էլ, որ մենք հարկադրված լինեք ապրել, հոգով չպետք է ընկճվենք, այլ հիշենք, որ մեր գլխավոր արժանիքը նաև դժվարությունները հաղթահարելու համառությունն է: Իսկ այս ամենին հասնելու ճանապարհն ավելի հարթ կլինի Աստծո նկատմամբ ունեցած մեր հավատով:
Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:
Ուզում եմ, որ մարդիկ չլինեն անտարբեր, ոչ մի դեպքում չկոտրվեն ու չհուսալքվեն և հավատան, որ բարի ցանկությունները միշտ էլ իրականություն են դառնում: