Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է սիրված հաղորդավար Ժակը (Հակոբ Պապիկյան):
Ձեր հաղորդումների շրջանակում շատ հաճախ հրավիրում եք հոգևորականների և լուսաբանում հոգևոր թեմաներ: Ի՞նչ հարցեր են սովորաբար հետաքրքրում հեռուստադիտողներին:
Շատ հաճախ ինչպես հեռուստադիտողներին, այնպես էլ մեզ, որպես հեռուստադիտողների ներկայացուցիչների, հետաքրքրում են որոշ հարցեր, օրինակ՝ ինչո՞ւ ենք միայն պահքի շրջանում պարտավորվում հոգեպես մաքրվել, լինել բարի, լինել այնպիսին, ինչպիսին պահանջում է պահքի շրջանը: Նման հարցադրումներ անելով մեր խնդիրն է հոգևորականների իմաստուն ու խոհեմ խոսքի միջոցով ստանալ այնպիսի պատասխան, որը կարող է հանդարտեցնել մարդկանց: Լավ հոգևորականը լավ հռետոր է և կարող է շատ հարցերի ստույգ ու կոնկրետ պատասխաններ տալ:
Դուք երբևէ պահք պահե՞լ եք:
Սիրում եմ պահքի շրջանը, մարդկանց, ովքեր այս շրջանում պահք են պահում: Մտածում եմ, որ նրանցից յուրաքանչյուրն ուզում է ինքնամաքրման գնալ, դեպի Աստված քայլ կատարելու իր ձևի մեջ անկեղծ է ինչ-որ չափով: Ես էլ փորձում եմ չխախտել աստվածային կանոնները, մեր Արարչի կողմից տրված պատվիրանները: Կինս պահք պահել է, ես՝ դեռ ոչ: Սպասում եմ հատուկ մի նշանի, հատուկ մի բանի, որ պիտի կատարվի: Կհասունանա հոգեվիճակը և ես էլ պահք պահելու անհրաժեշտությունը կունենամ:
Ինչպե՞ս առաջին անգամ հանդիպեցիք Աստծուն և ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:
Ինչպե՞ս ես որոշեցի ընտրել իմ ճանապարհը: Ինձ թվում է, որ ամեն ինչի մեջ Աստծո նախախնամությունը կա: Ես չէի կարող պատկերացնել, որ կգա ժամանակ, որ կհայտնվեմ հանրային ուշադրության կենտրոնում, կզբաղվեմ հետաքրքիր գործով, կհանդիպեմ մեր արվեստի մեծամեծերին: Շնորհակալ եղա Աստծուն ավելի հասուն տարիքում, որ ինձ հնարավորություն տրվեց լինել ուժեղ, ծառայել մարդկանց, բարի ու լավ գործ անել: Աստված հուշեց և ճիշտ ճանապարհի վրա դրեց ինձ:
Հաճա՞խ եք աղոթում:
Աղոթքս կարող է լինել շատ սովորական և ստեղծված իմ բառերով: Իհարկե, կան տարբեր աղոթքներ, աղոթագրքեր, որ ընթերցել և պարբերաբար ընթերցում եմ: Ես ավելի մոտ եմ Աստծուն, երբ բնությանն եմ մոտ, երբ մոտ եմ ջրին: Ամեն օր քնելուց առաջ խնդրում եմ Աստծուն հասնել այն մարդկանց, ովքեր այժմ ցավ են ապրում: Իսկ ինձ համար Աստծուց խնդրել եմ, որ չկորցնեմ հետաքրքրությունն այն ամենի նկատմամբ, ինչ ես անում եմ: Դա ստեղծագործական, աշխատանքային ընթացքն է:
Ձեր դուստրը մի քանի տարի է, ինչ մասնակցում է Արարատյան Հայրապետական թեմի և Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված Ս. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսին: Հոգևոր զրույցներ ունենո՞ւմ եք Ձեր դստեր հետ:
Զրույցները Սիլվիկի հետ հաճախ չեն, բայց ժամանակ առ ժամանակ լինում են, հատկապես ցուցահանդեսի օրը, երբ տարբեր հարցեր է տալիս, ապա միասին քննարկում ենք: Մանկական Աստվածաշնչից դրվագներ ենք ընթերցել նրա համար: Սպասում եմ, որ կգա ժամանակ, երբ ինքը կվերցնի Ս. Գիրքն իր ձեռքը և կընթերցի: Մենք չենք պարտադրում, այլ ուղղորդում ենք դրան:
Դուք հաճա՞խ եք ընթերցում Աստվածաշունչը:
Ոչ հաճախ: Լինում են պահեր, երբ քեզ ձգում է Աստվածաշունչը, կարծես այդ պահին ստեղծվում է քեզ համար այդ տաս րոպեն դադարի, լռության, երբ վերցնում ես այն և սկսում թերթել, կարդալ, ինչ-որ բաներ վերհիշել: Աստվածաշնչի ընթերցանությունը, եկեղեցու պատերի ներքո հայտնվելը, պատարագներին ներկա գտնվելը, հոգևոր խաղաղությունը նախապայմաններ են ստեղծում դեպի Աստված մտքերը զարգացնելու համար: Մեր նոր բնակարանը գտնվում է եկեղեցու հարևանությամբ: Ամենահաճելի պահն է, երբ վաղ առավոտյան լսում ես եկեղեցու զանգերի ղողանջները, շարականների կատարումը:
Ձեր ընտանիքը ինչպե՞ս է նշում Ս. Հարության տոնը:
Ս. Հարության տոնը ամենասիրելի տոներից մեկն է մեզ համար: Մեր երեխային բացատրում ենք տոնի խորհուրդը, ուտեստների համապատասխան տեսակների ընտրության իմաստը: Տոնը նշում ենք մեր ծնողների հետ մեր նոր բնակարանում:
Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:
Ընտրենք լույսի և բարության ճանապարհը և գնանք դրանով: Լցվենք իմաստությամբ, համբերությամբ և սիրով: Սիրով լցված մարդը պատրաստ է հենց այնպես բարի գործ անել: Բարին և լուսավորը կատարելու ընթացքում Աստված մեզ հետ է լինում:
Արևիկ Համբարյան