«Յուրաքանչյուրիս մեջ Աստված կա: Պետք է գտնել Նրան և լսել Նրա ձայնը»: Շահէ Քեշիշեան

«Յուրաքանչյուրիս մեջ Աստված կա: Պետք է գտնել Նրան և լսել Նրա ձայնը»: Շահէ Քեշիշեան

Դուք ծնվել և մեծացել եք Սիրիայում: Քրիստոնյայի համար որքանո՞վ էր հեշտ կամ դժվար ապրել իսլամական միջավայրում:
Ճիշտ է, մենք ապրում էինք իսլամական երկրում, բայց չպետք է մոռանանք, որ ցեղասպանության տարիներին արաբ ազգը մեզ շատ է օգնել, շատ բարյացակամ է եղել մեր նկատմամբ: Հայ համայնքն այնտեղ շատ հարգված է  եղել: Մինչև պատերազմը մենք չէինք զգում, որ մեր երկրում չէինք ապրում:

Ինչպե՞ս տեղի ունեցավ Ձեր վերադարձը հայրենիք:
Հայրս Սիրիայի կոմունիստական բյուրոի անդամ էր և միշտ մեզ խրախուսում էր տեղափոխվել Հայաստան: Սակայն հորս մահից հետո ես եկա Երևան, ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա, ապա ծանոթացա ապագա կնոջս հետ, ով երևանցի է. այդ ամենը նպաստեց, որ կապվեմ Հայաստանի հետ: Ավարտելուց հետո վերադարձանք Սիրիա և երկուսս էլ ծավալուն գործունեություն ունեցանք այնտեղ, բայց երազում էինք վերադառնալ Հայաստան: Պատերազմը արագացրեց մեր երազանքի իրականացումը:

Արարատյան Հայրապետական թեմի «Զանգակներ» խմբի խմբավարն եք: Ո՞րն է Ձեր խմբի առաքելությունը:
Աստծո կամքն էր, որ ստեղծվեց «Զանգակներ» խումբը: Ես երգչախմբային խմբավար եմ: Երբ ինձ առաջարկեցին այս խումբը ստեղծել, եկա, ծանոթացա գործիքներին, շատ հավանեցի և սկսեցի խումբ հավաքել: Սկզբում շատ դժվար էր, բայց մենք հաղթահարեցինք այդ դժվարությունները: Այս գործիքները լսողները կվկայեն, որ դրանք խաղաղություն, հանգստություն են տարածում: Հավաքվեց աղջիկների խումբ, ովքեր իրենց բնավորությամբ, իրենց կերպարով շատ նման են իրենց գործիքներին:

Ի՞նչ դեր ու նշանակություն ունի հավատն առ Աստված Ձեր կյանքում:
Ըստ իս, առանց հավատի կյանք գոյություն չունի: Ինչպե՞ս կարող ես խաղաղ ապրել, երբ չգիտես, թե ով է քեզ տիրություն անում, ում ես վստահում: Մեր փոքրիկը ծնվեց մեր ամուսնությունից 12 տարի անց, չնայած բժիշկները ոչինչ չէին բացահայտում: Այդ ընթացքում, անձամբ ես իմ մասին կարող եմ ասել, որոշակի հոգևոր մաքրագործումից հետո, ինքս ինձ վրա աշխատելուց հետո կարճ ժամանակ անց մենք երեխա ունեցանք: Այսինքն՝ ինչ-որ «մեկն» ինձ հուշեց, որ ես մաքրվելու կարիք ունեմ, որպեսզի ինձնից ծնվի մաքուր երեխա: Փառք Աստծո, որ կապն Աստծո հետ կա:

Ինչպե՞ս գտաք Աստծուն Ձեր մեջ:
Աստված հաճախ էր ինձ կանչում տարբեր առիթներով. երբեմն լսում էի, երբեմն՝ ոչ, բայց լավ ունկնդրելու աշխատանքը վերջերս տեղի ունեցավ:
Հալեպում շատ հաջող ելույթ ունենալուց հետո հաջորդ օրը ավտովթարի ենթարկվեցի, որովհետև այդ համերգից հետո ես մտածում էի, որ ես եմ, ինձ հավասարը չկա: Դա փորձություն էր ինձ համար: Փառք Աստծո, որ Աստված ինձ արթնություն է շնորհել, որ ես տեսնեմ կամ կարդամ խորհուրդն Իր կամքի: Փառահեղ աղոթք է «Զղջում»-ը, որի մեջ խոսվում է հպարտության մասին, որպես մահացու մեղք: Շատ հստակ էր, որ այդ ամենն ինձ հետ պատահեց հպարտության մեղքի համար: Աստված մեզ փորձությունների տանելով ճիշտ ճանապարհի վրա է կանգնեցնում: Քրիստոսն ասում է. «Սիրիր քո թշնամուն»: Սերը կարծես վիտամին տարածի մարդու մարմնի մեջ: Սիրենք միմյանց և ներողամիտ լինենք:

Ձեր փոքրիկը մկրտված է: Ի՞նչ է մկրտության խորհուրդը Ձեզ համար:
Կամա, թե ակամա բոլորս մեր գեների մեջ կրում ենք Ադամից եկած մեղքը: Աստված մարդացավ, մկրտվեց և մեզ համար օրինակ ծառայեց, որպեսզի մենք երկրորդ անգամ ծնվենք ջրից և Ս. Հոգուց և մաքրվենք այդ գենետիկ մեղքից, ապա սկսենք ապրել մեր կյանքով և հաշիվ տանք ոչ թե ադամական, այլ մեր մեղքերի համար: Այս պահին ես եմ փոքրիկիս հովանավորը և պետք է օգնեմ իրեն, որ լվացվի այդ մեղքից, իսկ հետո քրիստոնեական դաստիարակություն ստանա:

Ձեր մաղքանքը մեր ընթերցողներին:
Մաղթում եմ, որ բոլորի հավատքն աճի, մեծանա, զարգանա: Յուրաքանչյուրիս մեջ Աստված կա: Պետք է գտնել Նրան և լսել Նրա ձայնը:

Արևիկ Համբարյան

  • 2021-10-18
×